Հանրահայտ տավղահար Քսավիեր դե Մեստղը և տենոր Ռոլանդո Վիլլասոնը համերգով հանդես կգան Երևանում
«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենան տավղահար Քսավիեր դե Մեստղը և տենոր Ռոլանդո Վիլլասոնը:
Համերգային երեկոն տեղի կունենա նոյեմբերի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Քսավիեր դե Մեստղը մեր օրերի լավագույն տավղահարներից մեկն է: Լինելով իր գործիքի կատարյալ վարպետ՝ նա ընդլայնել է տավղի երգացանկը՝ ժամանակակից կոմպոզիտորներից անձամբ պատվիրելով նոր գործեր։ Նա նաև զբաղվում է տարբեր ստեղծագործությունների փոխադրմամբ և միակ քնարահարն է, որը կատարել է Մոցարտի 19-րդ դաշնամուրային կոնցերտը ֆա մաժորում, K 459։
Երաժիշտը համագործակցել է Անդրե Պրևինի, Սըր Սայմըն Րեթլի, Ռիկարդո Մուտիի և այլոց հետ: Նրան նվագակցել են Մոնրեալի, Բիրմինգհեմի և Ֆինլանդիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբերը, Լոնդոնի, Պետերբուրգի և Չինաստանի Ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբեր: Ֆրանսիայում երաժիշտը համագործակցել է Փարիզի, Փարիզի և Լիոնի պետական, Մոնտե Կառլոյի, Մոնպելիեի, Լիլի ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, մենահամերգներով հանդես եկել Փարիզի և Լիլի օպերային թատրոններում, Լիոնում, Բորդոյում, Նիսում, Պոյտիեում, Ավինյոնում և մի շարք այլ վայրերում։
2019-2020 թվականներին նա սկսում է նոր համագործակցություն Ռոլանդո Վիլլասոնի հետ: Նրանք ելույթով հանդես են եկել Մոսկվայի «Զարյադիե» դահլիճում, Ֆրանկֆուրտի օպերայում, «Ռայնգաու Մուզիկ» փառատոնում, Վիեննայում, Պրահայում, այցելել են աշխարհի այլ քաղաքներ համերգային շրջագայության: Քսավիեր դե Մեստղը աշխատել է ֆլամենկոյի և կաստանետի լեգենդ Լուչերո Տենայի հետ իսպանական երգացանկի ծրագրում՝ շրջագայելով Եվրոպայում, Ճապոնիայում և Չինաստանում։ Նա նաև ելույթ է ունեցել Հոնկոնգի «Ֆրանսիական մայիս» փառատոնում և թողարկել ալբոմ, համագործակցել է նաև Դիանա Դամրաուի, Արաբելա Շտայնբախերի, Դանիել Մյուլլեր-Շոթի, Բայբա Սկրիդեի, Անտուան Թամեստիտի, Մոյցա Էրդմանի և Մագալի Մոսնիերի հետ:
2008 թվականից դե Մեստղը «Սոնի մյուզիք»-ի բացառիկ երաժիշտ է։ Նա իր առաջին ալբոմի՝ Դեբյուսիին նվիրված Nuit d’Etoiles-ի համար արժանացել է Echo Klassik մրցանակի՝ որպես լավագույն կատարող։ Հետագայում թողարկում է նաև բարոկկո երաժշտություն ներկայացնող մի շարք ալբոմներ:
Նա 2001 թվականից դասավանդում է Համբուրգի երաժշտական ավագ դպրոցում։