Հետևանքների մասին մտածե՞լ եք

Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունները կրկին լարվել են։ Հնչում են փոխադարձ մեղադրանքներ, ընդհուպ՝ բարձր մակարդակով։ Այս իրավիճակը մինչև ո՞ւր կհասնի, դեռ վաղ է գնահատել, հատկապես, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին նման սրացումներ մեկ անգամ չէ, որ եղել են։ Բայց դրանք գնալով խորանում են և նոր երանգ ստանում։ Հայաստանի իշխանություններն անթաքույց  գնում են աշխարհաքաղաքական կողմնորոշումները փոխելու ճանապարհով։

Թե դա ի՞նչ հետևանք կարող է ունենալ, դժվար չէ պատկերացնել։ Ընդ որում, խոսքն ամենևին էլ միայն քաղաքական հետևանքների մասին չէ։

Տնտեսական հետևանքները պակաս ցավոտ չեն լինելու։ Հայաստանի տնտեսությունը բազմաթիվ թելերով կապված է, ու, որ շատ ավելի կարևոր է՝ կախված է Ռուսաստանից։

Այն, որ ռուս-ուկրաինական հակամարտությունից և Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո Հայաստանի դերը Ռուսաստանի համար որոշ չափով բարձրացել է՝ կապված պատժամիջոցների պայմաններում ռուսական շուկայի պահանջարկն ինչ-որ չափով բավարարելու հետ, դեռ չի նշանակում, թե Ռուսաստանի տնտեսության կախվածությունը մեր տնտեսությունից մեծացել է։ Արտահանման աճերը, որոնք տեսնում ենք Հայաստանից Ռուսաստան, կապ չունեն մեր տնտեսության հետ։ Դրանք վերարտահանումներն են, որոնք այս պահին ձեռնտու են Ռուսաստանին, բայց վաղը, երբ իրավիճակը փոխվի, դրանք այլևս չեն լինելու։

Կարդացեք նաև

Վերարտահանումների արդյունքում է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև դրական առևտրային հաշվեկշիռ է ձևավորվել։ Սակայն այն ժամանակավոր երևույթ է, և դրա հիման վրա անիմաստ է հեռուն գնացող դատողություններ անել, առավել ևս՝ ասել, թե պակաս փոքր չէ Ռուսաստանի տնտեսության կախվածությունը Հայաստանի տնտեսությունից։

Ոչ մի հիմք չկա նույն հարթության մեջ դնելու Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների կախվածությունը։ Դրանք սար ու ձորի տարբերություն ունեն ու ոչ Հայաստանի օգտին։

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը հայկական ապրանքների արտահանման ամենամեծ ու ամենաընդգրկուն շուկան է։ Մեր պատրաստի արտադրանքի մեծ մասը՝ վերամշակվող և չվերամշակվող, նաև գյուղատնտեսական, առաքվում է հենց Ռուսաստան։ Պատահական չէ, որ ռուսական շուկայում կամ Ռուսաստանի տնտեսության մեջ ցանկացած փոքր ցնցում անմիջապես ազդում է Հայաստանի տնտեսության՝ ինչպես արտադրական, այնպես էլ՝ արտահանելի հատվածի վրա։

Ռուսական շուկան, թեկուզ մասնակի, կորցնելը կործանարար կարող է լինել մեր տնտեսության բազմաթիվ ճյուղերի համար։

Վերցնենք գյուղմթերքները. Հայաստանից գյուղմթերքի ճնշող մասը գնում է ռուսական շուկա։ Փոխարժեքի վերջին դրսևորումների հետևանքով, գյուղատնտեսությունը, նաև վերամշակող արդյունաբերությունն արդեն բախվել է լուրջ խնդիրների հետ, մեծ վնասներ է կրում։

Սա դեռ՝ ընդամենը փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված։ Իսկ ի՞նչ կարող է լինել, եթե հանկարծ սահմանափակումներ մտցվեն։ Նման մի իրավիճակի վերջերս բախվեց կաթնամթերքի շուկան։ Ռուսաստանի պետական գերատեսչական վերահսկիչ մարմինը դադարեցրեց հայկական կաթնամթերքի մատակարարումները, այն պատճառաբանությամբ, որ Հայաստանը չի կարողանում երաշխավորել դրանց անվտանգությունը։

Դա իրականությո՞ւն էր, թե՞ միտումնավորություն, էական չէ։ Բայց այդ խնդիրներն ի հայտ եկան այն ժամանակ, երբ Սահմանադրությանը համապատասխան ճանաչվեց Հռոմի ստատուտը, իսկ իշխանության ներկայացուցիչները սկսեցին բացահայտ հայտարարություններ անել Հռոմի ստատուտի վավերացումից հետո Ռուսաստանի ղեկավարին Հայաստանում ձերբակալելու վերաբերյալ։

Նման երևույթները սովորաբար պատահական չեն լինում։ Ռուսական շուկա հայկական արտադրության կաթնամթերքի մատակարարման արգելքից հետո տնտեսության այդ ճյուղը հայտնվեց հատակին։ Հետո իհարկե, երբ իրավիճակը հանդարտվեց, մատակարարումները վերականգնվեցին։ Բայց դրանք ցանկացած պահի կարող են կրկնվել։

Սա ընդամենը մեկ օրինակ է, որով կարելի է պատկերացնել Հայաստանի տնտեսության կապն ու կախվածությունը ռուսական շուկայից։ Այդպիսի օրինակները կարող են բազմաթիվ լինել։ Քաղաքական դեմարշների գնալուց առաջ, առնվազն արկածախնդիր պետք է լինել՝ սա հաշվի չառնելու համար։ Դեռ չենք խոսում ռուսական կապիտալից, ինչպես նաև էներգակիրներից մեր տնտեսության կախվածության մասին։

Այն, որ նախորդ և այս տարվա սկզբին Հայաստանի տնտեսության մեջ բարձր աճեր էին արձանագրվում, նույնպես դրա արդյունք էր։ Ռուսաստանից մեծ քանակությամբ փող է եկել, ու այդ փողերի հաշվին տնտեսական աճեր են գրանցվել։ Եթե վաղը դադարեն այդ հոսքերը, այն ժամանակ չեն լինի նաև աճերը։

Վերջին մեկ ու կես տարում Ռուսաստանից Հայաստան միայն ֆիզիկական անձանց փոխանցումների միջոցով ստացվել է գրեթե 6 մլրդ դոլար։ Այս գումարների հաշվին էլ մեծացել են մեր տնտեսության, նաև արտաքին առևտրի շրջանառությունները։ Բայց դրանք կարող էին և չլինել։

Արտաքին առևտրում ևս անցած և այս տարի կրկնակիին մոտ աճեր էին գրանցվում՝ վերստին Ռուսաստանի ու ռուսական շուկայի հաշվին։ Այլ պայմաններում իշխանությունները կերազեին, թե կարող էին մեկ ու կես տարում այսպիսի աճեր արձանագրել, թեկուզ և դրանք ներմուծումների հետ էին կապված։

Սրանք դեռ միայն այսօրվա իրողություններն են, որոնց ազդեցությունները, տեսնում ենք, թե ինչքան մեծ են տնտեսության արձանագրվող աճերի վրա։

Բայց Ռուսաստանի հետ Հայաստանի տնտեսության կապերը միայն այսօրվա իրողություններով չեն պայմանավորված։ Դրանք շատ ավելի խորն են։ Ու երբ իշխանությունները փորձում են քաղաքական խաղեր տալ, Արևմուտքին դուր գալու համար արհեստական սրել հարաբերություններն ու իրավիճակը, պետք է հասկանան, որ ամեն ինչ շատ ավելի վատ կարող է ավարտվել, քան պատկերացնում են իրենց գեղեցիկ երազներում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս