
Բենզալցակայանի պայթյունից տուժածների վիճակը հիմնականում ծանր ու ծայրահեղ ծանր է. առողջապահության նախարար

Ստեփանակերտի տարածքում տեղակայված բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներից շուրջ 100-ի վիճակը ծանր ու ծայրահեղ ծանր է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ունենք մոտ 100 պացիենտ, որոնք այս պահին գտնվում են Այրվածքաբանության Ազգային կենտրոնում: Ցավոք, նրանց մեծ մասի վիճակը ծանր և ծայրահեղ ծանր է: Միջին ծանրության քիչ պացիենտ ունենք»,- ասաց նա՝ հավելելով, որ գործընթացում ներգրավված են նաև այլ երկրներից Հայաստան ժամանած մասնագետներ:
Նախարարի խոսքով՝ այս պահին Այրվածքաբանական կենտրոնում աշխատանք է իրականացնում Իսրայելից ժամանած 10 բժիշկ:
«Այրվածքաբանական կենտրոնում գտնվող մեր հայրենակիցների տեղափոխության մասով այս պահին աշխատում ենք այլ երկրների կլինիկաների հետ: Աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի այն պացիենտներին, որոնց ցուցված է նաև արտերկրում հավելյալ բուժում, ապահովել նաև այդ գործընթացը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահի դրությամբ դեղորայքի հետ կապված որևէ խնդիր առկա չէ:
Ավանեսյանը նաև անդրադարձավ օրերս Կութ սահմանային համայնքի տարածքում ադրբեջանական կրակոցների հետևանքով երկու վիրավորների մասին հարցերին՝ հայտնելով, որ նրանց վիճակը բավարար է:
Նազելի Ստեփանյան