«ԵՄ-ն է դավաճանել Հայաստանին». Զախարովան՝ Շառլ Միշելին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում ԵՄ-ին մեղադրել է Հայաստանին դավաճանելու մեջ՝ ասելով. «Այդ ԵՄ-ն է դավաճանել ՀՀ-ին»։

«Շառլ Միշելին հիշեցնեմ, որ հենց ԵՄ-ն է Պրահայում և Բրյուսելում գագաթնաժողով հրավիրել, որտեղ Հայաստանի ղեկավարությունը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս, թեև մինչ այդ տրամաբանորեն հակառակն էին պնդում»,- հակադարձել է Զախարովան։

Հիշեցնենք՝ օրերս ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր. «Բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին»։

Զախարովան նաև նշել է, թե ԵՄ-ն ոչ մի խաղաղություն և ապաէսկալացիա Հայաստանում չի ապահովի․

«Նրանց գլխավոր խնդիրը ոչ թե Հայաստանի անվտանգությունն ու Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումն է, այլ Բրյուսելի հետաքրքրություններից ելնող հետախուզական մոնիտորինգն ու իրավիճակի սրումը»։

Զախարովան ասել է, որ Բրյուսելի վրա է կատարվածի պատասխանատվությունը.

«Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև ձեռք բերված երեք պայմանավորվածությունները բառիս բուն իմաստով փոխարինվեցին ԵՄ-ի գագաթնաժողովներով, և Երևանի դիրքորոշումն այդկերպ ձևավորվեց ԵՄ-ի ազդեցության տակ»։

Նա հիշեցրել է, որ ՀՀ իշխանությունների սուվերեն իրավունքն է տեսակետ ձևավորելը, բայց պետք է այդ մասին խոսել բաց. «Դեռ կտեսնենք՝ ինչպիսին կլինեն ԵՄ նախաձեռնությամբ Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսված հայ-ադրբեջանական հերթական գագաթնաժողովի արդյունքները»։

Տեսանյութեր

Լրահոս