Առաջարկում եմ երեք տարբերակ՝ գնացեք Բաքու, կա՛մ այլ մայրաքաղաք, կա՛մ Վարդաշեն. Վարդանյանը՝ Փաշինյանին
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց, որ ժամանակին խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, թե միջազգային հանրությունը պահանջում է Արցախի հարցում մի փոքր իջեցնել նշաձողը, որի դեպքում միջազգային լայն կոնսոլիդացիա կլինի։
«Մի փոքրը ինչքա՞ն էր՝ 10 սմ է՞ր, թե՞ կիլոմետր, իջեցրել եք մինչև զրո կետ։ Արցախում հայ չկա, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ձեր ամենօրյա խոսակից Արայիկն էլ Բաքվի բանտում են։ Հայաստանի ինքնիշխանությունն էլ ահագին իջեցրել եք, եթե մնաք՝ իջեցնելու եք մինչև զրո։ Մնաք՝ երաշխավորում եմ, նոր ողբերգություն եք բերելու։ Առաջարկում եմ երեք տարբերակ՝ կամ դուք էլ գնացեք ապահով Բաքու, կա՛մ հաճելի մի այլ մայրաքաղաք, կա՛մ Վարդաշեն։ Բարեկամական կարճ խորհուրդ՝ հեռացեք»,- նշեց Աղվան Վարդանյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքի ավարտին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց, թե հա՛րց չկար, հետևաբար՝ պատասխանի կարիք չկա, ինչին Աղվան Վարդանյանը հակադարձեց.
«Հարց չէր, բարեկամական կարճ խորհուրդ էր»։
Այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը որոշեց ԱԺ ամբիոնից արձագանքել Աղվան Վարդանյանի ասածներին՝ հեգնելով.
«Պարոն Վարդանյան, լավ վանկարկեցիք, սակայն տպավորություն չգործեց, հաջորդ հարցուպատասխանի ժամանակ, եթե փորձեք ամբողջ խմբակցությունով միասին ու միաձայն ասեք՝ հեռացեք, գուցե քաղաքական ազդեցություն կունենա երկրում քաղաքական իրավիճակի վրա»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում