Խաչվերացը տարվա հինգ տաղավար տոներից վերջինն է
Հայ առաքելական եկեղեցին այս կիրակի տոնում է տարվա հինգ տաղավար տոներից վերջինը՝ Սուրբ Խաչը։ Եվ այդ առիթով «Արմենպրես» Podcast-ի տաղավարում զրուցել ենք Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր Սուրբ Խաչ եկեղեցու խորհրդակատար Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի հետ, ով մանրամասնում է տոնի հոգևոր և ժողովրդական սովորույթները։
Սուրբ Խաչը Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է։ Այն հիշատակումն է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության: Խաչվերացի տոնը շարժական է, հանդիպում է սեպտեմբերի 11-ից 17-ի միջև ընկած կիրակի օրը: Խաչվերացի տոնը քրիստոնյայի համար նախ և առաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի։ Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։
Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և կանգնեցման (վերացման): Ըստ ավանդության՝ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տեառնեղբայրը, ձեռք բերելով Քրիստոսի խաչափայտից մի մասունք, վեր է բարձրացրել ի տես հավատացյալների` երգելով «Խաչի քո Քրիստոս երկիր» շարականը: Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։ 333 թ. Մեծն Կոստանդիանոսը Քրիստոսի գերեզմանի վրա կառուցում է Ս. Հարություն տաճարը: Սեպտեմբերի 13-ին կատարվում է նավակատիքը, որից հետո ամեն տարի տոնախմբվում է Ս. Հարության նավակատիքը` 8 օր շարունակ: Սեպտեմբերի 14-ին հավաքվում էին Գողգոթայում, վեր բարձրացնում Ս. Խաչն` ի տես ժողովրդի և երկրպագում:
Խաչվերացի տոնը մեծ նշանակություն է ստանում հատկապես պարսկական գերությունից վերադարձին, երբ շեշտվում է ազատագրված Ս. Խաչի հաղթական վերադարձը Երուսաղեմ: Այդ տեղի է ունեցել 7-րդ դարի առաջին կեսին: 614 թ. պարսկաբյուզանդական պատերազմի ժամանակ պարսիկները գրավում են Երուսաղեմը և գերեվարում Քրիստոսի խաչափայտը: Երկարատև կռիվներից հետո Հերակլ կայսեր գլխավորությամբ բյուզանդացիներին հաջողվում է ծնկի բերել պարսկական պետությանը և ազատագրել խաչափայտը: Այդ գործում մեծ նպաստ են բերել նաև հայկական զինվորական ուժերը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Ազատագրված խաչափայտը մեծամեծ հանդիսություններով և կրոնական արարողություններով Հայաստանի վրայով տարվում է Պոլիս և ապա վերադարձվում Երուսաղեմ։ Խաչը բարձրացնելով՝ մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան:
Հայկական շատ եկեղեցիներ անվանակոչված են Սուրբ Խաչ անունով: Խաչվերացին տեղի են ունենում բազմաթիվ ուխտագնացություններ, հատկապես դեպի Սուրբ Խաչ անունով եկեղեցիներ: Խաչվերացի տոնին երեկոյան ժամերգությունից հետո մեր եկեղեցու ծիսակարգի համաձայն կատարվում է Ս. Խաչի վեր բարձրացման հանդիսավոր արարողություն: Կենաց փայտի մասունք պարունակող խաչը զարդարվում է ռեհանով և բազմերանգ ծաղիկներով: Կատարվում է անդաստանի արարողություն, քահանան վարդաջուր է ցողում հավատացյալների վրա և խաչի նշանով օրհնում աշխարհի 4 ծագերը` Տիրոջից հայցելով խաղաղություն ու բարօրություն: Արարողության վերջում օրհնված ռեհաններն ու ծաղիկները բաժանվում են հավատացյալներին՝ հոգու և մարմնի բժշկության համար: Փառավորենք Տիրոջ ազնիվ ու կենարար Խաչը, քանզի Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է»։
Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Շատ տեղեր Խաչվերացը ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր», – այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:
Հայ Առաքելական եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված հետևյալ տոները՝ Սուրբ Խաչի երևման, Խաչվերաց, Վարագա Ս. Խաչի, Ս. Խաչի գյուտ: Այս չորսից երեքը նշվում են քրիստոնյա բոլոր եկեղեցիներում, և միայն Վարագա Սուրբ Խաչի տոնն է զուտ հայկական ու կատարվում է միայն մեր Եկեղեցում:
Տաթև Զաքարյան