«Թուրքիայի ազդեցության տակ ընկնելով՝ խաղաղություն ձեռք չեն բերում». Արման Աբովյան

Ազգային ժողով-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նոր տերմին մտցրեց շրջանառության մեջ՝ «Խաղաղության խաչմերուկ» անվամբ: Ավելի վաղ այն կրում էր «Հայկական խաչմերուկ» անվանումը:

ՀՀ իշխանությունները պնդում են, որ այս գաղափարը տարածաշրջանում լուծելու է կոմունիկացիոն խնդիրներն ու նպաստելու է հարևան թշնամական երկրների հետ հաշտեցման, տնտեսական գործընկերության ու խաղաղության հաստատմանը:

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող թրքամետ ծրագրերը ո՛չ միայն խաղաղություն չեն բերի, այլև ամբողջությամբ կխաթարեն Հայաստանի ներքին իրավիճակը:

Նրա խոսքով՝ թշնամական երկրների հետ սահմանների բացման գործընթացն առաջ տանող ՀՀ իշխանություններին պետք է հարց ուղղել, թե ի՞նչ պայմաններով է բացվում սահմանը: Նա վստահ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը երբեք իրենց առջև նպատակ չեն դնում գործողությունների արդյունքում դրական արդյունքի հասնել:

Կարդացեք նաև

«Իշխանությունը փորձում է միայն ականջահաճո արտահայտություններով ասել՝ ժողովուրդ ջան, եկեք՝ թքեք ամեն ինչի վրա, զատո՝ կուշտ կլինեք: Բայց իրենք մոռանում են, որ ամեն ինչի վրա թքելով՝ առաջին հերթին վտանգում ես անվտանգային համակարգը, իսկ այդ պարագայում հաստատ չես կարող կուշտ լինել: Նույնիսկ, եթե սրանք, երկիրը քաղաքական առումով կեղեքելով ու մասնատելով, թուրքական բոլոր պայմաններին գնալով, մոռանալով իրենց հայ լինելը, առաջ մղելով այդ «կուշտ փորի» գաղափարը, հասնեն Հայաստանը զոռով Թուրքիայի ազդեցության տակ մտցնելուն՝ թուրքական շուկան ունի իր առանձնահատկությունները, իսկ հայկական շուկան վտանգվելու է թուրքական շուկայի ազդեցության պատճառով: Գիտեմ, որ իրենց այս «լուրը» շատ կտխրեցնի, բայց կոչ եմ անում դադարել մտածել ստամոքսով ու փորձել ավելի ծանրակշիռ հետևություններ անել առկա բարդ իրավիճակների շղթայից»,- ասաց քաղաքական վերլուծաբանը:

Այս համատեքստում վերլուծաբանն անդրադարձավ Վրաստանի օրինակին, որտեղ թուրքական ու ադրբեջանական ներկայությունը գնալով ավելի է մեծանում, իսկ տնտեսական աճ, որպես այդպիսին, այդպես էլ չգրանցվեց՝ այն դեպքում, երբ այդ երկու երկրների սահմանները երբեք փակ չեն եղել:

Նրա խոսքով՝ Հայաստանի պես երկրում էլ թուրքական ներկայությունը որևէ պարագայում չի կարող խաղաղություն բերել, մանավանդ, որ այդ խաղաղության մասին պատկերացումները տարբերվում են թուրքական պատկերացումներից:

«Եթե իշխանության հիմնական նպատակն ամեն գնով Հայաստանը թուրք-ադրբեջանական պայմանական տարածաշրջանային հովանոցի տակ մտցնելն է, ապա այդ երկու երկրները հստակ նպատակ են դրել իրենց առջև, այն է՝ միացնել երկրների սահմանները միմյանց՝ Հայաստանի տարածքների հաշվին: Թե դա ինչ ձևաչափով կիրականացվի՝ արդեն բնավ կապ էլ չունի իրենց համար»,- ասաց Արման Աբովյանը՝ մատնանշելով նաև թշնամական Ադրբեջանի կողմից անընդհատ վանկարկվող «Արևմտյան Ադրբեջան»-ի գաղափարի մասին:

Վերլուծաբանի խոսքով, հայկական կողմը համառորեն դա անտեսում է ու չի շոշափում նաև Իրանի շուկայի տարբերակը:

«Այդ աբսուրդային գաղափարը՝ «խաչմերուկ», չգիտես՝ էլ ինչ… որը եկել է  փոխարինելու տապալված «խաղաղության դարաշրջանի» գաղափարին: Իրենք ինչ էլ ասել են այս ամբողջ ընթացքում, տապալվել է կամ ծառայել է միայն թուրքական շահին: Այստեղ անգամ կապ չունի ընդդիմություն-իշխանություն տեսլականը: Սա շատ չոր քաղաքագիտական գնահատական է»,- ասաց Արման Աբովյանը՝ որպես ասվածի եզրահանգում փաստելով, որ ՀՀ ներկա իշխանությունների առջև միայն երկու նպատակ է դրված՝ ՀՀ շահերի հաշվին սպասարկել աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը և ամեն գնով պահպանել իշխանական աթոռները:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս