Հարյուր-հազարավոր քաղաքացիների սպառնում է աղքատացում
Թեև այս տարվա համար կառավարությունն արտաքուստ բավական ճոխ բյուջե է հաստատել, թվանկարչությամբ ու գումարների տեղերը փոխելով, մի տեղից հանելով, մեկ այլ տեղ դնելով՝ արհեստականորեն մի քանի հարյուր միլիարդ դրամով ավելացրել է բյուջետային ծախսերը, դրանից քաղաքացու կյանքում մեծ բան չի փոխվելու։ Սպասվում է, որ սոցիալական իրավիճակը երկրում նույնքան ծանր կլինի, ինչպես նախկինում։
Ավելին՝ հարյուր-հազարավոր քաղաքացիների սպառնում է աղքատացում։ Նրանց եկամուտները չեն աճելու, իսկ ծախսերը՝ կառավարության իրականացրած «բարեփոխումների», հարկային բեռի ծանրացումների, տույժերի ու տուգանքների, տարբեր ոլորտներում ծառայությունների վճարների բարձրացումների հետևանքով, էապես ավելանալու են։
Այդ մարդիկ ստիպված են լինելու ավելի վատ ապրել, քան նախկինում էին ապրում։
Եվ ոչ միայն հարկային ծանրացումների, այլև սպասվող գնաճի պատճառով։
Այդպիսի մարդկանց քանակը բավական մեծ է լինելու՝ հասնելու է հարյուր-հազարների։
Խոսքն առաջին հերթին սոցիալական խոցելի խմբերի մասին է՝ կենսաթոշակառուներ ու նպաստառուներ, որոնց թիվը Հայաստանում անցնում է 600 հազարից։
Չնայած բյուջեի «ճոխություններին», այս մարդկանց կյանքում ոչ մի լավ բան չի սպասվում։ Նրանց սոցիալական վիճակը նույնիսկ վատանալու է։ Մի բան էլ աղքատանալու են, որովհետև կառավարությունը միջոցներ չի գտել բյուջեում նրանց թոշակներն ու նպաստներն ավելացնելու համար։
Այս տարի կենսաթոշակառուներն ու նպաստառուները կստանան այնքան կենսաթոշակ ու նպաստ, որքան ստանում էին անցած տարի։ Կենսաթոշակներն ու նպաստները չեն ավելանա, փոխարենը՝ կավելանան ծախսերը։
Միայն գնաճի ազդեցությունը բավական է՝ ասելու, որ այս մարդիկ կսկսեն ավելի վատ ապրել, քան ապրում էին նախորդ տարի։
Ճիշտ է, Հայաստանում գնաճի տեմպը նվազել է, բայց շարունակում է պահպանվել։
Կենտրոնական բանկը, որը կոչված է ապահովել գների կայունությունը, կանխատեսում է, որ գնաճն աստիճանաբար կակտիվանա և կտատանվի սահմանված նպատակային ցուցանիշի շրջակայքում։
Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկի նպատակային ցուցանիշը 2,5-5,5 տոկոսն է։
Նույնիսկ 2,5 տոկոս գնաճը բավական է՝ համոզվելու, որ այս մարդկանց սոցիալական վիճակը վատանալու է։ Հատկապես որ, գիտենք, թե գնաճը հիմնականում որ ապրանքների մասով է առավել ակտիվ լինում։
Դեռ չենք ասում, որ դա էլ նախորդ տարիների համատարած ու կտրուկ թանկացումների վրա արձանագրվող գնաճն է։ Դրանց ազդեցությունը դեռևս չչեզոքացված՝ այս մարդկանց վրա նոր գնաճ է ավելանալու, ու դա բերելու է նրանց սոցիալական վիճակի վատացման, աղքատության խորացման։
Բայց դա միայն կենսաթոշակառուներին ու նպաստառուներին չէ, որ սպառնում է։
Սոցիալական իրավիճակի վատացում է սպասվում նաև, այսպես կոչված՝ «աշխատող աղքատներին»։
Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք աշխատում են ու ստանում նվազագույն աշխատավարձ, երբեմն նաև՝ դրանից քիչ։ Աշխատավարձերի այն աճերը, որոնց մասին իշխանությունները սիրում են բոցաշունչ ճառեր ասել, այս մարդկանց չեն վերաբերում։ Այդ աճերը, գիտենք, թե ում հաշվին են։ «Աշխատող աղքատները» հիմնականում դրանց մեջ չեն մտնում։
Կառավարությունը որոշել է, որ այս տարի Հայաստանում նվազագույն աշխատավարձը չի բարձրանալու, ու դա նշանակում է, որ հարյուր-հազարավոր մարդիկ, ովքեր ստանում են նվազագույն աշխատավարձ, շարունակելու են ստանալ նույնքան, ինչքան նախորդ տարի։
Աշխատավարձերի տեսքով նրանց եկամուտները չեն ավելանալու, իսկ հարկադրված ծախսերը մեծանալու են՝ թե՛ հարկային բեռի ծանրացումների, և թե՛ գնաճի հետևանքով։
Աղքատանալու են նաև բոլոր նրանք, որոնց աշխատավարձերի բարձրացում այս տարի չի սպասվում։
Այդպիսիք շատ են լինելու՝ ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր հատվածում։
Բավական է նշել, որ այս տարի պետական համակարգում աշխատավարձերի համատարած բարձրացում չի սպասվում։ Տեղային բարձրացումներ կլինեն, բայց դա քչերին է վերաբերելու, երբեմն՝ միայն ընտրյալներին։
Աշխատավարձերի չբարձրացման փոխարեն՝ ծախսերի ավելացման ազդեցությունը մեծ է լինելու հատկապես այն աշխատողների վրա, ովքեր միջինից ցածր աշխատավարձ են ստանում։
Սրանք դեռ աշխատողներն են, կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որոնք որոշակի եկամուտներ ստանում են։ Բայց կա նաև մարդկանց մի ոչ պակաս մեծ խումբ, որոնք ոչ աշխատանք ունեն, ոչ էլ կենսաթոշակ ու նպաստ են ստանում։ Խոսքը գործազուրկներին է վերաբերում։
Հայաստանում գործազուրկների քանակը հասնում է 180 հազարի։ Այս մարդիկ ոչ միայն աշխատավարձի ու այլ վճարների տեսքով եկամուտ չեն ստանալու, այլև կրելու են գնաճի ու մյուս բոլոր ֆինանսական ծանրացումների ազդեցությունը։
Այսքանից հետո զարմանալի չէ, որ Հայաստանում 800 հազարից ավելի աղքատներ կան, մի քանի տասնյակ հազար՝ ծայրահեղ աղքատներ։ Եկամուտների չավելացման, փոխարենը՝ ծախսերի համատարած ծանրաբեռնման հետևանքով, պարզ է, որ այս մարդիկանց շրջանում աղքատությունը խորանալու է, սոցիալական վիճակն ավելի է վատանալու։
Հարյուր-հազարավոր քաղաքացիներ շարունակելու են ապրել աղքատության մեջ՝ նույնիսկ ավելի վատ, քան ապրում էին նախորդ տարի։
Սա այն է, ինչ այս տարի սպասվում է շատերին՝ իշխանությունների իրականացրած «արդար» սոցիալական քաղաքականության արդյունքում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ