«Արցախահայությունը պայքարել է իր անկախության համար, Ադրբեջանի զինված ուժերի դեմ կռվելն ահաբեկչական ակտ չէ». Արա Ղազարյան

Երեկ արդեն հայտնի դարձավ, որ ռուսական խաղաղապահների հսկողությամբ զինաթափվում է Պաշտպանության բանակը, դրան զուգահեռ՝ ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ խախտում է  հրադադարը՝ կրակելով խաղաղ բնակավայրերի վրա, որտեղ մեծ մասում բնակիչները շրջափակման մեջ են։

Իսկ Ստեփանակերտում ապաստանած հազարավոր արցախահայեր սպասում են հումանիտար միջանցքի բացվելուն, քանի որ չեն պատկերացնում Ադրբեջանի հետ ինտեգրացվելը,  հայտարարում են, որ դարեր շարունակ Ադրբեջանը ցեղասպանել և հիմա էլ շարունակում է ցեղասպանել հայությանը։

Արդյո՞ք հնարավոր է վստահել Ադրբեջանին, երբ նա հումանիտար միջանցք բացի արցախահայության համար։

168.am հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը պատասխանելով  հարցին՝  ասաց, որ հումանիտար միջանցքով արցախահայության դուրսբերման գործընթացից առաջ, նախ Ադրբեջանը պետք է համաներում հայտարարարի այն մարդկանց նկատմամբ, որոնք ոչ թե ռազմական հանցագործություն են կատարել, այլ պաշտպանել են իրենց հայրենիքը։

Կարդացեք նաև

«Եթե Ադրբեջանը փորձում է այդ ամենը մեկնաբանել լայնորեն, թե զենք վերցնելն արդեն իսկ հանցագործություն է Ադրբեջանի օրենքներով, դա այդպես չէ, քանի որ տեղի է ունեցել ներքին կոնֆլիկտ, և ադրբեջանական կողմն էլ հավասարապես զենք է վերցրել արցախահայության դեմ։ Այս կոնտեքստում պետք է հասնել նրան, որ համաներում կիրառվի և դրանից հետո միայն հումանիտար միջանցք բացվի, թեև այդ հարցում վստահ չեմ, բայց գոնե թույլ տան ուղեկալով դուրս գալ։ Մարդիկ պետք է այդպես դուրս գան, ոչ թե ադրբեջանական կողմը գնա մարդաորսի, բայց այդ ամենին երկար ենք հասնելու, եթե հասնենք։

Հիմնական խախտումը, որն Ադրբեջանը թույլ կտա, որ հնարավոր չէ անել առանց խախտումի՝ քրեական օրենսգիրքը լայն կմեկնաբանի ու կասի՝ զենք եք վերցրել ու դուրս եք եկել մեր տարածքային ամբողջականության դեմ։ Թերևս, սա է պատճառը, որ արտասահմանյան գործընկերները պահանջում են համաներում հայտարարել»,- շեշտեց Արա Ղազարյանը։

Արա Ղազարյանն այս համատեքստում նաև հավելեց, որ պետք է հստակորեն նշվի, թե որ արարքների համար է համաներում շնորհվում, և հնարավորինս պետք է նեղացնել այդ արարքների շրջանակը, որով Ադրբեջանը կցանկանա քրեական հետապնդում իրականացնել։

«Արցախահայությունը պայքարել է իր անկախության համար, նրանց նպատակը չի եղել ահաբեկչական ակտեր կատարել, և Ադրբեջանի զինված ուժերի դեմ կռվելը ահաբեկչական ակտ չէ։ Այստեղ արդեն մտնում ենք քրեական իրավունքի դաշտ, պետք է հնարավորինս նեղ մեկնաբանել»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 21-ին Արցախի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի քննարկումներին, Արա Ղազարյանն ասաց, որ արդեն հավաքվում ու հայտարարություն են անում՝ լավ է, դա զսպող ազդեցություն ունի։

«Դժվար է պատկերացնել, թե վերջին մի քանի օրերի ընթացքում ինչ կարող էր լինել, եթե ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը չլիներ։ Իհարկե, այնտեղ ամեն մեկն ուզում է հնարավորինս իր շահերը պաշտպանել, բայց ելույթներից մենք հասկացանք, որ հիմնական արգելքը, որ Ադրբեջանի վրա դրվում է, որպեսզի էթնիկ զտում չանի։ Բայց հակակշիռ ստեղծելու միջազգային իրավունքի երկու սուբյեկտներ կան՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, որոնք այդ տարածքում գործում են, Կարմիր խաչի մասին չեմ ասում, քանի որ նրա դերակատարումը չեզոք է։ Քանի որ բալանսը խախտված է, այսինքն՝ Ռուսաստանը չի կարողանում դիմագրավել Ադրբեջանին, պետք է երրորդ կողմ, բայց ՌԴ-ի ելույթից հասկացա, որ վետո է դնելու, եթե փորձեն նման բանաձև անցկացնել։

Ուրեմն՝ ստացվում է, որ կա՛մ կոնսենսուսային որոշում պետք է ընդունվի, իսկ կոնսենսուսը միշտ էլ բոլոր քվեարկողների փոխհամաձայնությամբ է լինում: Այսինքն՝ այդ հայտարարության բովանդակությունն անընդհատ նվազելու է, աղավաղվելու է, կա՛մ էլ լինելու է հայտարարություն՝ ընդհանրացված։ Բոլորն էլ հասկանում են, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում էլի են նիստեր լինելու և արդեն միջազգային մոնիտորինգ կա՝ իրավիճակի վերաբերյալ։ Հետևաբար՝ առայժմ լավն այն է և զսպող ազդեցություն ունի, որ ԵՄ-ն, Գերմանիան, Ֆրանսիան հայտարարություն արեցին, բոլոր կարևոր դերակատարները։ Հաջորդ քայլը, այսպես թե այնպես, եթե խոսքը վերաբերում է  ցեղասպանությանը, էթնիկ զտմանը, բնականաբար, չենք կարող հույսը դնել Ադրբեջանի բարի կամքի վրա, պետք է հասնել նրան, կարծում եմ՝ Ռուսաստանը կողմ կլինի, որպեսզի ստեղծվի ինչ-որ կառուցակարգ։

Բնականաբար, սա որոշակի ստատուս-քվո կտա Ղարաբաղին, ոչ այն, ինչ ունեցել ենք նախկինում, ավելի նվազ, որոշակի ինքնավարություն, այս պահին էլ, բնականաբար, ինքնավարություն ունի, բայց կարող է ամեն օր խախտվել։ Եթե չլինի ինչ-որ կառուցակարգ, այդ մարդիկ չեն կարող ինտեգրվել, նոր պետություն է, լեզու, մշակույթ, կամ ուժ պետք է կիրառվի, կամ էլ, իրենք եթե ասում են՝ ինտեգրվել, պետք է Ղարաբաղը լինի ինքնավար, գուցե Ադրբեջանը սա հասկանում է։ Եթե Արցախը դատարկվի, Ադրբեջանը հայտնվելու է քննադատությունների տակ, և ՌԴ-ին ձեռնտու չէ, որովհետև նա իր մանդատը կկորցնի։ Այստեղ, իհարկե, կարելի է մշտապես վերլուծություններ անել, բայց ես իրավիճակն այդպես եմ պատկերացնում»,- եզրափակեց Արա Ղազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս