Բաժիններ՝

Պետք է անել հնարավորը, որ Ստեփանակերտի թատրոնը շարունակի ապրել. Հակոբ Ղազանչյան

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը կարծում է՝ պետք է անել հնարավորը, որ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնը շարունակի ապրել:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ղազանչյանը հավաստիացրեց՝ Ստեփանակերտի թատրոնի անունը չպետք է ջնջվի, այդ բրենդը պետք է մնա, թատրոնը պետք է կարողանա Հայաստանում գործունեություն ծավալել:

«Նման օրինակ կա. Վրաստանում մինչ օրս աբխազական թատրոնը գործում է: Այն ունի պետական կարգավիճակ: Եթե միջնորդենք, փորձենք բացատրել պատկան մարմիններին, որ դա անհրաժեշտ է, եթե պետությունը կամ որևէ համայնք կարողանան իրենց հովանու տակ վերցնել թատրոնը, շատ լավ կլինի, եթե ոչ, այն իր գործունեությունը գոնե սկզբնական շրջանում կիրականացնի Հայաստանի թատերական գործիչների միության հարկի տակ»,-նշեց նա:

Հակոբ Ղազանչյանն արդեն հանդիպել է Ստեփանակերտի թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանի հետ ու առաջարկել միության դահլիճը տրամադրել թատրոնին թե՛ փորձեր անելու, թե՛ ներկայացումներ խաղալու համար: «Պարզվեց՝ թատրոնի «Հրեշը լուսնի վրա» և «Գիշատիչների խնջույքը» բեմադրությունները հանգիստ կարող են խաղալ միությունում: Մեծ դահլիճներ պահանջող ներկայացումների համար կբանակցենք մեծ թատրոնների հետ: Կարծում եմ՝ սիրով կտրամադրեն իրենց բեմը»,-նշեց միության նախագահն ու հավելեց՝ այժմ լրջագույն խնդիրն է հասկանալ, թե Ստեփանակերտի թատրոնի ստեղծագործական կազմից քանի հոգի է Երևանում լինելու և այդտեղ մնալու:

Միության նախագահն ու Ստեփանակերտի թատրոնի տնօրենը նախատեսում են մեկ շաբաթ անց կրկին հանդիպել, հաշվառում կատարել, հանդիպմանը հրավիրել տարբեր թատրոնների ղեկավարների, քննարկել Ստեփանակերտի թատրոնի գործունեության հեռանկարներն ու հասկանալ, թե ով և ինչպես կարող է աջակցել:

Չնայած դժվարություններին՝ Ստեփանակերտի թատրոնը չի ընկճվում. դեռ ամիսներ առաջ այն նախատեսել էր հոկտեմբերին հյուրախաղերով մեկնել ԱՄՆ: Մտադրությունը չի փոխվել: «Գյումրու, հետագայում Մայր թատրոնի առաջնակարգ դերասանուհի Կարինե Քոչարյանը, որն ավելի քան 35 տարի բնակվում է ԱՄՆ-ում, 2021-ին եկավ Ստեփանակերտ ու այդ թատրոնում իր միջոցներով բեմադրեց Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» ստեղծագործության համանուն ներկայացումը: Մենք աջակցեցինք, որ այն Երևանում և ՀՀ մարզերում ցուցադրվի, այնուհետև Կարինեի ջանքերով թատերախումբը ներկայացումը խաղաց Եվրոպայում: Հենց այդ բեմադրությամբ հոկտեմբերի 17-ին կմեկնեն ԱՄՆ»,-պատմեց Ղազանչյանը:

Թատրոնի աշխատակիցները Հայաստան են բերել ամենաանհրաժեշտ պարագաները և այժմ դեկորացիաների, կոստյումների խնդրի առաջ են կանգնել:

Նրանց այդ հարցում աջակցելու է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը: «Հյուրախաղերից վերադառնալու են նոյեմբերի 7-ին: Երբ գան, կրկին քննարկում կլինի, և կանենք հնարավորը նրանց օգնելու համար»,-եզրափակեց Հակոբ Ղազանչյանը:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս