«Իսրայելա-պաղեստինյան պատերազմն Ադրբեջանի ու Թուրքիայի ուշադրությունը չի շեղի Հայաստանից. պետք է զգոն լինենք». Արարատ Կոստանյան
«Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, 50-60 տարի է՝ շարունակվում է, և վերջին պատերազմական գործողությունները հաշվի առնելով, տարածաշրջանի նոր՝ ավելի լայանամասշտաբ պատերազմից խուսափելու համար, պետք է Պաղեստինի պետությունը միջազգայնորեն ճանաչվի։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր նոր ահաբեկչություններից խուսափել և Իսրայելի վարած կոշտ ռազմական և անմարդկային գործունեությունը կասեցնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ, միջազգայնագետ Արարատ Կոստանյանը՝ խոսելով պաղեստինա-իսրայելական նոր պատերազմի և տարածաշրջանի վրա դրա ազդեցության մասին։
Նրա կարծիքով՝ այն գործողությունները, որոնք այսօր իրականացնում է Պաղեստինը, Իսրայելի վարած երկարատև քաղաքականության արդյունքն է, քանի որ չի ճանաչել Պաղեստինին՝ որպես պետություն։ Ավելին՝ արտաքսում է պաղեստինցիներին իրենց սեփական հողերից, իսկ պաղեստինցիներն էլ իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմում են ահաբեկչական գործողությունների։
«Ինքս բազմիցս անդրադարձել եմ Իսրայել-Ադրբեջան սերտ համագործակցությանը, մասնավորապես՝ ռազմական, դիվանագիտական ու քաղաքական ոլորտներում։ Սա նրանք երբեք չեն թաքցրել, նույնիսկ հայտարարում էին, որ երկուստեք միմյանց դիտարկում են՝ որպես ռազմական դաշնակիցներ։ Այս ամենը մենք հստակ տեսանք 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ միմյանց սատարում էին ոչ միայն ռազմական ու դիվանագիտական խողովակներով, այլև իսրայելական թերթերն իրենց աջակցությունն էին հայտնում Ադրբեջանին։ Իհարկե, չենք մոռանում, որ մի քանի ինտելեկտուալ հրեա մտավորականներ Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները համարում էին ոչ ճիշտ, բայց սա առոչինչ էր։ Իսրայելն այդ ամենը կապում էր Իրանի հետ, իբր թե նրա ազդեցությունը նվազեցնելու համար է ամեն ինչ անում, բայց դա արդարացի չէր, քանի որ Ադրբեջանի պատերազմն Արցախի դեմ էր»,- հավելեց Արարատ Կոստանյանը։
Նրա դիտարկմամբ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության համատեքստում չպետք է կտրուկ ասել, որ Թուրքիան Իսրայելի կողմնակիցն է կամ Պաղեստինի, քանի որ Թուրքիան կարողանում է շատ ճկուն երկու թևի վրա խաղալ։ Իսրայելը տարածաշրջանում համարվում է Թուրքիայի դաշնակիցը, դա են վկայում երկու երկրների միջև ստորագրված համագործակցության պայմանագրերը։ Նրա խոսքով՝ թեպետ, արաբական աշխարհն այլևս չի հավատում Էրդողանի երկստանդարտյան խաղին, չնայած մուսուլմանական եղբայրների հետ կան դիվանագիտական ու գաղափարական սերտ հարաբերություններ, բայց այնպես չէ, որ նա դիտարկվում է Պաղեստինի պաշտպան։
«Այստեղ կա մուսուլմանական աշխարհի լիդերության համար պայքար, արաբական երկրները թույլ չտան, որպեսզի Էրդողանը հանդես գա այդ լիդերի դերում, որքան էլ նա փորձի ձևացնել իրեն այդ պաշտոնում։
Պաղեստինա-իսրայելական պատերազմը դեռ նոր է սկսվում և երկար է շարունակվելու՝ երկու կողմերը չեն զիջում։ Պաղեստինյան կողմն առաջին անգամ է կարողանում այսպիսի պատերազմ մղել, հարձակումն առաջին անգամ տեղափոխվել է իսրայելական տարածաշրջան։
Այս պատերազմով մեր տարածաշրջանում փորձ է արվում երկբևեռ ուժերի միջև նոր ֆրոնտ բացել։ Գիտենք, որ Միացյալ Նահանգներում ռազմական նավատորմն արդեն Մերձավոր Արևելք է ուղղվում։ Իսկ Ռուսաստանից էլ պաշտոնական հայտարարություններ եղան, որ ԱՄՆ-ը տարածաշրջան չպետք է այլ հակամարտություն բերի։ Այստեղ հարկ է հստակ նշել, որ այս պատերազմը չի կարող Ադրբեջանի ու Թուրքիայի ուշադրությունը շեղել Հարավային Կովկասից, մասնավորապես՝ Հայաստանից, շեղումը կարող է լինել որոշ չափով։ Թշնամին ամենևին հետ չի կանգնել, իրենց տերմինով ասած՝ «Զանգեզուրի միջանցքից»։ Մենք չպետք է հանգիստ լինենք ու մտածենք, թե վտանգն անցավ։ Վտանգ ամեն րոպե կա, և պետք է զգոն լինենք»,- եզրափակեց Արարատ Կոստանյանը։