«Այդ մարդիկ կան, թշնամու գլուխը կարելի է ջարդել, բայց կա մեկ բայց…». Տիգրան Աբրահամյան

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Արցախի կորստին, ՊԲ-ի հերոսական մարտնչելուն և Հայաստանի անվտանգային մարտահրավերներին։

«Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան և ցեղասպանության իրականացումը, բազմաթիվ զոհերից բացի, նաև արցախցիների բռնի տեղահանմանը հանգեցրեց: Պաշտպանության բանակը, որը երկար տարիներ հայկական զինուժի ամենամարտունակ միավորն էր և իր մեջ կրում էր հայկական բանակի փառքի խորհրդանիշն ու ավանդույթները, պատվո մարտ մղեց: Պաշտպանության բանակը ենթարկվեց թշնամու հրթիռահրետանային, ավիացիոն ինտենսիվ կրակին, ապա հիմնական ուղղություններով, հատուկ նշանակության ուժերի կազմավորած գրոհային ստորաբաժանումների՝ յուրաքանչյուր դիրքի անձնակազմին, 9-10 անգամ գերազանցող ջոկատների հարձակմանը»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Արցախի 9-ամսյա շրջափակումը, հյուծումը, մատակարարումների ամբողջական բացակայությունը, Հայաստանի իշխանությունների հայտարարություններն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ, որը թշնամություն էր սեփական ժողովրդի նկատմամբ, բերեց աղետալի վերջաբանի: «Պատերազմական գործողությունների պիկին, իշխող ուժի ղեկավարի հայտարարությունը՝ որևէ ձևով չմիջամտելու ադրբեջանական ագրեսիայի զսպմանը, ըստ էության, կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար, իր հարվածային ուժերի ողջ զինանոցն ու պոտենցիալը կենտրոնացնելու արցախյան ճակատում: Ինչո՞ւ եմ ասում, որ Արցախն ու նրա պաշտպանություն իրականացնող ուժերը պատվո մարտ վարեցին, որովհետև նման խտության և ինտենսիվության կրակի, հարվածների և ուժերի անհամաչափության պայմաններում, անհատական ու կոնկրետ ուղղություններով սխրագործություններ և անձնազոհություն կարող էր դրսևորել միայն կայացած, գաղափարական, հաղթանակի ու անվերջանալի մարտերի բովում եփված միավորը»,- հավելեց պատգամավորը։

Նա ընդգծեց՝ պատերազմը չի ավարտվել, չի ավարտվել առաջին հերթին այն պատճառով, որ Ադրբեջանի քաղաքական ու տարածքային հավակնությունները միայն Արցախով չէին սահմանափակվում:

Կարդացեք նաև

«Արցախը դեպի Հայաստան ագրեսիայի ճանապարհին այն անառիկ ամրոց էր, ով ընկավ դավաճանության հետևանքով: Հայաստանը վերականգնվելու, վերածնվելու հնարավորություն դեռ ունի հենց միայն այն հանգամանքով պայմանավորված, որ բազմաթիվ հարվածներից, ողբերգություններից հետո նույնիսկ, մեր շարքերում հայկական բանակն իր ողջ էությամբ կրող մարդիկ կան, ովքեր անհրաժեշտ պահին ոտքի են կանգնելու, համախմբվելու և իրենց վճռական մարտը վարելու՝ այս անգամ հաղթական ելքով: Թշնամու գլուխը կարելի է ջարդել, մեր երկրի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պահելու իրական հնարավորություն դեռ ունենք, սակայն կա մեկ մեծ բայց… և այդ մեկ բայցը Հայաստանում գործող իշխանությունն է, որն իր էությամբ, բովանդակությամբ ու քաղաքական հետագծով ասոցացվում է մեկ հավաքական բառի՝ պարտության հետ, ու այս ճանապարհի գլխավոր խոչընդոտն է»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս