Հայաստանը որևէ մեկին թշնամի չի դիտում, ուզում է բարեկամական հարաբերություններ ունենալ. Խաչատուր Սուքիասյան

Այսօր ԱԺ-ում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կգնահատի հայ-ռուսական հարաբերություններն այն համատեքստում, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ։

«Եթե հայ-ռուսական փոխհարաբերությունները պետք է այդ հարթակ տեղափոխենք, շատ սխալ է, հնարավոր է, որ մեր ռազմավարական գործընկերների հետ որոշակի լարվածություններ առաջանան, հնարավոր է՝ որոշակի անճշտություններ լինեն, ընկալումներն այլ լինեն, բայց դրանք կարգավորվող են։ Եթե մենք վերցնում ենք ամբողջ 30 տարվա պատմությունը, ապա այդպիսի երևույթներ եղել են, հետո ընթացքում կարգավորվել են։

Նաև ասեմ, որ Հայաստանը որևէ մեկին թշնամի չի դիտում, ուզում է բարեկամական հարաբերություններ ունենալ, առավել ևս՝ իր ռազմավարական գործընկերների հետ։

Արդեն ասացի, որ 30 տարվա ընթացքում Հայաստանի ու Ռուսաստանի միջև եղել են նման իրավիճակներ, ավելի լարված հարաբերություններ կամ ավելի թույլ, դրանք կարգավորվել են»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը՝ չնշելով, թե 30 տարվա ընթացքում ե՞րբ է Հայաստանի և Ռուսաստանի միջև նման լարված իրավիճակ եղել։

Կարդացեք նաև

Հարցին՝ ինչո՞ւ հասան այն հանգրվանին, որ ռուսական ալիքի եթերում ծաղրի է ենթարկվում Հայաստանի ղեկավարը, իշխանական պատգամավորը պատասխանելու փոխարեն՝ լրագրողներին հորդորեց ՀՀ շահն ամեն ինչից վեր դասել։

«Հիմա որ փողոցում տեսնում եք, որ մեկն անհեթեթություն է անում, ի՞նչ եք ասում, դա անհեթեթություն է, չէ՞։ Եթե բարձրակարգ լրագրող եք, գնացեք-ճշտեք՝ այդ կինը, ով որ մեր երկրի վարչապետի հասցեին ժամացույց կամ ինչ է ասել, ճշտեք իր պատմությունը, ես չեմ ճշտել»,- նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս