Նիկոլին բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ կմնա Հայաստանի պետականությունից, իր խնդիրը հնարավորինս արագ հնարավորինս շատ օգուտ քամելն է․ Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արևմտամետները Հայաստանի ապագան տեսնում են արևմտյան բլոկում։
Ռուսամետները Հայաստանի ապագան տեսնում են Ռուսաստանի կողքին (արևմտամետները սրան կասեն՝ «ռուսի շվաքի տակ»)։
Թուրքամետները (առնվազն մեկ օլիգարխիկ գերդաստան) տեսնում են Հայաստանի ապագան Թուրքիայի փոքր, հնազանդ և անլեզու «եղբոր» դերում։
Վերոնշյալ 3 ճամբարների տեսլականներն էլ ենթադրում են Հայաստանի պետականության պահպանություն ինչ-որ ձևաչափով, գոնե թղթի վրա։ Եթե ոչ պետականության, ապա գոնե ինչ-որ ինքնավարություն ունեցող բնակչության, հակառակ դեպքում Հայաստանում իրենց կարողություններն այլևս կոպեկ չեն արժենա։
Բայց կան նաև այլ ճամբարներ…
Ռուսատյացները պատրաստ են Հայաստանը որպես պետություն մատաղ անել, միայն թե այն չլինի Ռուսաստանի «շվաքի տակ»։
Հակաարևմտյանականներն էլ իրենց հերթին պատրաստ են Հայաստանին փուռը տալ, միայն թե այն չգնա դեպի «պիղծ Եվրոպա» (այնպես չէ, որ 2018-ից այս կողմ ԵՄ-ին գեթ մեկ սանտիմետրով մոտեցել ենք, բայց ինչևէ…)։
Իսկ այս ամենի վերևում մի մարդ է, Նիկոլ անունով, որին չեն հետաքրքրում ոչ -պետությունը, ոչ -մոլությունը, ոչ էլ -ատյացությունը։
Նա պատրաստ է Հայաստանը մաս-մաս վաճառել ցանկացածին, ում կկարողանա. ռուսներին, թուրքերին, եվրոպացիներին, ամերիկացիներին, ադրբեջանցիներին:
Նրան բացարձակապես չեն հետաքրքրում, թե ինչ կմնա Հայաստանի պետականությունից, կամ ընդհանրապես հայերից այս տարածքում, իր խնդիրը հնարավորինս արագ հնարավորինս շատ օգուտ քամելն է, «հետո»-ն իրեն չի հետաքրքրում, քանի որ նա իր ապագան Հայաստանի հետ չի կապում։
Եվ ի վերջո հարց է առաջանում. որո՞նք են հայաստանակենտրոն ուժերը, որոնց ուժի աղբյուրը ազգն է և որոնք այս կամ այլ արտաքին խաղացողի հետ բանակցելու են՝ հենվելով այդ ուժի վրա, որպես հայ ազգի, այլ ոչ թե օտար շահերի ներկայացուցիչ։ Կա՞ն ընդհանրապես այնպիսի ուժեր, որոնք չեն սպասում այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի «դոբռոյին» կամ «գո-ըհեդին»»։