Երբ փղերը կռվում են, խոտն է տրորվում. հիմա ի՞նչ ես ուզում անես, Փաշինյա՛ն, երկիրն ի՞նչ նոր աղետի մեջ ես ներքաշում. Արթուր Մարտիրոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ, ԱՄՆ CM & Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Պետք է հասկանալ ուժային կենտրոնների խաղը։ Փաշինյանն այլընտրանքային խաղ է խաղում, բայց այդ խաղն ի սկզբանե պարտված է, ձախողված է։ Ալիևը կարող է խաղալ, Փաշինյանը՝ ոչ։ Այս խաղում կա՛մ ռուսները պիտի մնան տարածաշրջանում, կա՛մ Արևմուտքը։
  • Ալիևը մերժեց Գրանադա գնալը, որովհետև նախ հարցեր ունի ռուսների հետ լուծելու։ Բացի դրանից, եթե նա հայտնվեր Գրանադայում, եթե անգամ քաղաքական գործիչները հարցեր չտային Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման, ցեղասպանության մասին, այդ դիսկուրսն ընթանալու էր գոնե թե մամուլի մակարդակով։ Դրա համար ինքը գերադասեց խուսափել այդ հանդիպումից։ Չպետք է մոռանալ, որ այդ «Խաղաղության պայմանագրի» փաստաթուղթը Փաշինյանին ավելի շատ է պետք, քան Ալիևին։ Ալիևի տեսանկյունից՝ երբ նա հասել է արդեն իր նպատակին, այնքան էլ կարևոր չէ՝ երբ կլինի այն թուղթը, որի վրա իր նպատակները, շահերն ամրագրված են։
  • Էրդողանն ու Ալիևը սպասում են, որ Փաշինյանն ինքը խնդրի նրանց Զանգեզուրի միջանցքի հարցը լուծելու համար, որովհետև իրենք Իրանով ճանապարհը ստանում են, տարբեր նախագծերի են միասին մասնակցում, տնտեսական դիվիդենտները՝ նույնպես ստանում են, իսկ Փաշինյանը, բնականաբար, խաղից դուրս է մնում։
  • Մենք չպետք է տարածաշրջանին նայենք՝ միայն որպես ռուս-ամերիկյան խաղացողների դաշտի․այստեղ կան նաև այլ խաղացողներ։ Բայց նրանք էլ ունեն խնդիրներ։ Դրա համար ռեգիոնի խնդիրները պետք է լուծվեն ռեգիոնի խաղացողների կողմից։
  • Եթե որևէ մեկին 3 ամիս առաջ անգամ հարցնեին՝ կարո՞ղ է ՀԱՄԱՍ-ը նման հարվածներ հասցնել Իսրայելին, միանշանակ կպատասխաներ՝ ոչ։ Իսրայելական բանակի մասին միֆը պայթեց այս օրերին։
  • Լավագույն դեպքում այն, ինչ ստացավ Փաշինյանը Գրանադայում, մասնակցությունն էր ժողովրդավարական երկրների ակումբում։ Հանդիպեց Զելենսկու, Տիխանովսկայայի հետ։ Գնաց, որ իրեն ասեն՝ դու ժողովրդավար ես։ Իսկ դա իր իշխանությունը պահելու միակ միջոցն է։
  • Եթե Փաշինյանն այդ այլընտրանքային խաղի մեջ հույս ունի փոխել Հայաստանի և տարածաշրջանի անվտանգային ճարտարապետությունը (նոր բառեր են սովորել Փաշինյանն ու ՔՊ-ականները), ապա պետք է իմանա, որ անվտանգությունը միայն զենք գնելով չի։
  • Երբ փղերը կռվում են, խոտն է տրորվում։ Խոտն է տուժում: Չպետք է խոտ լինես: Հիմա դու ի՞նչ ես ուզում անես, Փաշինյա՛ն։ Երկիրն ի՞նչ աղետի մեջ ես ներքաշում:
  • Ես չեմ ասում՝ պետք է մնալ ռուսական ճամբարում, բայց առնվազն չպետք է սրել հարաբերությունները, թշնամականի վերածել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Ցուցակը շատ մեծ է Փաշինյանի այն արարքների, որոնք բերել են այդ հարաբերությունների սրմանը։ Դիվանագիտության մեջ դրա արձագանքներն այլ կերպ են լինում։

Կարդացեք նաև

  • Ռուսների համար Փաշինյանը ոչնչով չի տարբերվում Նավալնիից ու Տիխանովսկայայից, միայն նրանով, որ ընտրվեց։ Փաշինյանը սկզբում չէր ընդունում Արցախյան հարցով իրեն արված առաջարկները։ Իրեն գժի տեղ էր դնում, հետո կանգնեց, ասաց՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ Դիլետանտության գագաթնակետն է։ Փաշինյանը և նրա թիմը որոշել էին շուստրիություն անել ու չընդունել Լավրովի պլանը, որի այլընտրանքը պատերազմն էր։ Իսկ Փաշինյանն ասում էր՝ ես պատրաստ եմ պատերազմի։ Ռուսներն էլ ասացին՝ դե թող պատերազմով լինի, կպարտվես, հետո կասես՝ նախկիններն էին մեղավոր, ժողովուրդն էր մեղավոր՝ չկռվեցին, դասալիքներ էին, դավաճաններ էին…
  • Ռուսները մեծամտություն ցուցաբերեցին։ Նրանք մտածում էին՝ եթե մենք մեր խաղաղապահ ուժերը բերել ենք Ղարաբաղ, ապա Թուրքիան ու Ադրբեջանը առանց իր հետ որևէ քայլ համաձայնեցնելու ոչինչ չեն անի։ Այդպես չեղավ։
  • Սեպտեմբերի 19-ի պատերազմից առաջ Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունների տրամաբանությունը ես տեսնում եմ։ Ամերիկացիները Լաչինի միջանցքի բացման հարցում մեղադրել են ռուսներին, ռուսները՝ ամերիկացիներին։
  • Դիվանագիտությունն այն է, որ երբ հզորները բանակցում են, դու պետք է այնպես անես, որ չվնասես քո շահերը։ Այստեղ դիվանագիտություն չկա, դիլետանտներ են, որի հետևանքներից երկիրն ու ժողովուրդն է տուժում:
  • Գրանադայից հետո Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարությունը Փաշինյանն ու ՔՊ-ականները հաղթանակ են համարում։ Հարց՝ իսկ ինչո՞ւ այդ հայտարարության մեջ որևէ տեղում չկար «էթնիկ զտում» բառակապակցությունը, ի՞նչն են հաղթանակ համարում: 
  • Մակրոնն ասում է՝ մենք Ադրբեջանի հետ խնդիր չունենք, պետք չէ սանկցիաներ՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, բայց Ադրբեջանը խնդիր ունի միջազգային իրավունքի հետ։ Այդպես չի լինում։ Սա հակասական հայտարարություն է։
  • Եվրախորհրդարանի հայտարարության մեջ նշված է, որ Ադրբեջանում տապալված են մարդու իրավունքների խնդիրները։ Հարց է ծագում, եթե դուք ինքներդ արձանագրում եք, որ Ադրբեջանն ավտորիտար երկիր է, որտեղ չեն հարգվում մարդու իրավունքներն առհասարակ, այս դեպքում արցախահայերի իրավունքներն ինչպե՞ս պետք է ապահովվեն Ադրբեջանում, երբ ասում եք, որ նրանք պետք է հետ վերադառնան: Այսինքն՝ Եվրախորհրդարանում հայտարարություն անող մարդիկ իրականության հետ կապ չունեն։ Եվրոպացիները մեզ համոզում են, որ հնարավոր է ինտեգրացիա։ Դա նույնպես անում են իրենց շահերի համար:
  • Դու կարող ես մտովի կամ քարտեզով վեկտորներ փոխել, բայց դու չես կարող փոխել աշխարհագրությունը։ Հայտարարություններով աշխարհաքաղաքական վեկտոր չեն փոխում: 
  • Փաշինյանին թվում է, որ հիմա, երբ իրենք Արցախից հրաժարվել են, բոլոր պրոադրբեջանական դիրքորոշում ունեցող երկրները փոխելու են իրենց դիրքորոշումը։ Բայց այդպես չի լինելու․․․Կան այլ շահեր, բոլոր երկրները, այդ թվում՝ ժողովրդավարական, իրենց շահերն ունեն։
  • Փաշինյանն իր հույսը դրել է նրա վրա, որ Ռուսաստանը կարող է պարտվե՞լ, թե՞ մտածում է՝ Ռուսաստանն արդեն պարտվել է, քանդվել, մնացել է միայն «Մոսկովիան» ու առաջացել են տասնյակ այլ պետություննե՞ր… Դրա համա՞ր է նա վատացրել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Փաշինյանը մի օր հանդիպում է Զելենսկու հետ, հաջորդ օրը զանգում է Պուտինին՝ Վլադիմիր Վլադիմիրովիչի ծնունդը շնորհավորում…  Քո դե՞րը որն է, ի՞նչ ես ուզում։ Այս մարդը պարբերաբար 180 աստիճանով փոխում է իր դիրքորոշումները։ Իսկ այդ ամենը շատ ծանր հետևանքներ են ունենում քաղաքացիների և պետության վրա:
  • Ալիևը կարողանում է մերժել և Մակրոնին, և Շոլցին՝ շատ լավ իմանալով, որ այդ երկուսն էլ իր հետ իրենց շահերն ունեն։

  • Կան սցենարներ, որոնց դեպքում իսրայելա-պաղեստինյան պատերազմը կարող է շատ ու շատ մոտենալ մեր սահմանին։ Դա կարող է պատահել, եթե «Հեզբոլլահ»-ը միջամտի այդ պատերազմին։
  • Աշխարհաքաղաքական բոլոր դերակատարների, բոլոր խաղացողների համար շոկ էր, որ հայերն ամբողջովին դուրս եկան Արցախից։ Ադրբեջանցիները չէին ուզում արցախահայերն ամբողջությամբ դուրս գան, որ հետո աշխարհն իրենց չասի՝ էթնիկ զտում է տեղի ունեցել։ Ռուսաստանն էլ կուզենար, որ մի 25 000 գոնե մնային, Արևմուտքին նույնպես ձեռք էր տալիս հայերի որոշակի քանակն Արցախում։
  • Երբ Հայաստանի Հանրապետությունը ձեռքերը լվանում է Արցախից, մենք ի՞նչ ենք ուզում կամ պատկերացնում՝ միջազգային հանրությունը բարեգործական կազմակերպությո՞ւն է ու պիտի մեր հարցերը լուծի՞ մեր փոխարեն։ Միջազգային հարաբերություններում նման բան չի լինում։
  • Թե ինչ կլինի հետո, կախված է մեզնից։ Մենք՝ հայերս, ի՞նչ ենք մտածում՝ վե՞րջ, խաղն ավարտվա՞ծ է, թե՞ դեռևս մի քանի սերունդ Արցախը հայկական դարձնելու, վերադարձնելու երազանքը պիտի փայփայենք ու քայլեր ձեռնարկենք։ 
  • Թումանյանի «Չարի վերջը» հանճարեղ հեքիաթ է․ կկուն ասում է՝ էս մի ձագս էլ տար, միայն թե ինձ հանգիստ թող… ու այդպես մինչև բոլոր ձագերին աղվեսն ուտում է։ Նույնը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության հետ։ Մեզ հանգիստ կթողնեն միայն այն ժամանակ, երբ մենք վերածվենք պարզապես տարածքի։ Դա կկոչվի գուբերնիա՞, թե՞ վիլայեթ, արդեն էական չի։ Երրորդ տարբերակ կա։ Մենք պետք է մտածողություն փոխենք։ Եթե այս իշխանությունները մնան մինչև մյուս ընտրություններ, ապա կվերարտադրվեն, ինչը մեզ կտանի նշածս ճանապարհով։ 
  • Երբ Փաշինյանը հայտարարում է՝ «Ես առաջնորդում եմ Հայաստանի անկախության պաշտպանության շարժումը», այդպիսով նա մտածում է ոչ թե անկախության, այլ նոր կախվածությունների մասին։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս