21-րդ դարում հայրենիքի այդ կարևորագույն հատվածի կորուստը պարզապես համազգային աղետ է. Արմեն Պետրոսյան

«Ցանկացած աշխարհագրական տարածք առաջնահերթ կերպով պատկանում է այն ժողովրդին, որն այդտեղ ապրում է, իսկ մենք, ցավոք, ականատես եղանք էթնիկ զտման Արցախում, ընդ որում, դա կանխատեսելի էր ի սկզբանե,- 168.am-ի հետ զրույցում հայկական Արցախի հեռանկարի մասին մեր հարցադրումներին ի պատասխան՝ արձանագրեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ մանրամասնելով,- Ադբեջանի ռազմավարությունն էր ստեղծված իրավիճակում խնդիրը հենց նման կերպ լուծելու, որովհետև սա երկարաժամկետ ծրագրված գործողություն էր՝ սկսած Արցախի շրջափակումից, այնտեղ հումանիտար խնդիրների հրահրումից և հետո՝ հանգուցալուծումն էլ՝ նոր պատերազմի միջոցով բռնի տեղահանման դրդում»:

Արմեն Պետրոսյանը հավելեց՝ Ադրբեջանը տարբեր ռազմական, հոգեբանական սադրանքներով, Բերձորի միջանցքի արգելափակմամբ, վախի ու անօգնականության մթնոլորտի սրմամբ, ապա նաև՝ պատերազմով մարդկանց մոտ սեփական հայրենիքում ապագա տեսնելու հեռանկարը փորձեց ջնջել:

«Եթե բանակցային եղանակով գնար այս ողջ գործընթացը, նույն՝ ադրբեջանական կողմի առաջ քաշած վերաինտեգրման ծրագիրը, արդյո՞ք նման հանգուցալուծում կլիներ. ո՛չ, և Արցախում կշարունակեին մնալ մեր հայրենակիցները, գուցե միջազգային ներգրավվածությունը շատ ավելի արդյունավետ կլիներ:

Հենց այս պատճառով Ադրբեջանը շարժվեց հենց նման սցենարով. ի դեպ, այն բավականին գրագետ մշակված սցենար էր և ավելի հարթ էր ընթանում՝ հաշվի առնելով մի շարք համաշխարհային, տարածաշրջանային և լոկալ իրողությունները»,- նկատեց նա:

Կարդացեք նաև

Հայկական Արցախի հեռանկարը, ըստ փորձագետի, պահանջում է ռազմավարական մոտեցում, սակայն նա դժվարանում է պատասխանել՝ արդյո՞ք մենք պատրաստ ենք ստեղծելու Արցախը հայկական պահելու և դա երաշխավորելու ռազմավարությունը:

«Ստեղծված իրավիճակում և կանխատեսվող զարգացումներում մեր պետության ներուժն այլևս այնքան բավարար չի լինելու, որպեսզի կարողանանք մեր ռեսուրսներով՝ դիվանագիտական, իրավական, տնտեսական և ամենակարևորը՝ ռազմական ունակություներով ապահովել այդ տարածաշրջանի անվտանգությունը,- ասաց Արմեն Պետրոսյանը՝ պարզաբանելով,- Ինչո՞ւ եմ նման հոռետեսական կանխատեսումներ անում, որովհետև պատերազմի սպառնալիքն արդեն հասել է մեր պետության սահմանին, և մենք այսօր միջազգայնորեն ճանաչված ՄԱԿ անդամ երկրի սահմանները, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելու խնդիր ունենք»:

Այնուամենայնիվ, փորձագետը նկատեց՝ անգամ ստեղծված իրողությունների պայմաններում անհրաժեշտ է ապագա սերունդների համար ստեղծել հեռանկար՝ Արցախը վերադարձնելու:

Ըստ նրա` սրա համար նախ կարևոր է Արցախում կատարված էթնիկ զտման, հանցագործությունների փաստերի իրավական հիմքերի արձանագրումը, իրավական ձևակերպումները, արցախահայերի ունեցվածքի, գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությունը, կրոնական, մշակութային ժառանգության վավերագրումը, ինչը թեև երկարատև գործընթաց է, սակայն գոնե հաջորդ սերունդներին հնարավորություն կընձեռի այս համազգային խնդիրը լուծել:

«Արցախը մեր պատմական հայրենիքի այն հատվածներից մեկն էր, որն ավելի քան 3000 տարի անդադար բնակեցված է եղել հայերով, և 21-րդ դարում հայրենիքի այդ կարևորագույն հատվածի կորուստը պարզապես համազգային աղետ է, ռազմավարական զիջում»,- նշեց Արմեն Պետրոսյանը:

Այս իրողությունների համատեքստում անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ ընդդեմ Ռուսաստանի իրականացվող դեմարշներին՝ տարածաշրջանային հարցերով փորձագետն արձանագրեց՝ չնայած օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներին՝ ՀՀ թիվ մեկ խնդիրը պետք է լինի՝ կառավարելի պահել ՌԴ-ի հետ հարաբերությունները, որովհետև ներկա իրողությունների պայմաններում Ռուսաստանը մեր տարածաշրջանում ամենաանկանխատեսելի խաղացողն է:

Տեսանյութեր

Լրահոս