«Մենք չենք ուզում, որ նույնը Հայաստանի հետ լինի, այստեղ բոլորը մեր հարազատներն են, բայց սպասվում է…»
Հազարավոր արցախահայեր ադրբեջանական ցեղասպան քաղաքականության սպառնալիքի տակ բռնի տեղահանվում են իրենց բնօրրանից։ Երեխաներին գիրկն առած արցախցի կանանց մի մասը հազիվ է հասել Գորիս՝ չիմանալով, թե ինչպես են հետագայում ապրելու ու ինչպես են մեծացնելու իրենց երեխաներին։
Ծերերը, որոնք տեսել են ադրբեջանական յաթաղանը՝ 1988 թվականից սկսած՝ 44-օրյա պատերազմից հետո, մտածել են, թե օր ծերության, երբ մահանան` կհուղարկավորվեն իրենց հողում, որտեղ ծնվել են, սակայն ցեղասպան Ադրբեջանը դրանից էլ է նրանց զրկել։ Այն բնակիչները, ովքեր բռնի տեղահանվում են իրենց տներից ու հողից, Գորիս են հասնում մի կերպ՝ առանց որևէ ապրուստի միջոցի, հագուստ չունեն, սնունդ չունեն, 9 ամիս գտնվել են ադրբեջանական շրջափակման մեջ։ Նրանք կորցրել են ամեն ինչ։
Ցավից, կարոտից ու անզորությունից տեղահանված արցախցիները դարձել են քչախոս, չգիտեն` իրենց հարց տվող լրագրողներին ինչ պատասխանեն, բառերը սպառվել են։ 20 և ավելի ժամ է պահանջվում նրանցից, որպեսզի կարողանան հասնել Գորիս՝ ճանապարհները խցանված են, բոլորը փորձում են փրկվել Ադրբեջանի ցեղասպանությունից։
Իսկ այժմ էլ ճանապարհն այնքան գերծանրաբեռնված է, մեքենաների թողունակությունն էլ՝ թույլ, որ հայտնի չէ՝ ճանապարհներին գտնվող արցախահայերը սոված-ծարավ դեռ քանի օրից կամ շաբաթից կհասնեն Գորիս։
Գորիս ժամանած արցախահայերը միայն մեկ-երկու նախադասությամբ են պատասխանում լրագրողներին։
Արցախից տեղահանված տղամարդու խոսքով՝ երկար են անցել ճանապարհը. «Սոված-ծարավ հասել ենք այստեղ, չգիտեմ՝ ինչ ասեմ»։
Երիտասարդ աղջիկն էլ պատմում էր, որ երկու օր ճանապարհին են եղել։
Սեպտեմբերի 19-ին և դրանից հետո տեսածն ականատեսները դժոխային են որակում.
«Ասկերանի շրջանի Շոշ գյուղից ենք, այն, ինչ տեսել ենք՝ պատմել հնարավոր չէ։ Թուրքի հետ հնարավոր չէ ապրել»,- պատմում է տեղահանված կինը։
«Ստեփանակերտից եմ, թուրքի հետ հնարավոր չէ ապրել, իրենց հետ ինչքան մնանք, պիտի ցեղասպանության ենթարկվենք։ Գոնե մեր երեխաները կարողանան փրկվեն ու ապրեն։ Մենք երկու տարբերակներից մեկն ընտրեցինք՝ արտագաղթելը, եթե մնայինք՝ դանդաղ ցեղասպանության էին գնալու»։
«Մարտունու Սոս գյուղից եմ, ամուսինս առաջին պատերազմի ժամանակ զոհվեց, 44-օրյա պատերազմի ժամանակ փեսաս զոհվեց։ Ես էլ աղջկաս ու թոռներիս հետ աղջկաս տանն էի ապրում։ Գյուղից ահագին զոհեր ու վիրավորներ կան, ես թոռներիս ու աղջկաս մասին էի մտածում, ասում էի՝ եթե մեռնեմ, գոնե թոռներիս Հակարիի կամրջից այս կողմ հանեմ։ Պատկերացնում եմ, թե ադրբեջանական կողմն ինչ է անելու եղբայրական գերեզմանոցի հետ, նրանք ամեն ինչ պղծում են, ոչնչացնում»։
Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղից բազմանդամ ընտանիքը փոքր ավտոմեքենայով մի կերպ է հասել Գորիս, պատմում են՝ մեկօրյա պատերազմ էր և շատ դաժան։
Բռնի տեղահանված բնակիչներից շատերն էլ այս քաոսի մեջ կորցրել են ժամանակի զգացողությունը և չեն կարողանում ասել, թե քանի օր են ճանապարհներին անցկացրել, նրանց մի մասը Գորիսում ավտոբուսների մեջ է սպասում՝ հասկանալու համար, թե իրենց որտեղ են ապահովելու ժամանակավոր կացարանով։
«Ոսկե Արցախս տվեցին Ադրբեջանին, 16 տարեկանից ապրում եմ Արցախում, հիմա 86 տարեկան եմ։ Ամուսնացել եմ ու սկսել եմ ապրել Ստեփանակերտում»,- պատմում է դողդողացող ձեռքերով 86-ամյա արցախցի կինը։
«Մեծ տղաս 44-օրյա պատերազմում զոհվել է, երեք երեխաներին որբ թողել»,- պատմում է բռնի տեղահանված որդեկորույս մայրը՝ չիմանալով՝ այս ամենի համար ում մեղադրի։
«Մենք չենք ուզում, որ նույնը Հայաստանի հետ լինի, այստեղ բոլորը մեր հարազատներն են։ Մենք չենք ուզում նման բան լինի, բայց սպասվում է։ Արցախը Փաշինյանը տվեց ու դարպասները բացեց, եթե մենք միասնական լինեինք, մեզ չէին հաղթի, որովհետև մեր տղերքը կռիվ անող տղերք են, չեն փախել։ Հենց Մարտունիում ոչ մեկը դուրս չի եկել»,- ասում է Ստեփանակերտից բռնի տեղահանված կինը։
Արցախից բռնի տեղահանված 6-7-ամյա տղան էլ Արցախից Գորիս ճանապարհին ավտոբուսի մեջ պարկի վրա է քնել, չի նեղվում դրանից, նեղվում է, որ հայրենիք չունի։ Արցախի մասին էլ փոքրիկը ոչինչ չկարողացավ ասել՝ հուզվեց։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում