Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը նրա անվտանգության նվազագույն երաշխիքն է․ Էդմոն Մարուքյան

Լեռնային Ղարաբաղն ունի պաշտպանության բանակ, որը նրա անվտանգության նվազագույն երաշխիքն է, իսկ ԼՂ-ում այլ զինված ուժեր չկան։

ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության շրջանակներում։

Անդրադառնալով Ադրբեջանի մեղադրանքներին, թե հենց Ստեփանակերտն է արգելափակում Աղդամի և Լաչինի երթուղիների միաժամանակյա բացումը, Մարուքյանը նշել է, որ կան Արդարադատության միջազգային դատարանի երկու միջանկյալ որոշումներ ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումներ։ Ըստ այդմ՝ միջազգային հանրությունն ընդունում է, որ Լաչինի միջանցքը փակ է միակողմանի։

«Իսկ Լաչինի միջանցքը կողմերի միջև համաձայնեցված միակ ճանապարհն է, այն միջանցքի կարգավիճակ ունի՝ համաձայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի, որը չեղյալ չի հայտարարվել, այն շարունակում է գործել։ Ադրբեջանը, սակայն, շարունակում է փակ պահել այն՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սովամահության հասցնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտումների ենթարկելու համար»,-հավելել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը։

Տեսանյութեր

Լրահոս