«Եթե չունեցանք ճկուն դիվանագետներ, ոչինչ չենք վերադարձնի՝ թուրքը մի սովորություն ունի՝ վերցրածը հետ չի տալիս». Նունե Սարումյան

Պատերազմները դարձան մեր կյանքի անբաժանելի մասը։ 44-օրյա պատերազմից հետո մենք հավատում էինք, որ դա վերջը չէ, ու մենք պետք է շարունակենք ապրել ու արարել, շենացնել Արցախը։ 44-օրյա պատերզմից հետո սկսել էինք մեծ թափով ոտքի կանգնել։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արցախի Հանրապետության պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Նունե Սարումյանը: Նա էլ հազարավոր արցախահայերի նման Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվել է Արցախից։

Նրա գնահատմամբ՝ այսօր արցախահայությունը կանգնած է այնպիսի փաստի առաջ, որ երբեմն զարմանում է՝ սա իրենց հե՞տ է կատարվում, թե՞ ոչ։ Նախորդ տարվա վերջից Ադրբեջանի կողմից Արցախըշրջափակելուց հետոարցախահայությունը կանգնեց բազմաթիվ փորձությունների առջև, բայց հաղթահարում էին, հաղթահարում էին հանուն Արցախի ապագայի և իրենց ազատության։

«Ամեն ինչ հաղթահարեցինք, այդ պատերազմն աննկարագրելի բան էր, բայց ժողովուրդը դիմացավ։ Կապ չկար, կրակոցները սկսվեցին կեսօրին, շտաբը պետական համալսարանի մոտ էր գտնվում, հասկանալի էր, որ հակառակորդը կրակում է շտաբի վրա։

Կարդացեք նաև

Համալսարանի կողքին էլ Շիրակացի կրթահամալիրն էր, որտեղ բոլորը երեխաներ էին։ Առեղծվածն այստեղ այն էր, որ ամեն կողմից խփում էին ու շատ մոտիկից էին խփում։ Հետո պարզվեց, որ Ստեփանակերտում կար ընդամենը մի գրադ կայան, որի հրամանատարն արդեն ոչ մի հրամանի չէր ենթարկվում ու կրակում էր Շուշիի ուղղությամբ։ Մի կրակոցից հետո տեղն արագ փոխում էր, և հակառակորդին թվում էր, թե Ստեփանակերտում այնքան զենք ու զինամթերք կա, որ տարբեր կողմերից կրակում են։ Այդ իրավիճակում կարողացանք դիմակայել, թուքը հասավ Կրկժանի կողմերը, քաղաքի հյուսիսային մաս, բայց չէին համարձակվում մտնել քաղաք, նրանց թվում էր, թե քաղաքն ամբողջովին զինված է։ Մեր ժողովուրդը հերոսաբար պաշտպանեց թե՛ քաղաքը, թե՛ գյուղերը։Երևի հատուկ մարդիկ կային, որ լուրեր էին տարածում, թե թուրքն արդեն մտել է Ստեփանակերտ, դրոշ է դրել և այլն։ Երեկոյան ժամը 18։00-ին համալսարանից գնացի տուն, թեպետ քաղաքի ուղղությամբ դեռևս ավտոմատներով կրակում էին, իսկ առավոտյան արդեն գյուղերից բնակիչները տարհանվեցին։ Ամբողջ համալսարանը լցվեց տեղահանվածներով, սարսափելին այն էր, որ կային ոտաբոբիկ, սոված-ծարավ երեխաներ։ Մենք կանանցով նույնիսկ մտածում էինք, որ զինվենք ու կռվենք, որովհետև առաջնագծում տղաներ կային։ Կան բաներ, որոնք անհասկանալի են, ինչո՞ւ այսքան կռվելուց հետո հենց այնպես պետք է մեզ հանեն մեր տներից։ Առաջնագծում կանգնած տղաների հերոսությունը չպետք է այսպես հողին հավասարեցվեր։

Ստեփանակերտից հարվածելուց Շուշիում շատ զոհեր եղան, չեմ ասում՝ մեզանից չեղան, բայց այնքան չէին, որքան թշնամու զորքը Շուշիիում»,-նշեց Նունե Սարումյանը։

Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին ուղղված քննադատություններին, որ ստորագրել է Արցախի գոյությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագիրը, Նունե Սարումյանն ասաց, որ մեղադրելու համար մարդիկ պետք է տեղում լինեին, որ հասկանային, թե ինչու հանրապետության նախագահը գնաց այդ քայլին, իսկ մեղադրողներ միշտ էլ կգտնվեն, և հասկանալի է, թե ինչու են դա անում։

«Ես միշտ այն կարծիքին եմ, որ պայքարող տղաները պետք է երկիր ղեկավարեն, նրանք, ովքեր չեն պայքարել, զենք չեն վերցրել, չգիտեն՝ ինչէ կորուստը:Ովքեր միայն ֆինանսների մասին են մտածում, նրանք չեն կարող դիվանագիտական ունակություններ ցուցաբերել և երկիրն առաջնորդել։ Վերջին նախագահի վրա բարդելը՝ թույլ մարդու մտածելակերպ պետք է համարել։ Նրան կարող էին առաջադրել, որ կամ ցեղասպանում են, կամ պետք է ստորագրի ու Արցախը հանձնի, նա ընտրեց վերջին տարբերակը, քանի որ ամբողջ ժողովուրդը հավաքվել էր Ստեփանակերտում։ Այն ճանապարհը, որն անցանք՝ դժոխք էր, Գողգոթան ավելի թեթև է։

Եթե չունեցանք ճկուն դիվանագետներ, ոչինչ չենք վերադարձնի։ Թուրքը մի սովորություն ունի՝ վերցրածը չի տալիս, այդ հայն է, որ զիջում է»,- շեշտեց Նունե Սարումյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս