Դատավորը չէր թաքցնում, որ ուրախ է՝ Քոչարյան ընտանիքից մարդ է կալանավորում. հատուկ դիմում էր՝ մեղադրյալ Լևոն Ռոբերտի Քոչարյան. Ալեքսանդր Կոչուբաև

«Կալանավորված 5 տասնյակ մեր քաղաքացիները քաղբանտարկյալներ են: Սա արձանագրենք ի սկզբանե և վերջնական: Սա քաղաքական հետապնդում է: 2018թ. չմոռանանք՝ այս իշխանությունն ինչպես է իշխանության եկել՝ Ռադիոտուն ներխուժելով, ոստիկանական արգելապատնեշները շպրտելով: Իսկ այստեղ ոստիկանի ուղղությամբ մի շիշ նետելը դարձրել են զանգվածային անկարգության մասնակցություն»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ անդրադառնալով Արցախի ամբողջական հանձնումից հետո մեկնարկած բողոքի ակցիաների ընթացքում համատարած կալանավորումներին:

Նրա խոսքով՝ այս իրավիճակում մտահոգիչ է միջազգային կառույցների լռությունը:

«Ես՝ որպես պաշտոնաթող սպա, շատ լավ եմ հիշում՝ մինչև 2018թ., օրինակ, «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ մեկ ջրանետը կիրառելու համար Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը դիմել էր ոստիկանապետին՝ օգտագործելով «21-րդ դարում ոստիկանության վայրագ գործողություններ» ձևակերպումը: Սա նշանակում է մեկ բան՝ այս ամենն արվում է միջազգային կառույցների թողտվությամբ ու նրանց հետ համագործակցությամբ, քանի որ, կրկնում եմ՝ եթե մինչև 2018թ. խաղաղ հավաքի վայրից ձերբակալվեր անգամ մեկ քաղաքացի, Եվրախորհրդից կխոսեին ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության մասին: Իսկ այսօր 50 մարդ կա ձերբակալված, բայց անգամ մեկ հարցաշար չկա՝ ուղղված ՀՀ կառավարությանը»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը:

Նա ասաց նաև՝ մենք ունենք քրեական գործեր, երբ մեկ բերետի ցուցմունքով 5 տարբեր մարդիկ են կալանավորվել, տարբեր վայրերից:

Կարդացեք նաև

«Եթե մենք տեսնենք բոլոր 50 գործերը, կտեսնենք մեկ օրինաչափություն: Ոստիկանի ցուցմունքով համատարած կալանքի որոշումներ: Ինձ համար մտահոգիչ են կալանքի որոշում ստորագրած դատավորները: Փաստորեն Երևանի քրեական դատարանում այնքան տաղտկալի է վիճակը, որ Մնացական Մարտիրոսյանի ցուցումով կարող է 50 հոգի կալանավորվել: Այդ դատավորներն այս ընդհանուր ապօրինության մաս են կազմել… Վստահ եմ՝ եղել են սադրիչներ, բայց դրանք եղել են ոստիկանության գաղտնի հաստիքային աշխատողները»,- ասաց փաստաբանը:

Վերջինս հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանին ու Գագիկ Ջհանգիրյանին արդարացնելու մոլուցքն այնքան մեծ էր, որ մեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է՝ անգամ Մարտի 1-ին զանգվածային անկարգություններ չեն եղել, ուր մնաց՝ հիմա դրանք այդպես կոչվեին:

«Եթե 2008թ. զանգվածային անկարգություններ չեն եղել, եթե Մաշտոցի պողոտայի խանութներն այրելը, ոստիկան ծեծելը և, ի վերջո, 10 մարդու մահը զանգվածային անկարգություններ չեն, ուրեմն առհասարակ Երրորդ Հանրապետության պատմության մեջ զանգվածային անկարգություններ չեն եղել ու չեն կարող լինել»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը:

Ինչ վերաբերում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորմանը ու այդ ժամկետի երկարացմանը 15 ժամ տևած փակ դատական նիստից հետո, վերջինիս պաշտպանական թիմի անդամն ասաց՝ իրենք պնդում էին, որ նիստը հրապարակային լինի, որ բոլորը տեսնեն՝ Լևոն Քոչարյանը որևէ մեկի նկատմամբ բռնություն չի գործադրել, որևէ ոստիկանի չի ծեծել, այլ ընդհակառակը, բոլոր ապացույցները, տեսանյութերը վկայում են այն մասին, որ հենց ինքն է բռնության ենթարկվել կարմիր բերետավորների կողմից:

«Այս գործով քննիչն ու դատախազը ճիշտ նույն մարդիկ էին, ովքեր պաշտպանում էին Աշոտ Փաշինյանին հայտնի գործով: Ինչ վերաբերում է դատավոր Մասիս Մելքոնյանին, չմոռանանք, որ ընդամենը 4 ամիս առաջ նա «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ էր: Մենք բացարկ հայտնեցինք, ասացինք, որ նա քաղաքական ֆիգուր է ու չի կարող իրեն ընդդիմադիր անձի կալանքի միջնորդության քննության ժամանակ անաչառ լինել: Վերջինս գիտե՞ք ինչ ասաց՝ ես երդվել եմ լինել անաչառ: Շատ ուղիղ եմ ասել Մասիս Մելքոնյանին՝ ես չեմ հավատում, որ մարդը 15 տարի կարող է ատելության խոսույթով հանդես գալ Երկրորդ նախագահի վերաբերյալ և այսօր ասի՝ ես երդվել եմ: Սա ծաղր է»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը:

Նա նշեց նաև, որ դատավորը դեմքի լուրջ արտահայտությամբ է ասել, որ երբ երդվել է, ՀՀ 2-րդ նախագահն արդեն նրա համար բացարձակ արժեք է դարձել:

«Շատ հեշտ է ցուցմունք տալ, թե՝ մարդն ինձ ծեծել է, բայց դժվար է գալ, նստել նրա առաջ ու նույն բանն ասել: Մեր դեպքում երկու ոստիկաններից մեկն առհասարակ չի ասել, որ Լևոն Քոչարյանն իրեն ծեծել է, իսկ մյուսը՝ Հրաչիկ Խաչատրյանը, ասել է՝ ես չեմ ասել՝ Լևոն Քոչարյանը ինձ ծեծել է, ասում եմ՝ անկանոն շարժումներ է արել, ինձ դիպել է: Ու այս առերես հարցաքննություններին Մասիս Մելքոնյանը ծանոթացել է ու այնուամենայնիվ, հաստատված համարել հիմնավոր կասկածը: Այս մարդիկ աշխատանքային թրաֆիքինգի տակ են»,- ասաց պաշտպանը:

Ալեքսանդր Կոչուբաևը նշեց՝ դատավոր Մասիս Մելքոնյանը քաղաքական հայտարարություններ է արել, ու իրենք հետևողական են լինելու այդ հարցում, դիմելու են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

«Մասիս Մելքոնյանը դուրս չի եկել դատավորի կաշվից: Նիստի ժամանակ, երբ դիմում էր Լևոն Քոչարյանին,  առոգանությամբ և խաղաղված հոգով ասում էր՝ մեղադրյալ Լևոն Ռոբերտի Քոչարյան: Զգացվում էր՝ իր հոգին ինչպես է փառավորվում, որ, ի վերջո, Քոչարյան ընտանիքից մեկին էլ ինքը կալանավորեց»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս