Ո՞ւմ հաշվին է ծաղկում շինարարությունը
Նիկոլ Փաշինյանը ոչ վաղ անցյալում ակտիվ մարզային այցեր էր իրականացնում, հետևում էր մանկապարտեզների ու դպրոցների կառուցման, փողոցների ու ճանապարհների ասֆալտապատման, ջրագծերի ու մայթերի անցկացման, տարբեր շինությունների վերանորոգման աշխատանքներին, «մասնագետի» աչքով ցուցումներ էր տալիս շինարարներին, դիտողություններ անում։ Փորձում էր տպավորություն ստեղծել, թե երկրով մեկ աննախադեպ ծավալի կառուցապատում ու շինարարություն են իրականացնում։ Այնքան, որ նույնիսկ շինարարակական կազմակերպությունների կարողությունները չեն հերիքում, մասնագետները չեն բավարարում։
Այնինչ՝ պարզվում է, պետության կողմից իրականացվող շինարարական աշխատանքներն այս տարի նույնիսկ նվազել են։ Պետական բյուջեի միջոցներով շատ ավելի քիչ շինարարություն է իրականացվել, քան նախորդ տարի։ Այն դեպքում, երբ այս տարի էապես ավելացվել են բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը։
Կապիտալ ծախսերն ավելացվել են, իսկ փաստացի կատարվածը պակասել է։
Պետական շինարարությունը կրկին կաղում է։
Պաշտոնական տվյալներով, բյուջեով կատարված շինարարական աշխատանքների ծավալը տարեսկզբի յոթ ամիսներին կրճատվել է գրեթե 13 տոկոսով։
Իրականացվել է ընդամենը 41 մլրդ դրամի շինաշխատանք։ Եթե սրան ավելացնենք նաև շինարարության թանկացումը, ապա կատարված աշխատանքի փաստացի ծավալը շատ ավելի փոքր կլինի, քան նախորդ տարի էր։
Գրեթե կիսով չափ նվազել են պետական բյուջեում ներառված միջազգային վարկերով իրականացվող շինարարական աշխատանքները։
Հայտնի է, որ այդպիսի աշխատանքների կրճատումները հիմնականում կապված են լինում ցածր կատարողականների հետ։
Կառավարությունը պարտավորություն է վերցնում տարբեր ֆինանսական կազմակերպություններից ներգրավված վարկային միջոցների շրջանակներում իրականացնել որոշակի ծրագրեր, բայց մշտապես թերանում է։ Չի կարողանում կատարել պարտավորությունները, ինչի հետևանքով այդ ծրագրերը հետ են ընկնում, տեղափոխվում են տարեց տարի, իսկ պետությունը ստիպված է լինում բյուջեի հաշվին տուգանքներ վճարել՝ չիրացված վարկային միջոցների դիմաց։
Պետական բյուջեով տարեսկզբի յոթ ամիսներին իրականացված 41 մլրդ դրամ շինարարական աշխատանքներից 10,3 միլիարդը կատարվել է վարկային միջոցներով։ Նախորդ տարվա համեմատ դրանք նվազել են 42 տոկոսով։
Կրճատվել են գրեթե բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպությունների գումարներով իրականացված շինարարական աշխատանքները։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով կատարված շինարարական աշխատանքներն այս տարի կրճատվել են գրեթե 69 տոկոսով։ Կատարվել է ընդամենը 416 մլն դրամի շինաշխատանք։
Ասիական զարգացման բանկի միջոցներով իրականացված շինարարությունը նախորդ տարվանից պակաս է եղել շուրջ 58 տոկոսով։
Գերմանական զարգացման բանկի պարագայում նվազումն անցնում է՝ 42-ից, Եվրոպական ներդրումային բանկի պարագայում՝ հասնում է 12 տոկոսի։
Կրճատվել, բայց համեմատաբար քիչ է կրճատվել Համաշխա՚հային բանկի միջոցներով իրականացված շինարարությունը։ Կատարվել է 1,8 մլրդ դրամից մի փոքր ավելի շինարարական աշխատանք, ինչը 0,6 տոկոսով զիջել է նախորդ տարվա մակարդակը։
Իսկ այն, որ շինարարության ծավալներն այս տարի բավական մեծ տեմպով աճել են, եղել է հիմնականում մասնավորի հաշվին։ Կազմակերպությունները 37 տոկոսով ավելին են արել, քան անցած տարի։
Նրանց բաժինը շինարարության մեջ հասել է գրեթե 57 տոկոսի։ Նախկինում 50 տոկոսից ցածր էր։
Կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարական աշխատանքներն ավելացել են, բայց դրա մեջ կտրուկ նվազել է օտարերկրյա ներդրողների մասնակցությունը։ Վերջիներս այս տարի չնչին շինարարություն են արել՝ ընդամենը 1,9 մլրդ դրամի, ինչը 76 տոկոսով պակաս է նախորդ տարվանից։
Թե ինչո՞ւ են օտարերկրյա ներդրողներն այդքան կրճատել իրենց մասնակցությունը շինարարության մեջ, կարելի է հասկանալ։ Չկա վստահություն անվտանգության, ապագայի, գուցե նաև իշխանությունների նկատմամբ։
Կրճատվել է նաև բնակչության կողմից իրականացվող շինարարությունը, ինչը հասարակության սոցիալական վիճակի առաջին ու կարևոր ինդիկատորներից մեկն է։
Նիկոլ Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչներն այդքան խոսում են Հայաստանում աշխատավարձերի բարձրացումների, գնաճի նկատմամբ աշխատավարձերի առաջանցիկ աճերի մասին, բայց ինչպես տեսնում ենք, բնակչության շրջանում իրականացված շինարարական աշխատանքները ոչ միայն չեն ավելացել, այլև նվազել են։
Պաշտոնական տվյալներով, տարեսկզբի յոթ ամիսներին նախորդ տարվա համեմատ բնակչության միջոցներով ավելի քան 4 տոկոսով պակաս շինարարություն է իրականացվել։
Բնակչությունը կրճատել է շինարարության վրա կատարվող ծախսերը, որովհետև ստիպված է շատ ավելին հատկացնել այլ առաջնային, նաև սննդի ծախսերի համար։ Վերջին ամիսներին պաշտոնապես Հայաստանում գնանկում է արձանագրվում, սակայն բազմաթիվ առաջնային ապրանքների գներ շատ ավելի բարձր են, քան անցած տարի։ Նախորդ տարիների հետ նույնիսկ անիմաստ է համեմատություններ անելը։ Երկու տարի անընդմեջ Հայաստանը գտնվել է բարձր գնաճային միջավայրում, հատկապես սննդամթերքի ու առաջնային այլ ապրանքների շուկաներում, և դա, անգամ վերջին ամիսներին արձանագրվող գնանկման ֆոնին, շարունակում է զգացնել տալ՝ բարձր գների տեսքով։
Զարմանալի չէ, որ թանկությունների առումով Հայաստանը դարձել է առաջատարը կամ առաջատարներից մեկը ԵԱՏՄ ամբողջ տարածքում։ Գները Երևանում երբեմն ավելի բարձր են, քան Մոսկվայում, որը միշտ էլ թանկ քաղաք է համարվել աշխարհի մակարդակով։ Հիմա Երևանը հասել է ու տեղ-տեղ անցել է Մոսկվային, նաև անշարժ գույքի գներով, որն ուղղակիորեն կապված է շինարարության հետ։
Շինարարությունը իշխանությանը մոտ կանգնած մարդկանց համար դարձել է լավ բիզնես՝ քաղաքացու ու պետական բյուջեի հաշվին, ի դեմս եկամտային հարկի հետվերադարձի, փող աշխատելու համար։ Ոլորտին ծանոթ-անծանոթ՝ բնակելի շենքի կառուցման թույլտվություն է ձեռք բերում ու շինարարություն իրականացնում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ