Սպասելիքներ չկան
Օրերս կառավարությունը հավանություն տվեց 2024թ. պետական բյուջեի նախագծին և ուղարկեց Ազգային ժողով։ Չնայած նախատեսվում է ավելացնել բյուջեի՝ ինչպես եկամուտները, այնպես էլ՝ ծախսերը, հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթից հասարակության սոցիալական վիճակի բարելավման առումով որևէ սպասելիք չկա։
Սոցիալական ոլորտում կառավարությունն ավելացումներ չի նախատեսում։
Խոսքն ինչպես աշխատավարձերի, այնպես էլ՝ կենսաթոշակների ու նպաստների մասին է։
Կենսաթոշակներն ու նպաստները կմնան այնքան, ինչքան այս տարի են։
«Կենսաթոշակային ապահովության բնագավառում անհրաժեշտ միջոցները հաշվարկվել են՝ պահպանելով 2023թ. հուլիսի 1-ից հետո կատարված փոփոխություններով սահմանված չափորոշիչները, որոնցով նվազագույն կենսաթոշակը կազմում է 36 հազար դրամ»,- բյուջեի նախագծում գրել է կառավարությունը։
Կենսաթոշակների գծով ծախսերը կկազմեն՝ 326 միլիարդ, իսկ ընտանեկան նպաստներինը՝ 30 մլրդ դրամ։
Ընտանեկան նպաստների տրամադրման ոլորտում կառավարությունը նախատեսում է փոխել քաղաքականությունը։ Ինչպես միշտ, այդ փոփոխությունները միտված են լինելու այս համակարգում ընդգրկվածների թվի հնարավորինս կրճատմանը։ Դրա հաշվին գումարներ կտնտեսեն ու հավանաբար կուղղեն այլ ծրագրերին՝ տպավորություն ստեղծելով, թե սոցիալական խնդիրներ են լուծում։ Նման մոտեցումը նորություն չէ այս իշխանությունների պարագայում։ Միշտ էլ մի տեղից գումարները կրճատում են, ուղղում մեկ այլ տեղ ու կարծում են, թե մեծ բան են արել։
Հաջորդ տարի կենսաթոշակառուներն ու նպաստառուները կենասաթոշակների ու նպաստների բարձրացման առումով ուրախանալու ոչինչ չեն ունենա, փոխարենը՝ ստիպված կլինեն դիմակայել սպասվող գնաճին։
Կենսաթոշակներն ու նպաստները չեն բարձրանա, այնինչ կառավարությունը կանխատեսում է, որ գնաճը հաջորդ տարի կկազմի 4+-1,5 տոկոս։
Սա նշանակում է, որ այս խմբերում ընդգրկված քաղաքացիների սոցիալական վիճակը ոչ միայն չի բարելավվի, այլև կվատանա։ Թեպետ առանց այդ էլ մի բան չէ, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին Հայաստանում արձանագրված բարձր գնաճի ազդեցությունը շատ ավելի մեծ է, քան այն չնչին ավելացումները, որոնք եղել են կենսաթոշակների ու նպաստների առումով։
Միայն այն, որ գների մակարդակով մենք առաջատարն են ԵԱՏՄ-ում ու անցել ենք նույնիսկ Ռուսաստանին, բավական է պատկերացնելու համար, թե ինչքան է կյանքը թանկացել Հայաստանում։ Երևանում ապրելու գինը ավելի բարձր է, քան Մոսկվայում, որը միշտ էլ համարվել է աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկը։
Այսպիսի թանկացումներից հետո, կառավարությունը բյուջեում փող չի գտել կենսաթոշակներն ու նպաստները գոնե ինդեքսավորելու համար։ Սպասվող գնաճի պայմաններում՝ սոցիալական ամենախոցելի խմբերի հատկացումները մնացել են նույնը։
Այդպես էլ կառավարությունը նախատեսում է մինչև 2026թ. Հայաստանում վերացնել ծայրահեղ աղքատությունը։
Իհարկե, առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նման խոստում է տալիս։
Իշխանության գալու առաջին տարում էին հայտարարել ծայրահեղ աղքատությունը վերացնելու մասին։ Դա պիտի անեին մինչև 2023թ., նույնիսկ ավելի շուտ։
Բայց ինչպես տեսնում ենք, այսօր էլ Հայաստանում քիչ չեն՝ ինչպես ծայրահեղ աղքատները, այնպես էլ՝ ընդհանրապես աղքատները։ Դրանց քանակը վերջին տարիներին նույնիսկ ավելացել է։
Հաջորդ տարի նվազագույն աշխատավարձի բարձրացում ևս չի նախատեսվում։ Չնայած այս խմբում էլ ընդգրկված են սոցիալական մյուս խոցելի խմբերը՝ այսպես ասած, աշխատող աղքատները։
Նրանք էլ ստիպված կլինեն յոլա գնալ իրենց չնչին աշխատավարձերով։
Կառավարությունը նրանց դեպքում ևս հաշվի չի առել սպասվող գնաճը։ Որքան էլ այս տարի գնաճը բարձր չէ, առաջիկայում դարձյալ կակտիվանա։ Հատկապես այն բանից հետո, երբ դոլարը վերստին սկսել է թանկանալ։
Ամենայն հավանականությամբ, թանկացումը կշարունակվի նաև հաջորդ տարի։
Դոլարի թանկացումը լավ առիթ է ներմուծողների համար, որպեսզի բարձրացնեն ապրանքների գները։ Ու դա առաջիկայում կտեսնենք թանկացումների տեսքով։
Նվազագույն աշխատավարձը, ինչպես այս տարի, հաջորդ տարի էլ կլինի 75 հազար դրամ։
75 հազար դրամով մարդիկ ստիպված պիտի լինեն ապրել մեկ ամբողջ ամիս՝ սնվել-հագնվել ու դեռ բազմաթիվ այլ վճարումներ կատարել։
Պետական հատվածում ևս հաջորդ տարի աշխատավարձերի բարձրացում չի սպասվում։
Թեև գաղտնիք չէ, որ կառավարությունն իրեն պետք եղած ժամանակ և պետք եղած ոլորտներում աշխատավարձերը բարձրացնելու համար միշտ էլ տարբերակներ գտնում է։ Դա բազմիցս տեսել ենք նույն դատական ու իրավապահ համակարգերում։
Հաճախ նույնիսկ դրանով էլ չեն բավարարվում ու նաև արտահերթ պարգևավճարներ են բաժանում։
Վերջերս, երբ ներքաղաքական լարվածությունը կրկին սրվեց, շտապեցին պարգևավճարներ տալ ոստիկաններին՝ ընդդիմության ցույցերն ավելի բիրտ մեթոդներով ցրելու, քաղաքացիների իրավունքները կոպիտ կերպով ոտնահարելու ու իշխանություններին ամեն գնով հաճոյանալու համար։
Ոստիկաներին ուզածի պես կերակրում են, իսկ սոցիալական խոցերի խմբերի համար ափսոսում են փող տալ։
Սոցիալական իրավիճակի և հատկապես՝ խոցելի խմբերի կյանքի պայմանների բարելավման առումով, հաջորդ տարի իշխանություններից բացարձակ սպասելիքներ չկան։ Կառավարությունը, որքան էլ առիթը բաց չի թողնում հպարտանալու բյուջեի եկամուտների աճերով, փող չի գտել նրանց համար։ Ուստի կենսաթոշակառուները, նպաստառուները, աշխատող աղքատները ստիպված կլինեն բավարարվել եղածով ու սպասել, թե երբ կառավարությունը կբարեհաճի մտածել իրենց մասին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ