Բաժիններ՝

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 6-րդ փառատոնի բոլոր ֆիլմերը մարդկային պատմություններ են և շատ կարևոր ուղերձներ ունեն. Գուժ Թադևոսյան

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 6-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 20-24-ը մայրաքաղաք Երևանում և քաղաք Ծաղկաձորում։ Միջոցառմանն ընդառաջ կինոփառատոնի անցած ճանապարհի, նպատակների, փառատոնում կատարված ծրագրային փոփոխությունների մասին «Արմենպրես»-ը զրուցել է փառատոնի հիմնադիր-տնօրեն, պրոդյուսեր Գուժ Թադևոսյանի հետ։

– Պարոն Թադևոսյան, ինչպես տեղեկացանք, չնայած Հայաստանում ստեղծված իրավիճակին՝ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 6-րդ միջազգային կինոփառատոնը կայանալու է, բայց ծրագրում կատարվել են որոշակի փոփոխություններ։

– Այո, մեր հայրենիքի համար այսօր բարդ ժամանակներ են։ Մեզ անհրաժեշտ է գիտակցել, որ հիմա առավել քան երբևէ մեզ պետք է քաջություն ունենալ և պատասխանատվություն վերցնել առաջ տանելու մեր մշակույթը, ստեղծել մշակութային նոր արժեքներ և դրանք հանրայնացնել ու ճանաչելի դարձնել աշխարհին, ստեղծել մեր երիտասարդների համար ստեղծագործելու, կայանալու ու զարգանալու հնարավորության արդյունավետ հարթակներ։ Ուստի, մենք փառատոնն անցկացնելու որոշում կայացրեցինք։ Բնականաբար, իրավիճակով պայմանավորված, փառատոնի ծրագրում կատարեցինք փոփոխություններ. բոլոր ժամանցային ծրագրերը չեղարկել ենք, ինչպես նաև փոփոխվել է փառատոնի անցկացման վայրը։ Ինչպես գիտեք, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի ձևաչափի համաձայն մենք այն ամեն տարի անցկացնում ենք բացի Երևանից նաև որևէ այլ մարզի տարբեր քաղաքներում։

Այս տարի ընտրվել էր ՀՀ Արմավիրի մարզը՝ Մեծամոր, Էջմիածին և Արմավիր քաղաքներով։ Սակայն այդ քաղաքների համապատասխան վայրերն այս պահի դրությամբ առավել քան անհրաժեշտ են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար, ուստի, փառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և քաղաք Ծաղկաձորում։ Խոսել ենք Ծաղկաձորի քաղաքապետարանի հետ, որպեսզի նրանց օգնությամբ կարողանանք իրազեկել քաղաքում բնակություն հաստատած մեր արցախահայությանը մշակութային միջոցառումների մասին, որպեսզի ցանկության դեպքում գան, մասնակցեն, կրկին ինտեգրվեն մշակութային կյանքին, իսկ երիտասարդ ստեղծագործողները կարողանան շփվել և ծանոթություններ ձեռք բերել։

– Պարոն Թադևոսյան, կպատմե՞ք՝ ինչպես ծնվեց կինոփառատոն հիմնելու գաղափարը, այն էլ՝ կարճամետրաժ ֆիլմերի։

– Ամեն ինչ սկսվեց, երբ որոշեցի դառնալ կինոռեժիսոր։ Հայրս ևս ռեժիսոր է, և կինոյի հետ իմ հարաբերությունները մանկությունից են սկսվել, բայց ռեժիսոր դառնալ չէի պատրաստվում։ Արվեստագետների ընտանիքում հաճախ է լինում, որ մասնագիտությունը սերնդեսերունդ փոխանցվում է։ Ես որոշել էի դառնալ դիվանագետ, արդեն պարապում էի, և ընդունելության քննություններից երեք ամիս առաջ կարճ ժամանակում կտրուկ որոշումս փոխեցի. դիմեցի և 2006 թվականին ընդունվեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։ Սովորեցի, այնուհետև շարունակեցի մագիստրատուրան Վիգեն Չալդրանյանի մոտ և նկարահանեցի առաջին ֆիլմս՝ «Մարգար պապը», որը դիպլոմային աշխատանքս էր։ Այսօրվա պես հիշում եմ՝ այդ տարի պարոն Չալդրանյանը մեր կուրսից ընդամենը երկու հոգու 5 գնահատեց, որից մեկը ես էի։ Երկուսիս ֆիլմերն էլ սկսեցին իրենց փառատոնային հաղթարշավը։ Դա հաղթարշավ եմ համարում, որովհետև ֆիլմս տարբեր երկրներում գրեթե 30-ից ավել փառատոնի մասնակցեց և արժանացավ մրցանակների։ Այդտեղից էլ սկսվեց հետաքրքրությունս փառատոնային միջավայրի նկատմամբ։ Դա նոր էր ինձ համար, իսկ երիտասարդ ու սկսնակ կինոռեժիսորի կյանքում յուրաքանչյուր նոր բան այդ տարիքում կայանալու ու պրոֆեսիոնալ դառնալու հնարավորություն է։ Հետո նկարահանեցի մյուս ֆիլմերս։ Դրանք ևս ունեցան իրենց փառատոնային կյանքը։ Ակտիվ մասնակցում էի միջազգային կինոփառատոնների, շրջագայում էի, նոր ընկերներ, նոր կապեր էի ձեռք բերում։ Հենց այդ ընթացքում էլ միտք հղացավ Հայաստանում էլ ստեղծել կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոն։ Անգամ ուշադրություն չդարձրեցի, թե դաշտում ինչ ուղղվածություններով ինչ փառատոններ ունեինք։ Միակ ցանկությունս էր կիսվել փորձով, այն դժվարություններով, այն խնդիրներով, որով անցել էի, կիսվել դրանց լուծումներով և նոր բացահայտումներով մեր երիտասարդ ստեղծագործողների հետ։ Ահա այդպես էլ ստեղծվեց Փառատոնը։

– Ինչի՞ց սկսեցիք, և ինչպե՞ս տարիների ընթացքում Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնն ամրապնդեց իր դիրքերը հայաստանյան փառատոնային միջավայրում։

– Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 1-ին միջազգային կինոփառատոնն անցկացվեց 2018 թվականին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Երևանում։ Անգամ առաջին տարում կար հետաքրքրվածություն փառատոնի նկատմամբ, բայց հայտերը շատ չէին։ Դա մեկնարկային քայլն էր, և դրանից հետո մենք արդեն սկսեցինք լուրջ հետաքրքրվել միջազգային կինոփառատոնների անցկացման ձևաչափերով, ընթացակարգերով, ուսումնասիրել մեր կինոինդուստրիայում առկա փառատոններն ու դրանց ուղղվածությունները, շեշտադրումները, որպեսզի կարողանայինք տեղական փառատոնային միջավայրում դիրքավորվել։ Քանի որ փառատոնի կազմակերպիչների նպատակներից էր նաև նպաստել մարզային մշակութային կյանքի աշխուժացմանը, այդ իսկ պատճառով փառատոնի կազմկոմիտեն կայացրեց ռազմավարական որոշում մայրաքաղաքի բրենդն օգտագործել ի նպաստ Հայաստանի ընդհանուր մշակութային միջավայրի ակտիվացման և փառատոնն ապակենտրոնացնել ու յուրաքանչյուր տարի անցկացնել որևէ մարզում։ Աշխարհում գրեթե բոլոր հայտնի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնները կրում են մայրաքաղաքի անունը. այդ մոտեցումը պահպանելով, բայց մեր նպատակը հաշվի առնելով մենք երկրորդ տարին փառատոնով ուղևորվեցինք Լոռու մարզ։

Երկրորդ կինոփառատոնը նույնպես իրականացվեց ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Արտերկրից ժամանած կինեմատոգրաֆիստները ծանոթացան Լոռու մարզի բնության և քաղաքների հետ: Մենք կարևորում ենք Հայաստանի տեսարժան վայրերն ու քաղաքները ներկայացնելը արտասահմանյան ստեղծագործողներին։ Դրանցից յուրաքանչյուրը առանձնահատուկ և հրաշալի կինոմիջավայր է, և Հայաստանը համաշխարհային կինոմատոգրաֆիայում ցանկանում ենք ճանաչելի դարձնել նաև որպես նկարահանման գեղեցիկ վայրեր ունեցող երկիր։ Մենք լավ նախադեպեր արդեն իսկ ունեցել ենք. մեր հյուր-ռեժիսորներն իրենց նախագծերով վերադարձել են Հայաստան և այստեղ նկարահանել իրենց ֆիլմերը։

Այնուհետև կայացավ 3-րդ կինոփառատոնը, որը համավարակի պատճառով անցկացրեցինք առցանց ձևաչափով։ 4-րդ կինոփառատոնը անցկացրեցինք Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքներում, 5-րդ հոբելյանականը՝ ՀՀ Կոտայքի մարզում։ Եվ ինչպես արդեն նշեցի 6-րդ փառատոնը անցկացվելու է Երևանում և Ծաղկաձորում։ Այս տարի փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, և շնորհիվ այդ աջակցության, մենք հնարավորություն ունեցանք փառատոնը իրականացնել թե՛ մարզում, թե՛ մայրաքաղաք Երևանում:

– Այս տարիների ընթացքում ի՞նչ հաջողություններ է գրանցել փառատոնը։

– Փառատոնի առաջին հաջողություն այն է, որ մինչ օրս ապրում է շնորհիվ մեր ընկերների, գործընկերների աջակցության։ Չնայած դժվար ճանապարհ ենք անցել, բայց փոքր և հստակ քայլերով կարողացել ենք հասնել ի սկզբանե մեր առջև դրված նպատակներին, որի մասին վկայում են տարեց տարի փառատոնի արդյունքներն ու փառատոնի նկատմամբ հետաքրքրության աճը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Եթե առաջին տարում մենք ազգային ծրագրում ունեցել ենք 10 հայտ, ապա նախորդ՝ 5-րդ հոբելյանական տարում 36 ֆիլմի հայտ, որոնք թե որակապես, թե քանակապես գերազանցել են միջազգային ծրագրին։ Դա նույնպես մի ցուցիչ է, որ փառատոնը աճում է։ Այս տարի մենք գերազանցել ենք բոլոր տարիների ցուցանիշները. Ստացել ենք 700-ից ավել հայտ 75 երկրից։ Դրան էլ ավելի նպաստեց միջազգային filmfreeway.com հեղինակավոր կայքում փառատոնին ոսկե կարգավիճակի շնորհումը, իսկ այդ կարգավիճակը մի շարք գործոնների հիման վրա է տրվում, որին մենք համապատասխանել ենք։

Իսկ ազգային ծրագրում այս տարի ստացել ենք 45 ֆիլմ։ Հատկանշական է, որ այս տարի փառատոնի միջազգային ծրագրում ընդգրկված են նաև Ա դասի՝ Կաննի, Ռոտերդամի, Վենետիկի, Լոկառնոյի, Կլերմոն-Ֆերան փառատոնների մրցութային ծրագրում մասնակցած և անգամ մրցանակակիր ֆիլմեր՝ Բրազիլիայից, Եգիպտոսից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից։ Մեծ ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ մեր փառատոնը լիարժեք ինտեգրվել է երևանյան փառատոնային միջավայրին։ Դրա մասին վկայում է այն, որ մեր նախորդ տարվա փառատոնի մասնակիցներից, օրինակ, ռեժիսոր Տիգրան Աղաջանյանի «Դատարկություն» ֆիլմը, որը երեք մրցանակ էր շահել մեզ մոտ, այս տարի շահեց «Հատուկ հիշատակում» մրցանակ նաև «Ոսկե ծիրանի» կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» մրցույթում։

– Բացի մրցութային ֆիլմերի ցուցադրություններից, էլ ի՞նչ միջոցառումներ են սպասվում Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 6-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ։

– Մեր փառատոնը նպատակ ունի ոչ միայն մրցութային ֆիլմերի ցուցադրություններ իրականացնել, այլև պրակտիկ աշխատանքների միջոցով նպաստել երիտասարդ կինոռեժիսորների մասնագիտական և ստեղծագործական ունակությունների զարգացմանը: Նմանատիպ ծրագիր իրականացրել ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Երեք երիտասարդ կինոռեժիսորների ֆինանսական աջակցություն ենք հատկացրել նկարահանելու իրենց դեբյուտային խաղարկային կարճամետրաժ ֆիլմերը՝ «Հայաստան-Ֆուտուրա» թեմայով: Փառատոնի պատմության ընթացքում հաղթող մասնակիցներին, որպես խրախուսական մրցանակներ տրամադրվել են անվճար պրոֆեսիոնալ կինոտեխնիկա, գերհզոր համակարգիչներ, միջազգային կինոդպրոցում օնլայն սովորելու անվճար հավաստագրեր, միջազգային կինոփառատոնին մասնակցելու հրավերներ և այլն: Այս տարի ևս մեր գործընկերների՝ «Եվրասիա. DOC»-ի, «Օրդֆիլմ»-ի կողմից լինելու են խրախուսական մրցանակներ։

6-րդ փառատոնի ընթացքում առաջին անգամ անցկացնելու ենք երկու ֆորում։ Առաջինը՝ «Երիտասարդ ստեղծագործողների միջազգային ֆորումն» է, որն ավելի կենտրոնացած է մեր տեղացի ստեղծագործողների վրա։ Համագործակցելու ենք հինգ ստեղծագործող միությունների՝ Կոմպոզիտորների, Նկարիչների, Թատերական գործիչների, Կինոգործիչների և Գրողների հետ։ Ֆորումի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ արվեստի ոլորտի ներկայացուցիչներն ու միությունները կքննարկեն իրենց արդյունավետ համագործակցության ձևաչափերը։ Կլինեն նաև պանելային քննարկումներ, որին կմիանան նաև մեր միջագային հյուրերն ու փառատոնի մասակիցները։ Երկրորդ ֆորումը «Վավերագրական կինո հնարավորությունները ու հեռանկարները», որն իրականացնում ենք «Եվրասիա. DOC»-ի հետ։ Միտքը հղացավ նրանից, որ այս տարի վավերագրական ֆիլմերով հայտերը շատ ակտիվ էին։ Որոշեցինք այդ ակտիվությունը բաց չթողնել, և ի նպաստ ռեժիսորների համատեղ ծրագիր իրականացնել Երևանում։ Նշեմ, որ փառատոնի բոլոր ֆիլմերի ցուցադրությունների և միջոցառումների մուտքն ազատ է լինելու:

Այս տարի հետաքրքիր ռեժիսորական ձեռագրերով շատ նոր անուններ ենք լսելու։ Բոլոր ֆիլմերը մարդակենտրոն են, մարդկային պատմություններ են և շատ կարևոր ուղերձներ ունեն։ Վստահ ենք , որ այդ ֆիլմերից յուրաքանչյուրում ամեն դիտող կտեսնի իրեն իր կենցաղում, իր ապրելակերպում և յուրաքանչյուր դիտումից դուրս կգա տպավորված և շատ կարևոր հարցերի շուրջ մտորումներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս