
«Հայաստանի Հանրապետությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթով Արցախը հանձնել է Ադրբեջանին». Մովսես Հակոբյան

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնը կրկին մարդաշատ էր՝ լրանում է Արցախի հանձնման երկրորդ տարին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական ագրեսիայի արդյունքում զոհված տղաների մի մասն այսօր հանգչում է «Եռաբլուր»-ում։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, Արցախի մի մասն օկուպացրած Ադրբեջանն ամեն կերպ ցանկանում էր ամբողջովին հասնել Արցախի զավթմանը, այդ նպատակով էլ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին փակեց արցախահայերի կյանքի միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ 9 ամիս շրջափակման մեջ պահելով ու Արցախին ուժասպառ անելուց հետո, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին հարձակվեց Արցախի վրա և 1 օրվա ընթացքում զավթեց Արցախը, իսկ արցախահայերին բռնի տեղահանեց։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արդեն հայտնի էր, որ Արցախում հայ չպետք է մնա։
«Հայաստանի Հանրապետությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթով Արցախը հանձնել է Ադրբեջանին։
2020-2021 թվականներին ես այդ հարցերին պատասխանել եմ։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ ամեն ինչ գրված է, թե Արցախն ումն է, այնտեղ հայկական ուժեր չպետք է լինեն՝ 4-րդ կետով է նախատեսված»,- 168.am-ի հետ զրույցում հակիրճ նշեց Մովսես Հակոբյանը՝ շեշտելով՝ իրեն լավ չի զգում։
Նշենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 4-րդ կետը նախատեսում էր.
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5-ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: