#ՀԻՄԱ. Արցախը, Հայաստանը, պետությունը հանձնողի ուղերձը. ՈՒՂԻՂ

Նիկոլ Փաշինյանը Արցախում սանձազերծված պատերազմից հետո այսօր երկրորդ անգամ ուղիղ եթերով անդրադարձավ ստեղծված իրավիճակին:

«Քիչ առաջ ԼՂ պաշտոնական տեղեկատվական էջերից իմացանք, որ ԼՂ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ: Սա վերաբերում է երեկ կեսօրից Ադրբեջանի կողմից մեկնարկած հարձակման հետևանքով բռնկված ռազմական գործողություններին:

Իհարկե, մենք ծանոթացանք տեքստին, ու քանի որ այդ տեքստի ձևավորմանը ՀՀ-ն որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել, առաջին նկատառումը հետևյալն է, որ տեքստում հիշատակվում են ՀՀ Զինված ուժերը, և խոսվում է ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ մնացած ստորաբաժանումների մասին:

Առաջինն, այս փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ այն պայմաններում, երբ բազմիցս ասել ենք, որ 2021 թվականի օգոստոսից ՀՀ- ն ԼՂ-ում բանակ չունի, բայց, ամեն դեպքում, մենք այս հայտարարությունն ու ԼՂ իշխանությունների կողմից դրա ընդունումն ընդունում ենք ի գիտություն»,- արձանագրեց Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև

Հաջորդիվ նա խոսեց ԼՂ հայության անվտանգության հարցի մասին՝ նկատելով, որ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, դա ինքնին նշանակում է, որ նրանք ամբողջությամբ և ալևս առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, «ինչով պիտի լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքը պահպանեն իրենց տներում, իրենց հողի վրա ապրելու և ապրելու արժանապատիվ, անվտանգ»:

«Իմ ընկալումն այն է, որ այս հայտարարությամբ նաև այդ պատասխանատվությունն է ամբողջապես ստանձնում՝ չնայած մենք միշտ էլ այն կարծիքին էինք, որ այդ պատասխանատվությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ըստ էության, դրված է ՌԴ խաղաղապահ առաքելության վրա:

Բայց մենք հույս ունենք, որ նման քայլ անելով՝ ՌԴ խաղաղապահ զորախումբն ամբողջությամբ կկատարի իր պարտականությունները, ինչի հետ կապված նախորդ շրջանում, գիտեք՝ ունեցել ենք որոշակի վերապահումներ»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինի համոզմամբ՝ ՀՀ-ի հետ, ըստ էության, կապ չունեցող տեքստում ՀՀ անունը հիշատակելը արդարացնում է իր երեկվա այն վարկածը, մոտեցումը, գնահատականը, որ ԼՂ դեմ հարձակման նպատակներից մեկը ՀՀ-ն ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ:

«Եվ, իհարկե, ինձ համար գնահատականը մեկն է, որ եթե հնարավոր լիներ ՀՀ-ն ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը:

Եվ այս առումով իմ գնահատականը, առնվազն, նաև այսօրվա իրադարձությունների համատեքստում՝ գոյության շատ լուրջ իրավունք ունի: Ամեն դեպքում, կրկին ասում եմ՝ տեղի ունեցածը ընդունում ենք ի գիտություն և կշարունակենք հետևել զարգացումներին:

Վերջին տեղեկությունը, որն ինձ հաջողվել է ստանալ Լեռնային Ղարաբաղից՝ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է (չեմ կարող ասել, որ զրոյացել է), և մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի, որովհետև, առավել ևս այս պայմաններում, կայունությունը և ռազմական գործողությունների դադարը շատ կարևոր է:

Մենք կշարունակենք հետևել իադարձություններին և եթե լրացուցիչ գնահատական, ասելիք ունենանք այս առումով, իհարկե, այդ ասելիքն անպայման կկիսենք ձեզ հետ:

Հիմա ամենակարևոր հարցը հետևյալն է, որ ԼՂ հայերի իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ-ի կողմից»,- ամփոփեց նա

Տեսանյութեր

Լրահոս