ՀՀ-ին առաջարկված Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխների նախագիծը բավականին կասկածելի է. էներգետիկ անվտանգության մասնագետ

Գրանադայում Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը, ինչպես նաև կաջակցի օդային ու միջուկային անվտանգության ոլորտներում:

Հայտարարության համաձայն՝ դեռևս 2022 թվականին, Եվրահանձնաժողովի կողմից հաստատված 3 Գվտ-անոց նախագծով նախատեսվում է ուղիղ ստորջրյա էլեկտրահաղորդման գիծ ստեղծել, որն Ադրբեջանից Վրաստանի և Սև ծովի տարածքով կհասնի Ռումինիա, Հունգարիա և ԵՄ այլ երկրներ։

Էներգետիկ անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ծրագիրն իրականացման առումով բավականին կասկածելի է՝ մի քանի առումներով:

«Նախ, Սև ծովի ընդերքով կառուցելը շատ բարդ է: Այդ ծովն աշխարհագրորեն շատ բարդ ջրային տարածք է: Այն աշխարհի ամենախորը ծովերից մեկն է, որի միջին խորությունը հասնում է 1200 մետրի: Դրա ընդերքում կառուցել ինչ-որ բան, առավել ևս՝ կաբելային գիծ, բավականին բարդ է, որովհետև այդ մեծ խորության վրա ծծումբի բավականին մեծ խտություն կա, ինչի պայմաններում ցանկացած խողովակաշար, նույնիսկ կաբելային, կարող է քայքայվել»,- ասաց փարձագետը:

Կարդացեք նաև

Արմեն Մանվելյանի գնահատմամբ՝ հաշվի առնելով նաև Սև ծովի նեղությունը՝ այնտեղ տնտեսական գոտիները բաժանված են հիմնականում Ռուսաստանի ու Թուրքիայի միջև: Սա, ըստ մասնագետի, նշանակում է, որ առանց այս երկու երկրների համաձայնության, ծովի ընդերքում որևէ բան կառուցելը նույնպես դժվար է՝ հաշվի առնելով համապատասխան կոնվենցիան:

«Երրորդը՝ պետք է հասկանալ, թե այդ ներդրումներն ովքեր են անելու, որովհետև ես հետևել եմ այդ ծրագրին, և մի պահ խոսվում էր, որ Ադրբեջանն է հիմնական ներդրում անողը: Եթե այդպես է, ապա չեմ կարծում, թե ինքը համաձայնի, որ Հայաստանը մասնակցի այս ծրագրին: Մինչև այս պահն էլ, այդուհանդերձ, դեռևս պարզ չէ, թե հստակ որ երկրներն են մասնակցելու ու ինչ ներդրումներ են անելու»,- ասաց նա:

Այս համատեքստում էներգետիկ ոլորտի փորձագետը ևս մեկ հարց է բարձրացնում՝ ի վերջո, եվրոպացիներն ի՞նչ գնով են պատրաստ գնել այդ 1 ԿՎտԺ էլեկտրաէներգիան:

«Գները տարբեր են: Եթե այսօրվա դրությամբ, միջինացված գների համեմատ, իրենք էժան գին ուզեն, իսկ դա բավականին մեծ գումար է՝ մոտավորապես 6 ցենտ՝ 1 ԿՎտԺ-ի համար, ապա Հայաստանն ամեն դեպքում ի վիճակի չի լինելու մասնակցել: Այստեղ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ»,- նկատեց նա՝ հավելելով, որ հայտարարությունները, թե ցանկանում են Հայաստանին օգնել, ավելի շատ գլխացավանք են բերում մեր երկրի համար:

Փորձագետը համոզմունք հայտնեց, որ եթե պարզվի, որ այն ֆինանսավորվում է Ադրբեջանի կողմից, ու այդ երկիրն, այնուամենայնիվ, համաձայնի ծրագրին Հայաստանի մասնակցությանը, ապա դա կանի հստակ նախապայմաններ առաջ քաշելու պարագայում:

«Իսկ եթե պայմաններ առաջ քաշի, որոնք իբր թե Հայաստանի համար ձեռնտու են, ապա դրանք կարող են բերել նոր աշխարհաքաղաքական կախվածության ու ռիսկերի»,- ասաց փորձագետը:

Ինչ վերաբերում է Եվրահանձնաժողովի կողմից խոստացված միջուկային անվտանգության ոլորտում աջակցությանը՝ Արմեն Մանվելյանը համոզմունք հայտնեց, որ դրանք պարզապես խոստումներ են, որոնց իրականացումն այնքան էլ իրատեսական չէ: Դա բացատրեց վաղուց հայտնի փաստով, որ եվրոպական բազմաթիվ երկրներ վաղուց հրաժարվել էին միջուկային էներգիայից:

Փորձագետի խոսքով՝ այդ ոլորտում այժմ առավել գերիշխում են Ռուսաստանն ու Չինաստանը:

«Քանի որ արևմտյան երկրները վերջին 20-30 տարիներին առավելապես այդ, այսպես կոչված, «Կանաչ էներգիան» են օգտագործում, իրենք դադարել են զբաղվել միջուկային էներգետիկայով: Նրանք համոզված էին, որ արևային էներգիան կարող է փոխարինել միջուկայինին, սակայն այդ կանխատեսումները սխալ դուրս եկան: Հետևաբար՝ այդ առումով Եվրոպայի միջուկային էներգիայի ոլորտը շատ աղքատիկ է, եթե չասենք, որ ընդհանրապես առկա չէ:

Գերմանիան առհասարակ փակել է բոլոր ատոմակայանները: Իրենց  մոտ առաջատարը միշտ եղել է Ֆրանսիան, որը Ֆինլանդիայում ատոմակայանի 20 տարի շարունակվող կառուցման գործընթացի ֆոնին հայտարարում է, թե շուտով կավարտի այդ ատոմակայանի կառուցումը, ինչը, սակայն, դեռևս տեղի չի ունեցել»,- ասաց Արմեն Մանվելյանը՝ հավելելով, որ այս համատեքստում ինքը նաև թերահավատորեն է վերաբերվում միջուկային անվտանգության մասին հայտարարություններին:

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Հայաստանի ատոմակայանի մասին անընդհատ հնչող հայտարարություններին՝ Արմեն Մանվելյանն ուշադրություն հրավիրեց փաստին, որ Մեծամորի ատոմակայանը գտնվում է Ատոմային էներգետիկայի միջազգային՝ «ՄԱԳԱՏԷ» գործակալության հոգածության ներքո:

««ՄԱԳԱՏԷ»-ն իր կողմից առաջ քաշած բոլոր ծրագրերը՝ ատոմակայանի անվտանգության բարձրացման ուղղությամբ, իրականացրել է ու բավականին լավ ազդակ է պարունակում: Գործակալությունն ատոմակայանում տեղադրել է անվտանգության ապահովման համար նախատեսված իր սարքերը, որոնք ստուգում են այդ համակարգերն ու օնլայն ռեժիմով տեղյակ են, թե այնտեղ ինչ է կատարվում: Այդ առումով, չեմ կարծում, թե Թուրքիայի հայտարարությունները որևէ բան կարողանան փոխել: Այլ բան է, որ Հայաստանի ներկա ղեկավարությունն այնքան խղճուկ ու ողորմելի է, որ իրենց վրա գուցե կարողանան ազդել, բայց «ՄԱԳԱՏԷ»-ի վրա ազդել, կարծում եմ, չեն կարողանա»,- համոզմունք հայտնեց էներգետիկ անվտանգության մասնագետը:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս