Կիբերանվտանգության ռազմավարությունը՝ պակաս կարևո՞ր. պաշտոնյաները դեռ չգիտեն՝ ե՞րբ կկարողանան մշակել ռազմավարությունը
«Կիբերանվտանգությունը փոքր պետությունների համար»՝ սա APRI Armenia վերլուծական կենտրոնի`«Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովի թեմաներից մեկն էր, որի քննարկմանը մասնակցում էր նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և ներկայացնում Հայաստանի կիբերանվտանգության զարգացման ծրագրերը:
168.am-ը փոխնախարարից հետաքրքրվեց՝ այսօր Հայաստանն ունի՞ կիբերանվտանգության ռազմավարություն, նաև հիշեցրեց, որ դեռ 2017-2018 թվականներին՝ նախկին իշխանությունների օրոք, լուրջ աշխատանք է տարվել նոր ռազմավարության մշակման ուղղությամբ:
Ի պատասխան՝ որքան էլ զարմանալի է, պարզվեց՝ մեր պաշտոնյաներն իրենց «չեն կարող թույլ տալ շռայլությունը»՝ մշակելու այդ ռազմավարությունը:
«Այն իրավիճակում, որում մենք հիմա ենք, ամեն ինչ շատ արագ է փոխվում: Իհարկե, կցանկանայի շռայլությունը վայելել, նստել և մշակել ռազմավարություն և այն թարմացնել, բայց կան ավելի հրատապ բաներ, որ պետք է անել, և ժամանակ չի մնում. ավելի կարևոր է հիմնարար բաները շտկել»,- մասնավորապես նշեց Գևորգ Մանթաշյանը:
Նկատենք` կիբերանվտանգությունն այսօր համաշխարհային մակարդակով գերխնդիր է. կառավարությունները մշակում, վերամշակում են կիբերանվտանգության պաշտպանության ազգային ռազմավարություն: Հիբրիդային պատերազմների այս փուլում մասնագետ պետք չէ լինել հասկանալու համար, որ Հայաստանի համար այս ռազմավարությունն առաջնահերթություն է հատկապես առկա անվտանգային մարտահրավերների պարագայում:
2008-2009թթ. Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց կիբեռանվտանգության ոլորտում մի շարք ռազմավարական փաստաթղթեր, իսկ 2017 թվականի հոկտեմբերին ՀՀ նախագահի և կառավարության կողմից նախաձեռնվեց ոլորտի ռազմավարական փաստաթղթերի կատարելագործման և արդի մարտահրավերներին համապատասխանեցման գործընթացը. ուժը կորցրած ճանաչվեցին տվյալ պահի դրությամբ ոլորտը կարգավորող փաստաթղթերը, և զուգահեռաբար՝ 2017 թվականի վերջին և 2018 թվականի սկզբին մշակվեցին ՀՀ կիբեռանվտանգության ռազմավարության, ինչպես նաև ՀՀ տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության ռազմավարության նախագծերը:
Սակայն նոր իշխանություններն այդպես էլ չնախաձեռնեցին նոր ռազմավարության մշակումը:
Այսօր տեղեկատվական անվտանգությանն ու կիբեռանվտանգությանն անդրադարձող հիմնական դրույթներն ամրագրված են 2020թ. հուլիսի 10-ի ՀՀ անվտանգության խորհրդի որոշմամբ ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մի քանի դրույթներում՝ չափազանց ընդհանրական տարբերակով՝ օրինակ, «7.13 Տեղեկատվական, տեխնոլոգիական և կիբեռանվտանգության ապահովման ոլորտում մենք աշխատում ենք ինստիտուտների և գործընթացների արդյունավետության մակարդակի բարձրացման և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Հայաստանը հետամուտ է տեղեկատվական, տեխնոլոգիական և կիբեռանվտանգության պետական քաղաքականության և ռազմավարությունների մշակմանը, ինչպես նաև ոլորտի կառավարման համապետական մեխանիզմների ներդրմանը: Մենք զարգացնելու ենք կենսական նշանակության տեղեկատվական ենթակառուցվածքներ ու թվային ծառայություններ մատուցողների և պետության միջև փոխհարաբերությունների նորմատիվ-իրավական դաշտը, ինչի արդյունքում կձևավորվեն նաև կիբեռանվտանգության ազգային կենտրոն և համակարգչային պատահարների արձագանքման խմբեր:
7.14 Տեխնոլոգիական անվտանգության տեսանկյունից Հայաստանը հետամուտ է կենսական կարևոր ոլորտներում և ենթակառուցվածքներում օգտագործվող տեխնոլոգիաներից և տեխնոլոգիական բաղադրիչներից առաջացող խոցելիությունների չեզոքացմանը, օտար ծագման տեխնոլոգիաների ռիսկերի նվազեցմանը և ազգային տեխնոլոգիական հենքի զարգացմանը, այդ թվում՝ նաև տեխնոլոգիաների մատակարարների հետ համագործակցության միջոցով»: