«Հանրապետություն» կուսակցությունը չի բացառում կոալիցիան ընդդիմադիր ուժերի հետ. irakanum.am
«Հանրապետություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած որեւէ քաղաքական ուժի հետ հնարավոր կոալիցա կազմելու քննարկումներ չի ունեցել։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասել է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անի Խաչատրյանը։
«Հանրապետությունը չի ունեցել քննարկում կոալիցիայի, մենք քսան տարվա կուսակցություն ենք ու առհասարակ առաջարկություն ու մտադրություն էլ այս պահին չունի, և եթե նման առաջարկ լինի, մենք պետք է քաղաքական խորհրդում քննարկում ունենանք։ Ավելին, պետք է հասկանանք, թե հանրությունը, հասարակության լայն զանգվածն ինչ է ուզում, ըստ դրա պետք է հասկանանք, թե ինչ կերպ կվարվենք»,- ասել է Անի Խաչատրյանը։
Հարցին, թե կուսակցության օրակարգում չկա՞ ՔՊ–ի հետ կոալիցիա կազմելու հարց, Խաչատրյանը պատասխանել է, թե այս պահին ձևավորված է այնպիսի իրավիճակ, որ պետք է լինեն քննարկումներ, իսկ մինչ այս պահը իրենք դա չեն ունեցել։ Ինչ վերաբերում է անցողիկ շեմը հաղթահարած մյուս ուժերի հետ հնարավոր կոալիցիայի հարցին, ապա Անի Խաչատրյանն ասաց, որ ոչինչ չի բացառում։
«Գիտեք, ես ոչինչ չեմ բացառում, կուսակցությունը չի ունեցել քաղաքական խորհրդի նիստ, քանի որ հաշվարկը բավականին ուշ է ավարտվել, մենք քննարկում չենք ունեցել, անգամ այսօր դեռ չենք հասցրել հավաքվել, երբ որ քաղխորհուրդը կհավաքվի՝ քննարկում կունենա, կհասկանանք, ինչն ենք բացառում, ինչը՝ ոչ»,- նշել է Անի Խաչատրյանը։
Նշենք, որ եթե ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալները չփոփոխվեն, ավագանու մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ․
«Քաղաքացիական պայմանագիր» – 24
«Ազգային առաջընթաց» – 14
«Մայր Հայաստան» – 12
«Հանրապետություն» – 8
«Հանրային ձայն»- 7
Սա նշանակում է, որ որեւէ ուժի չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել և քաղաքապետ պետք է ընտրվի կոալիցիոն կառավարմամբ։ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է կոալիցիայի «Մայր Հայաստանի» և «Ազգային առաջընթաց» կուսակցության հետ։ Վերջինիս նախընտրական ցուցակը գլխավորում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել հետընտրական զարգացումներին։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։