
Ալիևն ասել է, որ հայերը շներ են, որոնց պետք է դուրս քշել Լեռնային Ղարաբաղից. Լոուրենս Մարտին

Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի քննության ժամանակ Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինը հայտարարել է, թե 100 հազար հայեր՝ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը, ստիպված է եղել լքել իրենց տներն ու շրջանները։
Նրա խոսքով, իրենք դա արել են Ադրբեջանի «երկաթե բռունցքի» հարվածների տակ։
«Ալիևն ասել է, որ հայերը շներ են, որոնց պետք է դուրս քշել Լեռնային Ղարաբաղից։ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը քաջատեղյակ են Ադրբեջանի այս քաղաքականությանը, որտեղ երեխաներին օրորոցից սովորեցնում են ատել հայերին։ Դպրոցական դասագրքերում գրում են, որ հայերին պետք է ատել, և նրանց երակներում սատանայի արյուն է հոսում»,- ասել է փաստաբանը։
Նա դատարանին կոչ է արել ուսումնասիրել 44-օրյա պատերազմի ժամանակ հայերի ջարդերը տոնող ադրբեջանցիների կադրերը։ «Քաղաքացիականներն ու զինվորականները ծաղրում էին հայերի մարմինները, Բաքվում ստեղծվել է հայերի ռասիստական պատկերներով այգի։ Չնայած Ադրբեջանը խոստացել էր հնարավորություն տալ հայերին վերադառնալ օկուպացված տարածքներ, սակայն դա տեղի չունեցավ։ Ավելին, Լաչինի միջանցքի ևս մի քանի գյուղ հայաթափվեց»,- ասել է նա՝հավելելով, որ Ադրբեջանը նույնիսկ դրոշմանիշ է թողարկել Ղարաբաղը հայերից «ախտահանելու» մասին։
Փաստաբանի կարծիքով, ՀՀ կողմից հայցվող կոնվենցիոն իրավունքները հիմնավոր են։