«Սերժ Սարգսյանը, ինչպես 30 տարի առաջ, այսօր էլ պայքարում է Հայաստանի գոյության համար». Հենրիխ Դանիելյան

Գրանադայում առանց Ադրբեջանի ղեկավարի Հայաստանի վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը և դրա վերաբերյալ հայտարարության ընդունումը ՀՀ իշխանության անատամ քաղաքականության արդյունքն է։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը՝ խոսելով հոկետմբերի 5-ին Գրանադայում Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայի կանցլերի, ԵԽ նախագահի, Ֆրանսիայի նախագահի հանդիպման և դրան հաջորդած հայտարարության ընդունման մասին։

Հենրիխ Դանիելյանի համար անհասկանալի է, թե ի՞նչ է նշանակում ստորագրել երկկողմանի փաստաթուղթ, երբ մյուս կողմը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, ներկա չի եղել։

«Փաշինյանն այս փաստաթղթով ոչ միայն Արցախն է ճանաչել Ադրբեջանի մաս, այլև հայկական 7 գյուղ այդ փաստաթղթով հանձնելու է Ադրբեջանին, այդ գյուղերն ունեն ստրատեգիկ նշանակություն։ Մենք այսօր տեսնում ենք, որ Երասխում, որը ՀՀ սուվերեն տարածքի մի մասն է կազմում, ՀՀ-ում ներդրումներ անողները չեն կարողանում գործարան կառուցել, և կառուցվող շատ մեծ գործարան անընդհատ կրակահերթի տակ է գտնվում։ Այսինքն՝ մենք այսօր ունենք անվտանգային լրջագույն խնդիր, և Նիկոլի սիրախաղն արևմտյան ուժերի հետ բերելու է նոր ադրբեջանա-թուրքական ագրեսիայի, հարձակման հնարավորություններ է բացում։ Մենք տեսնում ենք, թե ինչ անփառունակ գործելաոճ ունի Նիկոլ Փաշինյանը, և նրա վարած դիվանագիտությունը մեր երկիրը բերել է այս կործանարար վիճակին։ Երկար ժամանակ մենք խոսում էինք, որ պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի անդունդը չգլորվենք, մենք այսօր այդ անդունդում ենք և պետք է քայլեր ձեռնարկենք դուրս գալու համար։

Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականության արդյունքում ոչ միայն հանձնել է Արցախը, այլև հայաթափել այն, 3000 տարվա պատմության մեջ առաջին անգամ Արցախում հայ չի մնացել։ Երբ Արցախում մեր հայրենակիցները ցեղասպանվում էին, Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ՝ ես առհասարակ որևէ կապ չունեմ, իսկ Նիկոլ Փաշինյանն այն մարդ է, ով ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այդ բառակապակցությունն օգտագործելուց հետո մենք ունեցանք կործանարար հետևանքներ՝ պատերազմ, մահ, տարածքների հանձնում։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը փորձում է իր իշխանության ապահովագրման համար սիրախաղի մեջ մտնել արևմտյան որոշ ուժերի հետ։ Մենք սա կարող ենք փաստել մեր քաղբանտարկյալների վերաբերյալ առհասարակ որևէ դիրքորոշում չհայտնելով, ռեպրեսիաների և ոստիկանության գործողությունների մասին ոչ մի դիրքորոշում չարտահայտելով։ Մենք այսօր ունենք խոսքի համար ձերբակալված մարդիկ՝ Արմեն Աշոտյանը, գեներալ Խաչատուրովը, Նարեկ Մալյանը և բազմաթիվ այլ մարդիկ, որոնք հայկական տեսլական ունենալու արդյունքում այսօր ճաղերի հետևում են։ Այն արևմտյան ուժերը, որոնք համարվում են դեմոկրատական արժեքների պահապան, այսօր լռում ու չեն խոսում։ Նիկոլ Փաշինյանի ծառայությունների դիմաց նրանք նրան ինչ-որ հնարավորություններ են տալիս՝ քայլեր իրականացնելու իր իշխանության ապահովագրման համար։ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխարհաքաղաքական վաճառականությամբ է զբաղված և այդ շուկայում փորձում է վաճառել բոլոր հնարավոր տարբերակները, տարածքներն ու անվտանգային համակարգի բաղադրիչները՝ իր իշխանության երկարակեցությունն ապահովագրելու համար»,- հավելեց Հենրիխ Դանիելյանը։

Նրա բնորոշմամբ՝ այսօր, ի դեմս ՀՀ իշխանությունների, գործ ունենք խաբեբաների ու ազգադավների հետ, որոնց խոսքերին պետք չէ հավատալ։ Նա նշեց, որ այս եզրահանգմանն է եկել՝ վերհիշելով նրանց ստերը, օրինակ՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են», կամ՝ 2018 թվականին խոստանում էին սեր ու խաղաղություն, բայց բերեցին ատելություն ու պատերազմ։

Խոսելով ադրբեջանական գերության մեջ հայտնված Արցախի նախկին պաշտոնյաների մասին և Հայաստանի անելիքների մասին, Հենրիխ Դանիելյանն ընդգծեց, որ Ադրբեջանը միանշանակ Հայաստանի համար թշնամի երկիր է, սակայն վստահ չէ, որ ՀՀ կառավարության համար այդպիսին է։

«Նիկոլ Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, ով ասում էր Ադրբեջանի նախագահի թեզը, որ «Արցախն Ադրբեջան է»։ Հիշեցնեմ, որ ուղիղ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

Եթե հավատանք Պաշտպանության նախկին նախարարին, ով օրեր առաջ հայտարարեց քաղաքական հավակնությունների մասին, ապա նա ասաց, որ ադրբեջանցիները Նիկոլ Փաշինյանի ցուցումով են ձերբակալել նախկին պետնախարարին։ Կարծիքներ են շրջանառվում, և շատ հնարավոր է, որ կա գործարք, և այդ գործարքի միջոցով Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում՝ ի դեմ Արմեն Աշոտյանի, կալանավորում է այն մարդկանց, որոնք նրան կխանգարեին Արցախի հանձնման գործում։ Ալիևն էլ գերեվարել է այն հայերին, որոնք Արցախից կարող էին գալ այստեղ ու խանգարել Նիկոլ Փաշինյանին։ Քանի կա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ մենք չենք կարող դրական ակնկալիքներ ունենալ»,- շեշտեց Հ. Դանիելյանը։

Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, ապա Հենրիխ Դանիելյանը խոսեց ոչ թե ամբողջ ընդդիմության, այլ Հանրապետական կուսակցության անունից՝ ընդգծելով, որ Հանրապետական կուսակցության պայքարը շարունակվում է։

«ՀՀԿ-ի պայքարը շարունակվում է շուրջ 30 տարի։ Մեր կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը այսօր, ինչպես 30 տարի առաջ, պայքարում է Հայաստանի գոյության համար և մեր անկախության գոյության համար։ Մեր քաղաքական ուժը եղել է, կա ու կլինի պայքարի խրամատում, մենք այդ խրամատը երբեք չենք լքելու։ Մեր քաղաքացիները, որոնք մտածում են, թե քաղաքական ուժերը կարող են ընկրկել, ապա վստահաբար կարող եմ ասել, որ ՀՀԿ-ն այդ ուժերի մեջ չի մտնում։ Մենք չենք ընկրկելու, չկա հետքայլի ճանապարհ, մենք մինչև վերջ պայքարելու ենք։ Մեր կուսակցության համար հստակ կարող եմ նշել, որ իշխանափոխությունը եղել է և կա՝ որպես առաջնային խնդիր, ազգային ուժերի իշխանության գալը և ազգային ուղղվածություն ունեցող կառավարություն ստեղծելը»,- եզրափակեց Հենրիխ Դանիելյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս