Ինչի՞ վրա է հույսը դրել կառավարությունը

Չնայած տարվա առաջին կեսին Հայաստանում արձանագրվել է 10,5 տոկոս տնտեսական աճ՝ կառավարությունը հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում այս տարվա համար շատ ավելի ցածր աճի կանխատեսում է դրել։ Ակնկալում է, որ տարեվերջին տնտեսական աճը կկազմի 7,2 տոկոս։

Սա նշանակում է, որ երկրորդ կիսամյակի սպասումներն այնքան էլ լավատեսական չեն։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում տնտեսական ակտիվության տեմպը բավական թուլացել է։

Ենթադրվում է, որ երրորդ եռամսյակում տնտեսական աճը կլինի 6,5-7 տոկոսի սահմաններում։

Չորրորդ եռամսյակի մասին առայժմ վաղ է խոսել, անորոշությունները բավական շատ են՝ կապված նաև արցախահայության արտագաղթի ու Հայաստանում հաստատվելու հետ։ Ամեն դեպքում, դատելով նախորդ տարվա բազային էֆեկտի ազդեցությունից՝ տարեվերջին ևս բարձր տնտեսական աճի ակնկալիքներ չկան։

Կարդացեք նաև

Կանխատեսվող 7,2 տոկոսը գուցե վատ ցուցանիշ չէ, բայց այն չէ, ինչ կառավարությունը խոստացել էր արտաքին բարենպաստ միջավայրի պարագայում։

Հիշեցնենք, որ արտաքին բարենպաստ միջավայրի պայմաններում կառավարությունը խոստացել էր ապահովել ոչ թե 7, այլ 9 տոկոս տնտեսական աճ։

Ասել, որ այս տարի արտաքին միջավայրը բարենպաստ էր Հայաստանի տնտեսության համար, նշանակում է ոչինչ չասել։ Ոչ միայն բարենպաստ էր, այլև չափից դուրս բարենպաստ էր, այն էլ՝ բոլոր առումներով։

Բայց նույնիսկ այդ պայմաններում կառավարությունը 9 տոկոս կամ դրան մոտ տնտեսական աճի հույս չունի։ Սպասում է, որ այն կկազմի 7,2 տոկոս։

Տնտեսական աճի հիմնական հույսը ծառայությունների ու շինարարության վրա է։

Հայտնի է, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարվա տնտեսական աճի գործում ամենամեծ նպաստումն ունեցել է ծառայությունները։ Առաջին կիսամյակում արձանագրված 10,5 տոկոս աճի 7,7 տոկոսը բաժին է ընկել ծառայություններին։

Մյուս բոլոր ճյուղերի նպաստումը կազմել է ընդամենը 2,8 տոկոս։

Ծառայություններից ու շինարարությունից զատ, տարեվերջին էլ մեծ հույսեր չկան տնտեսության մյուս ճյուղերում։

Սպասվում է, որ արդյունաբերության աճը կկազմի հազիվ 0,8 տոկոս, թեև վերջին տվյալներով, ութ ամսվա արդյունքներով, նույնիսկ անկում ունենք։

Մեծ սպասումներ չկան նաև գյուղատնտեսությունից։ Հինգ տարվա անընդմեջ անկումից հետո կանխատեսել են, որ գյուղատնտեսության մեջ աճ կլինի, բայց հազիվ 1,2 տոկոսի չափով։

Շինարարության աճը գնահատվել է՝ 17,6, ծառայություններինը՝ 8,4 տոկոս։

Թե որքանո՞վ կիրականանան այս կանխատեսումները, առայժմ շուտ է ասել։ Տարեվերջին բավական շատ ժամանակ կա, ու առաջիկայում դեռ շատ ջրեր կարող են հոսել։

Այս տարի սպասվող 7,2 տոկոսի դիմաց, հաջորդ տարվա համար էլ կառավարությունը թիրախավորել է 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ։ Թեև իրականացված հաշվարկները բոլորովին այլ բան են ցույց տվել։

«2024թ. պետական բյուջեի հիմքում դրվող տնտեսական աճի կանխատեսումներն իրականացվել են՝ օգտագործելով ժամանակակից տնտեսաչափական գործիքակազմ։

Արդյունքում՝ 2023թ․ համար սպասվող տնտեսական աճը գնահատվել է 7,2 տոկոս, իսկ 2024թ. համար կանխատեսվել է 5,6 տոկոս տնտեսական աճ»,- արձանագրել է կառավարությունը:

Ու չնայած դրան, բյուջեի նախագծում օդից վերցրած թիվ են գրել՝ 7 տոկոս տնտեսական աճ, զուտ այն բանի համար, որ կառավարությունն իր գործունեության ծրագրում տարեկան նվազագույնն այդքան տնտեսական աճի ակնկալիք է դրել։

Յոթ տոկոս տնտեսական աճի ակնկալիք են դրել, բայց թերահավատ են, որ այն հնարավոր կլինի կատարել։ Գնահատել են, որ անորոշությունները մեծ են, ու կան բազմաթիվ ռիսկեր, որոնք ավելի շատ ներքևի ուղղությամբ են։

«Ռուս-ուկրաինական հակամարտությունը և Ռուսաստանի դեմ կիրառված աննախադեպ պատժամիջոցներն աշխարհում ստեղծել են նոր իրականություն, որի  պայմաններում, ինչպես աշխարհի և ՀՀ գործընկեր երկրների, այնպես էլ՝ ՀՀ տնտեսական աճի կանխատեսումներն իրենց մեջ կրում են մեծ անորոշություն:

Այս պայմաններում, ինչպես աշխարհի և ՀՀ գործընկերների, այնպես էլ պետական բյուջեի շրջանակում ՀՀ տնտեսական աճի կանխատեսումների համար առկա են երկկողմանի ռիսկեր, սակայն դեպի ներքև ռիսկերը համեմատաբար մեծ են»,- հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում գրել է կառավարությունը։

Հաջորդ տարվա աճի ակնկալիքներն էլի հիմնականում ծառայությունների ու շինարարության վրա են։ Թեև երկու դեպքում էլ ավելի ցածր սպասելիքներ ունեն, քան այս տարվա համար արված գնահատականներն են։

Կանխատեսվում է, որ այս տարի սպասվող 17,6 տոկոսի դիմաց՝ հաջորդ տարի շինարարությունը կաճի 8,9 տոկոսով, ծառայություններն էլ՝ 8,4 տոկոսի դիմաց՝ 8,1 տոկոսով։

Արդյունաբերության աճը գնահատել են 4,7 տոկոս՝ այս տարի սպասվող 0,8 տոկոսի փոխարեն։

Գյուղատնտեսության հետ կապված սպասելիքները ևս բարձրացրել են. համարում են, որ տնտեսության այդ հատվածում հաջորդ տարի աճը կկազմի 3,4 տոկոս։

Սրանք են տնտեսությունից կառավարության այս և հաջորդ տարվա սպասելիքները։

Ակնհայտ է, որ դրանցում առկա են արտաքին ազդեցությունների թուլացման նշաններ։ Հայտնի է, որ ինչպես նախորդ տարի արձանագրված, այնպես էլ այս տարի սպասվող աճերի վրա մեծ է արտաքին գործոնների ազդեցությունը։ Բայց այդ ազդեցությունը գնալով նվազում է, ինչը տեսնում ենք նաև վերջին շրջանի տնտեսական աճի ցուցանիշներում։

Միտումը կդրսևորվի՝ ինչպես այս տարվա վերջին, այնպես էլ հաջորդ տարի՝ հանգեցնելով վերջին մեկ-երկու տարում մեր տնտեսության իրական զարգացումներից անկախ՝ արձանագրվող բարձր տնտեսական աճերի թուլացմանը։

Այդ հանգամանքն իր ուղղակի ազդեցությունը կունենա նաև բյուջեի ֆինանսական ապահովվածության վրա, ինչը վերջին շրջանում արդեն բավական ակնհայտ նկատելի է։ Բայց դա մեկ այլ թեմա է, որին առաջիկայում դեռ առիթ կունենանք անդրադառնալու՝ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումների շրջանակներում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս