Լեռնային Ղարաբաղի հայերն էթնիկ զտման զոհ են դարձել․ Քիմ Քարդաշյան

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն աջակցություն է հայտնել իր հրեա ընկերներին՝ ասելով, որ նրանք մենակ չեն, և այդ համատեքստում հիշեցրել է այն հումանիտար ճգնաժամի մասին, որի առաջ կանգնել են Լեռնային Ղարաբաղի հայերը։ Instagram-ի հրապարակման մեջ Քարդաշյանը նշել է, որ վերջին օրերին իրեն մեծ ցավ են պատճառել «ամբողջ աշխարհի աչքերի առջև ահաբեկված և սպանված երեխաների և ընտանիքների տեսանյութերը»։

Նշելով, որ դաժան ահաբեկչության պատճառով տառապում և մեծ գին են վճարում թե՛ իսրայելցիները և թե՛ պաղեստինցիները՝ Քարդաշյանը նաև հիշատակել է Հայոց ցեղասպանությունը, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, ինչպես նաև այժմ Ադրբեջանում պահվող ռազմագերիներին։

«Որպես հայ՝ ես հատկապես զգայուն եմ նման հարցերի նկատմամբ, քանի որ տարիներ շարունակ խոսել եմ Հայոց ցեղասպանության մասին, և հիմա՝ ամիսների շրջափակումից հետո, որին լրատվամիջոցներում նվազագույն անդրադարձ եղավ, և չեղավ ոչ մի արտաքին աջակցություն, հայերն Արցախում էթնիկ զտման զոհ են դարձել։ Այս պահին նրանք նույնպես տառապում են ծայրահեղ մարդասիրական ճգնաժամից, և դեռ կան պահվող ռազմագերիներ և անհետ կորածներ», – գրել է Քարդաշյանը։

Ամերիկահայ աստղը հավելել է․ «Անկախ նրանից, թե ում կողմից եք և ինչպես են ձեզ վրա ազդել վերջին մի քանի օրերի սարսափները, մենք սրտերում միշտ պետք է կարեկցանքի տեղ գտնվի այն անմեղ մարդկանց նկատմամբ, որոնք դարձել են իշխանության, քաղաքականության, կրոնի, ռասայի և ազգային պատկանելության պատճառով պատերազմողների զոհը»։

Տեսանյութեր

Լրահոս