Քանիսն են տեսել հայրենիք կորցրած մարդկանց. ոչ թե կառավարական ամառանոցների պատշգամբից, այլ՝ իրականում
«Աջակցություն արցախցիներին. Արվածը, չարվածը և հետագա հսկա անելիքը» թեմայով քննարկման ժամանակ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրեց՝ բարեգործական հիմնադրամի աշխատակազմը Գագիկ Ծառուկյանից ստացել է հանձնարարություն՝ ուսումնասիրել, թե առաջնային փուլում ինչի անհրաժեշտություն կա և աջակցության ծրագրերը թիրախային ինչ ուղղություններով պետք է իրականացնել։
«Սեպտեմբերի 26-ից սկսել են բարեգործական աշխատանքներն իրականացվել,- նշեց Իվետա Տոնոյանը՝ մանրամասնելով,- Առաջին պահին, էմոցիոնալ շոկային իրավիճակում ցանկությունը մեկն էր՝ միանգամից օգնություն տրամադրել բոլորին, բայց հասկանալի է, որ հնարավոր չէ այդ ծավալի աշխատանքը միանգամից իրականացնել, որովհետև հազարավոր հայրենակիցների մոտ առաջնային անհրաժեշտության ապրանքներից սկսած՝ մինչև ամենատարրական անհրաժեշտություն ունեցող ապրանքների բացակայություն կար»:
Բարեգործական աշխատանքների շրջանակներում «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն օգնություն է տրամադրել բռնի տեղահանված 27 հազար արցախցիների: Ըստ նրա, սակայն, բարեգործությունով ոչ երկիր կկառուցվի, ոչ էլ խորքային խնդիրներ կլուծվեն։
«Մարդիկ, որոնք այս օրերին ահռելի մեծ աշխատանք են իրականացնում, իրենց վրա վերցրել են պետության գործառույթներն ու անտրտունջ կատարում են։
Մեծ հետաքրքրություն ունեմ հարցի հետ կապված, թե գործող պատգամավորներից քանի՞սն են այս ընթացքում կամավորական որևէ աշխատանքի մասնակցել, անձամբ հանդիպե՞լ են այն մարդկանց հետ, որոնք հայրենիք են կորցրել, ոչ թե ծառայողական մեքենաների պատուհաններից, կառավարական ամառանոցների պատշգամբներից են տեսել այդ մարդկանց ողբերգությունը, այլ իրականում»,- ասաց Իվետա Տոնոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում