Մարդը՝ լափի մեջ

Բաջանաղապետությունը, որի դեմ ժամանակին պայքարում էին բաջանաղաքաղց զանգվածները, այլևս վերացված է։ Վերացված է ոչ թե այն իմաստով, որ բաջանաղներն այլևս պաշտոն ու ատկատ ու տենդեր չեն ստանում, այլ որովհետև Հայաստանում այլևս չկան բաջանաղներ։ Մարդ բաջանաղներ։ Նամուս ու թասիբ ունեցող բաջանաղներ։

Դա հռետորաբանություն չէ, այլ կոնկրետ, հասցեականություն, անուն-ազգանուններ ունեցող չգոյության մասին արձանագրում։ Բաջանաղի առկայության դեպքում Նիկոլ Փաշինյանի հետ մի օր, մի սեղանի շուրջ մեկը կվարվեր Ալենի պես։ Հենց այսօր, ցուցարարների դեմ բիրտ ուժը համակարգող փոխմիլիցապետեր Արամ Հովհաննիսյանին կամ Կամո Ցուգանյանին տուն վերադառնալիս կդիմավորեին բաջանաղները՝ համապատասխանաբար թքելով նրանց երեսին։ Բաջանաղի առկայության դեպքում մինչև տուն հասնելը դրանք լսած կլինեն իրենց շեֆի՝ Վահե Ղազարյանի բաջանաղի ամոթաթուքի մասին տեղեկությունը, ու այդպես շարունակ։

Հայաստանում վերացվել է ոչ միայն բաջանաղապետությունը, այլ նաև աներձագապետությունը, եղբայրապետությունը, քույրապետությունը, կուրսեցիապետությունը, զոքանչապետությունն ու հարևանապետությունը։ Վերացվել է այն իմաստով, որ այդ ինստիտուտներից որևէ մեկն այլևս չի գործում այնպես, ինչպես պետք է գործեր ըստ ավանդության, ըստ հայկականության ու ըստ արժանապատվության։

Բոլոր այդ պետությունները վերացվել են, որովհետև իրականում ոչնչացվել է պետությունը՝ բառի ամենաբովանդակ իմաստով, ու դրա փոխարեն գոյացել է պայմանական հանդուրժապետություն, որտեղ կինը հանդուրժում է ստահակ ամուսնուն, հայրը՝ դավաճան որդուն, զոքանչը՝ այլասերված փեսային, ու այդպես շարունակ… Հակառակ դեպքում, Արցախում տեղի ունեցած աղետից հետո հատկապես, բոլոր նրանք, ովքեր անգամ անուղղակի առնչություն ունեն այս իշխանության հետ, պետք է օտարվեին ու անարգանքի սյունին գամվեին առաջին հերթին իրենց ընտանիքներում, իրենց եղբայրների ու քույրերի, ընկերների ու բաջանաղների կողմից։

Կարդացեք նաև

Հայաստանյան իրականությունը պատեհապաշտների ու պատեհապաշտության իրականություն չէ, ինչպես հաճախ ներկայացվում է չափազանցաբար։ Այն սովորական լափի իրականություն է, որտեղ բաջանաղները պաշտոնյայի նետած չալաղաջը գերադասում են ճշմարտությունից, կանայք՝ շվայտությունը՝ արժանապատվությունից, զոքանչները՝ բանսարկությունը՝ բարեխղճությունից, ու այդպես շարունակ։

Այլևս բացահայտորեն գործող հակահայկական իշխանության հանդուրժումն ունի բազմաշերտ ու բազմամակարդակ կառուցվածք, և այնպես չէ, որ հասարակությունն ուղղակի բռնում ու հանդուրժում է Նիկոլ Փաշինյանին։ Այդ հանդուրժումը բաղկացած է թվախաղով ու թղթախաղով զբաղվող լակեյ դեպուտատի հարևանի հանդուրժումից, տարիքի հետ ավելի անուղեղ դարձած նրա գործընկերների հարազատի հանդուրժումից ու արյունախում մենթի կողակցի հանդուրժումից։

Հանդուրժումների այդ բուրգի գագաթին Նիկոլ Փաշինյանն է, ում հպատակները հանդուրժում են՝ սեփական այլանդակություններն իրենց միջավայրերում հանդուրժվելու իրավունքը պահպանելու ու հանդուրժողների լափն ապահովելու համար։

Հայաստանի այլասերումը կարող է մի հրաշքով դադարել միայն այն ժամանակ, երբ այս իրականության ծառաներն ու պահապանները մերժվեն առաջին հերթին իրենց ընտանիքներում ու բակերում, հարազատների ու ծանոթների կողմից։ Հայաստանի փրկությունը կարող է նշմարվել միայն այն դեպքում, երբ կգտնվի պաշտոնյա բաջանաղի երեսին թքող գոնե մեկ արժանապատիվ բաջանաղ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս