Մեղրին այսօր վտանգված չէ՞, ինչում Փաշինյանը մեղադրում էր նախկին նախագահներին. Գագիկ Ջհանգիրյանը չպատասխանեց

«Ինձ համար Հոկտեմբերի 27-ը բացահայտված է. ամեն ինչ քրեական գործի նյութերում է,- Հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ հավելելով, որ այժմ վերսկսվել է նախաքննությունն անջատված մասով,- Սպասենք: Կատարվում են քննչական, դատավարական գործողություններ, փորձաքննություններ են կատարվում, սպասենք արդյունքներին։ Ես կարծում եմ, որ հիմա որևէ պետական մարմին չի խոչընդոտում նախաքննությանը, ընդհակառակը՝ նաև ներհայաստանյան իրավիճակը նպաստավոր է, սպասենք նախաքննության ավարտին»:

Գագիկ Ջհանգիրյանն անդրադառնալով Արցախի կորստին՝ նշեց. «Ձեզ նման ցավում եմ, որ մենք չունենք Արցախ»:

168.am-ի հարցին՝ ինչի՞ հետևանքով չունենք՝ նա արձագանքեց, որ քաղաքական վերլուծաբան չէ:

Մեր մյուս հարցադրմանը, որ Մեղրիի մասին շարունակ ահազանգում էին, թե վտանգված է, այն վտանգել են նախկին նախագահները, այսօր Մեղրին վտանգված չէ՞, Գագիկ Ջհանգիրյանը չպատասխանեց:

Կարդացեք նաև

168.am-ը Վազգեն Սարգսյանի ընկեր Գագիկ Ջհանգիրյանին հիշեցրեց Վազգեն Սարգսյանի հայտնի միտքը՝ «Մեղրին մի օր պայթելու է Երևանի կենտրոնում», և նկատեց, որ այսօր «խաղաղության խաչմերուկ»-ներից են խոսում իշխանությունները, արդյո՞ք այդ կանխատեսումը մոտ է իրականանալուն:

Ի պատասխան՝ Գագիկ Ջհանգիրյանը նշեց. «Ես էլ կողմ եմ խաղաղության ծրագրին, որովհետև մենք չենք կարող. հիմա սերունդ է մեծացել, որի պապերը, հայրերը կռվել են, հիմա թոռներն են կռվել. Այսինքն՝ ուզում եք, որ այս մեր հարևանների հետ մեր հակամարտությունը դարերով գնա՞»:

Հակադարձմանը՝ մե՞նք են խոչընդոտում տարածաշրջանային խաղաղությանը, մենք միշտ էլ ուզել ենք խաղաղ ապրել՝ նա արձագանքեց՝ լավ, էլի…:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս