Շախմատային պատառաքաղ. եթե մյուս ուժերը չմիավորվեն, ՔՊ-ի՝ քաղաքապետի իրենց թեկնածուին անցկացնելու շանսերը կմեծանան. Գոհար Մելոյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «GM Legal» փաստաբանական գրասենյակիհամահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

• Այս ընտրական պրոցեսը հետևություններ անելու համար լավ հիմք հանդիսացավ՝ նախ և առաջ հաշվի առնելով քաղաքացիների ցածր մասնակցելիությունը։ Շուրջ 28% մասնակցելիություն ունեցանք։ Սրանից լուրջ հետևություններ պետք է արվեն։

Կարդացեք նաև

• Իշխող ուժի կողմից վստահություն կար, որ իրենք անհրաժեշտ քանակի քվեներ կհավաքեն, բայց դա իրենց չհաջողվեց՝ ավագանի ձևավորելու և համայնքի ղեկավար ընտրելու համար։

• Ավագանու 65 անդամները բաշխված են, և նրանք պետք է ընտրեն համայնքի ղեկավարին, որի համար անհրաժեշտ է 33 ձայն։

• Հավանական կոալիցիաներից մեկը իշխող ուժի՝ ՔՊ-ի ու «Հանրապետություն» կուսակցության կոալիցիան է, և եթե դա տեղի ունենա, դրան պետք է հակակշռեն մյուս 3 ուժերը, որոնք եթե համաձայնության գան, միասնական թեկնածուի պարագայում քաղաքապետ կընտրվի իրենց թեկնածուն։

• Ականատես ենք մի իրավիճակի, որ անգամ մեկ ձայնը կարող է որոշիչ դեր ունենալ։

• Ցանկացած պակաս մասնակցություն, անվավեր քվեաթերթիկ իշխանության ջրաղացին ջուր լցնել էր, որին ձեռնտու էր քիչ մասնակցելիությունը։

• Դաշտում ներկայացան նոր քաղաքական ուժեր․ գործ ենք ունենալու նոր քաղաքական պատկերի հետ։

• Եթե առաջին փուլում այս երեք ուժերը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (18,89%), «Մայր Հայաստան» դաշինքը (15,43%), և «Հանրային ձայն» կուսակցությունը (9,68%) համաձայնության չեն գալիս, թևակոխում ենք երկրորդ փուլ, որտեղ առավելագույն ձայներ ստացած թեկնածուն դառնում է քաղաքապետ։ Եթե քաղաքապետի երկու թեկնածուները հավասար քանակի ձայներ են հավաքում, տեղի է ունենում երրորդ փուլ։

• Ավագանու առաջին նիստն ավարտված չի համարվում, մինչև չի ընտրվում համայնքի ղեկավար։

• Իմ գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն է կայացնելու հետագա սցենարների վերաբերյալ որոշումները։ Ընդամենը մեկ մանդատի հարց է, և դժվար չէ սպառնալով, կաշառելով, ինչ-որ բաներ առաջարկելով՝ ստանալ այդ մեկ մանդատը։

• Նախնական հաշվարկով Երևանի ավագանու առաջին նիստը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 10-ին, եթե բողոքարկումներ, վերաքվեարկություններ կամ դատական կարգով այլ վիճարկումներ չլինեն։

• Անցողիկ շեմը հաղթահարած յուրաքանչյուր ուժ կանգնած է շախմատային պատառաքաղի իրավիճակի առաջ։

• Կոալիցիա կազմելը բավականին բարդ է լինելու, որովհետև ծայրահեղ տարաբնույթ են 3 ընդդիմադիր ուժերի քաղաքական նախընտրությունները՝ սկսած բովանդակայինից՝ մինչև լեքսիկոն։

• «Հանրապետություն» կուսակցությունը շահող դուրս եկավ, որովհետև ՔՊ-ն ունի իրենց կարիքը, և նրանք կփորձեն դա խաղարկել։ Ես կոչ կանեմ, որ մյուս ուժերն էլ փորձեն համագործակցության եզրեր գտնել «Հանրապետություն» կուսակցության հետ։

• Եթե մյուս ուժերը չմիավորվեն, իշխող ուժի շանսերն իրենց թեկնածուին անցկացնելու՝ կմեծանան։

• Հուսով եմ՝ դիտորդական առաքելությունները հետևողական կլինեն անճշտությունների և ընտրակեղծիքների նկատմամբ, և դատական կարգով բողոքարկումներ կլինեն։

• Այս իշխանության օրոք բազմաթիվ դեպքերի ականատես եղանք, թե ինչպես խորհրդարանական կառավարման հենասյունային դրույթները ոտնահարվեցին։ Մենք տեսանք նաև, թե ինչպես երկրի գործադիր մարմնի ղեկավարի կոչով շրջափակվեց Խորհրդարանը։

• Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ օրենսդիր մարմնում ունենալով մեծամասնություն՝ կառավարող խորհրդարանական ուժն ամբողջությամբ ենթարկվում է գործադիրին։ Այսինքն՝ ունենք ավտորիտար կառավարման մոդել։

• Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) վերածվել է անկախ դատավորների պատժիչ մահակի․ սա բնորոշ չպիտի լինի խորհրդարանական կառավարմանը։

• Մենք տարաբնույթ ճգնաժամերի կիզակետում ենք՝ քաղաքական, տնտեսական, իրավական։ Ու այս իրավիճակի առաջին պատասխանատուն գործող իշխող ուժն է։

• Քաղաքացին այն աստիճանի իներտ ու անտարբեր է դարձել, որ հրաժարվում է գնալ ու կատարել իր քաղաքացիական պարտքը։

• Մարդիկ գնացին ու ընտրեցին ոչ թե իրենց համար ցանկալի ուժին, այլ չարյաց փոքրագույնին։ Սա հստակ մաթեմատիկական հաշվարկ էր, ու սա նույնպես լրջագույն վտանգ է ներկայացնում։ Բազմաթիվ քաղաքացիների ձայներ այս կերպ փոշիացան։

• Առաջին անգամ չէ, երբ ինչ-որ պրոցեսի նախորդում է որևէ օրենսգրքում, անգամ Սահմանադրության մեջ շատ արագ փոփոխություններ։ Արտահերթ եղանակով ընդունված օրենքների քանակն աննախադեպ է եղել այս 5 տարիների ընթացքում։

• Իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակող ուժն աշխատանքի թափանցիկությունն այս աստիճանի չէր նվազեցնի։

• Ոչինչ չեմ կարող բացառել․անկանխատեսելի քաղաքական զարգացումների ենք ականատես լինում։

• Այս իշխանության անկման պարագայում դասական ձևաչափով նույն պրոցեսն է տեղի ունենալու, ինչ 2018թ,․վտանգը զգալով՝ լքելու են խորտակվող նավը։

• Եթե իշխանությունը շարունակի բռնաճնշումներն ու քաղբանտարկյալների քանակը համալրելու քաղաքականությունը, փողոցում ոտքի կկանգնի քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս