Ուժ չկիրառելու մասին հայտարարություններով Ադրբեջանը փորձում է թուլացնել հայկական կողմի զգոնությունը, որ հարմար պահի հարվածի. Վիտալի Մանգասարյան
Հոկտեմբերի 23-25-ը թուրք-ադրբեջանական մարտավարական համատեղ զորավարժություններ են անցկացվել մի քանի ուղղություններով ու վայրերում, այդ թվում՝ Բաքվում, Նախիջևանում և Ադրբեջանի վերահսկողությանն անցած արցախյան տարածքներում:
Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ զորավարժությունների երկրորդ օրը Թուրքիայի և Ադրբեջանի բանակային ստորաբաժանումները, «անվտանգ անցումներ բացելով ականապատ տարածքներում, գրավել են պայմանական հակառակորդի պաշտպանական գիծը և նրա թիկունքում օդային դեսանտ իջեցրել»: Մշակվել է նաև «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի միջոցով «Իսկանդեր» և «Տոչկա-Ու» հրթիռային համակարգերի ոչնչացման սցենար: Այսինքն, թուրք-ադրբեջանական զորավարժությունները կրել են հարձակողական բնույթ:
168.am-ը «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի հետ զրույցում փորձել է հասկանալ, թե ինչի մասին է հուշում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների սցենարն ու առանձին դրվագները, այդ թվում՝ «Իսկանդեր» և «Տոչկա-Ու» հրթիռային համակարգերի ոչնչացումը:
– Թուրք-ադրբեջանական տանդեմի կազմակերպած զորավարժության սցենարը, տվյալ դեպքում՝ Իսկանդեր» և «Տոչկա-Ու» հրթիռային համակարգերի ոչնչացման խաղարկված դրվագը հուշում է, որ թշնամին բավականին կարևորություն է տալիս հայկական կողմի ունեցած նշված զինտեխնիկային, «Իսկանդերին», և խաղարկելով նման սցենարներ՝ նաև տարածաշրջանի մյուս երկրներին, մասնավորապես, Իրանին հասկացնում է, մեսիջ ուղարկում՝ այդ զորավարժությունն Իրանի դեմ չէ: Այլ կերպ՝ այն ՀՀ-ի դեմ է, քանի որ «Իսկանդեր» տարածաշրջանում ունի միայն նա:
– Ի դեպ, «Politico»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի պլանավորում գրավել, այսինքն՝ ռազմական ուժի կիրառմամբ վերցնել Սյունիքը: Սրանից առաջ Ալիևն էր հայտարարել, որ «Զանգեզուր» մտնելու են խաղաղ ճանապարհով՝ ոչ թե տանկերով, այլ մարդատար մեքենաներով, ի՞նչ է սա նշանակում, և սա ի՞նչ տեսակի կամ չափի վտանգի մասին է հուշում:
– Այստեղ հարկ է հիշեցնել, որ մինչև 2018-2019 թվականները բանակցային տարբեր փուլերի ժամանակ ադրբեջանական կողմն ամենաբարձր՝ նախագահի մակարդակով հայտարարում էր, որ Ադրբեջանը չի պլանավորում ուժ կիրառել Արցախի ուղղությամբ, և այն արցախյան հարցը մտադիր է լուծել խաղաղ ճանապարհով, ինչի մասին նաև միջազգային տարբեր դերակատարներ էին խոսում: Բայց իրականությունը ցույց տվեց, որ դրանք հերթապահ հայտարարություններ էին, և դրանց լուրջ վերաբերվել չէր կարելի: Եվ Սյունիքը ուժով չվերցնելու հայտարարությանը ևս չպետք է վստահել, դա միամտություն կլինի: Նրանց գործնական քայլերն այլ բանի մասին են խոսում, այդ թվում՝ զորավարժությունները, դրանց ինտենսիվությունը, սցենարը, տարբեր ժամանակահատվածներում ՀՀ սուվերեն տարածքներ ներխուժելը: Այսինքն, Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության, և աշխարհաքաղաքական խառը վիճակում հարմար պահի և առիթի դեպքում փորձելու է ուժի միջոցով տարբեր հարցեր լուծել, ինչը բազմիցս ցույց են տվել: Ըստ էության, այս հայտարարություններով Ադրբեջանը փորձում է «նպաստել», որ հայկական կողմը թուլացնի իր զգոնությունը, և իրենք հարմար պահի հարվածեն և իրենց առջև դրված խնդիրները լուծեն:
– Ֆրանսիան մի քանի անգամ հայտարարել է, որ զգոն է ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ, ավելին, Հայաստանին պատրաստվում են մատակարարել ՀՕՊ համակարգեր, խոսքը, մասնավորապես, Thales-ի արտադրության GM 200 ռադարների և Mistral փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի մասին է: Նախ՝ լոգիստիկ ինչ խնդիրների կարող է բախվել Հայաստանը, և արդեն հետո որքանով են ֆրանսիական ՀՕՊ միջոցները լուծելու մեր խնդիրները:
– Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրը կարող է շատ բան տալ հայկական կողմին և մեծացնել պաշտպանական հնարավորությունները, այլ հարց է, թե ինչ մասշտաբների և ինչ ժամանակահատվածում Ֆրանսիան կիրականացնի մատակարարումները: Խոսքը, գիտեք, որ հիմնականում ՀՕՊ և ռադիոլոկացիոն միջոցների մասին է, դրանց տեղափոխումը լոգիստիկ խնդիրների է բախվելու, որոնց կարգավորումից հետո անձնակազմի պատրաստման հարցեր պիտի հնարավորինս արագ լուծվեն: Որովհետև այլ հարց է զինտեխնիկա ունենալը, մեկ այլ հարց՝ դրա գրագետ և արդյունավետ կիրառումն ապահովող անձնակազմի առկայությունը, ինչը կարճաժամկետ խնդիր չէ:
– Ի դեպ, ասում են՝ հնդկական զենքն արդեն փորձարկվել է:
– Հնդկական զենքի դեպքում խոսքը հիմնականում հրետանային միջոցների մասին էր, սակայն մինչ այս պահը մասշտաբային որևէ զորավարժություն հայկական կողմը չի իրականացրել, մինչդեռ նման զինատեսակներին տիրապետելու և գործի մեջ տեսնելու առումով շատ կարևոր են զորավարժությունները, ինչը 2020 թվականից հետո տեղի չի ունեցել: Իսկ երբ պատասխանատու պահին դրանք հակառակորդի դեմ կիրառելու անհրաժեշտություն լինի, մենք կարող ենք արդյունավետության հետ կապված խնդիրներ ունենալ, եթե շարունակենք նույն քաղաքականությունը, և զինատեսակների ձեռքբերման գործընթացին զուգահեռ՝ որևէ զորավարժություն չկազմակերպվի: Տարբեր խոսակցություններ կան, որ մատակարարվող սպառազինությունը փորձարկումներ է անցնում, տեխնիկական բնութագրերն են ստուգվում, սակայն դա, բնական է, բավարար չէ, և շեշտը պետք է դնել զորավարժությունների վրա:
– Փորձարկումներ ասելով՝ նկատի ունեմ, որ մեր զինծառայողներն են, ըստ տարբեր տեղեկությունների՝ արդեն փորձարկել:
– Ամեն դեպքում, զորախաղերը մեծ նշանակություն ունեն պատասխանատու պահին դրանց արդյունավետ կիրառման հարցում: