ԼՂ-ից տեղահանված մարդկանց չպետք է «second hand» հագուստներ մատակարարենք․ Փաշինյան
ՀՀ կառավարությունը որևէ մեկին թոշակից չի զրկել, բայց Հայաստանի Հանրապետությունը մարդկանց կարող է թոշակ տրամադրել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին` այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալը, ըստ էության, այս հարցի լուծումն էլ է ապահովելու։
«Դրանով, այդ թվում` նրանց գույքային իրավունքների հետագա հետապնդման ու պաշտպանության համար, կստեղծվի իրավական հիմք, որից հետո նրանք արագացված կարգով կստանան ՀՀ քաղաքացիություն և դիմելու պարագայում թոշակավորման և մնացած հարցերն արագ կլուծվեն»,– ասաց վարչապետը։
Անդրադառնալով պատգամավորի բարձրացրած մյուս հարցին, որ մեր հայրենակիցներից շատերը տեղավորված են այնպիսի կացարաններում, որոնք ծրագրերով արցախցիներին տրվում է աջակցություն, որով նրանք կարող են պատշաճ պայմաններով բնակարան վարձակալել։
Նա ներկայացրեց 5-հոգանոց արցախցի ընտանիքին այս պահին տրվող աջակցության չափը։ Յուրաքանչյուր անդամի տրվում է 100 հազար դրամ, առաջիկա 6 ամսվա համար յուրաքանչյուր անձ ստանում է 50 հազար դրամ` բնակարանային կարիքները հոգալու համար, սրան գումարած, 5-հոգանոց ընտանիքն առաջիկա երկու ամիսների համար ստանալու է 50 հազար դրամ (յուրաքանչյուր անդամի համար)` հրատապ կարիքները հոգալու նպատակով։
Գեղամ Նազարյանը հարց ուղղեց` պետությունը գիտակցո՞ւմ է արդյոք, որ պարտք է արցախցիներին` նաև մշտական բնակարանով ապահովելու, վարչապետը նշեց` պետությունը նույնքան պարտք է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք տուն չունեն, պատշաճ կրթություն չեն ստացել և այլն։
«Մի՛ ստեղծեք հակադրություն, որովհետև ՀՀ կառավարությունը նույնպիսի պարտավորություն ունի նաև ՀՀ քաղաքացու նկատմամբ»,– շեշտեց Փաշինյանը։