Ներքին դիկտատորն ու արտաքին հարճը

Խոստումն իրական ժողովրդավարական քաղաքական համակարգում կարևորագույն ինստիտուտ է։ Նախընտրական խոստում-իրականացվող քաղաքականություն սխեմայում է զարգանում քաղաքական կյանքը ժողովրդավարական հասարակություններում։ Խոսքը ոչ թե խոստումների մեխանիկայի, թվաբանության, այլ դրանց փիլիսոփայության, ընդհանուր ուղղվածության մասին է։ Երբ որևէ քաղաքական ուժ/գործիչ իշխանության է գալիս նախընտրական այնպիսի խոստումներով, որոնք ընդհանուր առմամբ իրագործում է պաշտոնավարման շրջանում, մեծ է հավանականությունը, որ հաջորդ ընտրություններում կարող է շարունակել իշխանությունը։ Եվ հակառակը՝ երբ որևէ քաղաքական ուժ/գործիչ տապալում է նախընտրական խոստումները, ապա գրեթե երաշխավորված է, որ նա այլևս չի կարող վստահության քվե ստանալ հաջորդ ընտրություններում։

Բայց կա իրավիճակ, որը չի տեղավորվում ո՛չ խոստում-իրականացում, ոչ էլ խոստում-տապալում բանաձևերի մեջ։ Դա այն պարագան է, երբ քաղաքական ուժը/գործիչը նախընտրական շրջանում ներկայացնում է խոստումներ, սակայն իշխանություն ստանալով՝ կատարում է դրանց տրամագծորեն հակառակ քայլերը, այսինքն՝ իրագործում է ոչ թե խոստումները, այլ հակախոստումները։ Այս դեպքում ժողովրդավարական ստանդարտ կառուցակարգերը չեն գործում, այսինքն՝ հասարակությունը գտնում է մեթոդներն այդպիսի իշխանությանը ոչ թե հաջորդ ընտրություններում մերժելու, այլ մինչև այդ հեռացնելու համար։

Բայց խոսքը իրական և ոչ թե դեկորատիվ ժողովրդավարությունների մասին է, ինչպիսին է Հայաստանը։ 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանն իր ՔՊ-ով վերարտադրել է իշխանությունը՝ խոստանալով Շուշիի, Հադրութի դեօկուպացիա և «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի իրագործում Արցախի ինքնորոշման իրավունքին հասնելու համար։ Այդ ընտրությունները հենց Արցախի մասին էին, հետևաբար՝ կարևոր են հենց այդ ուղղությամբ նրա տված խոստումները և ոչ թե՝ ասֆալտապատման կամ դպրոցաշինության վերաբերյալ թվաբանությունը։ Իշխանությունը, սակայն, ավելի քան երկու տարի է՝ ոչ միայն չի իրականացնում այդ սկզբունքային խոստումները, այլ կատարում է դրանց տրամագծորեն հակառակը քայլերը․ Հայաստանն ամբողջությամբ հրաժարվել է Արցախից, Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, նա ոչ միայն չի շնորհավորում Արցախի նախագահին, այլ անգամ չի արտաբերում «նախագահ» բառը նրա մասին խոսելիս, իսկ «Արցախի ինքնորոշում» գաղափարն ընդհանրապես անհետացել է նրա խոսույթից ու քաղաքականությունից։

Այսինքն՝ իշխանությունը ոչ թե ուղղակի թերացել է իր տված նախընտրական խոստումների կատարման հարցում, ոչ թե դրանք կատարել է մասամբ կամ ոչ ամբողջությամբ, այլ իրականացրել այդ խոստումների տրամաբանության, ոգու տրամագծորեն հակադիր քաղաքականությունը։ Ասել, որ իշխանությունը խաբել է ընտրողներին, կնշանակի ոչինչ չասել, որովհետև դա ոչ թե սովորական խաբեություն է, այլ տիեզերական խաբեբայության միջոցով իշխանության ուզուրպացիա, իշխանության թալան՝ հասարակությունից։

Կարդացեք նաև

Եթե Հայաստանը լիներ իրական ժողովրդավարական պետություն, ինչպես պնդում է Փաշինյանն ամեն առիթով, ապա նա իշխանությունից հեռացված կլիներ այն պահին, երբ հայտարարեց Արցախի հարցում «նշաձողն իջեցնելու մասին», իսկ նախորդ տարվա հոկտեմբերին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո նրա պաշտոնանկությունը պետք է ժամերի հարց լիներ։

Սա հերթական, հազարերորդ անգամ ապացուցում է, որ Հայաստանը հեռու է իրական ժողովրդավարությունից մոտավորապես այնքան, որքան Փաշինյանի վարած քաղաքականությունը՝ Արցախի ինքնորոշման իրավունքից։

Բայց խնդիրը միայն ժողովրդավարությունը չէ, որի չգոյության մասին միայն այս դրվագով չէ, որ պետք է համոզվել։ Խոստումների ինստիտուտը միայն ներքին կառուցակարգ չէ և վերաբերելի չէ միայն ներքին քաղաքականությանը։ Իշխանության գալու համար քաղաքական ուժերը/գործիչները, որպես կանոն, խոստումներ են տալիս ոչ միայն ընտրողներին ու տեսախցիկների առջև, այլ նաև այն աշխարհաքաղաքական կենտրոններին, որոնց շահերից է բխում նրանց իշխանության պահպանումը։ Այդ իմաստով, եթե հետահայաց դիտարկենք 2021-ին հաջորդած շրջանում իշխանության իրականացրած քաղաքականությունը, ապա ակնհայտ է դառնում, որ հետևողականորեն իրագործվում են այն խոստումները, որոնք ըստ ամենայնի տրվել են բազմաթիվ ռեգիոնալ և ոչ ռեգիոնալ տերությունների՝ Ադրբեջանից ու Թուրքիայից՝ մինչև Ռուսաստան, ԱՄՆ և Եվրամիություն։

Համենայնդեպս, բոլոր այն արտաքին քաղաքական քայլերը, որոնք ներկայումս իրականացնում է Հայաստանի իշխանությունը, գրեթե ամբողջությամբ համընկնում են այդ խաղացողների շահերին և կարող էին կյանքի կոչվել միայն այն դեպքում, եթե իրականացնողը դրանք կատարելու խոստումներ է տվել։ Սա մեծապես բացատրում է այն հակասությունը, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը՝ չունենալով ներքին լեգիտիմություն, դեռևս պահպանում իշխանությունը, որը կարելի է բնորոշել «ներքին դիկտատուրա՝ արտաքին հարճ լինելու պայմանով» բանաձևով։

Այդ իշխանության պահպանման երաշխավորներն արտաքին շահառուներն են, որովհետև այն դեռևս ամբողջությամբ չի իրագործել այն խոստումները, որոնք տրվել են հանուն նույն այդ իշխանության պահպանման։ Այս իրականությունը լայն իմաստով կարող է փոխել միայն հայ հասարակությունը՝ օգտագործելով սեփական մոբիլիզացիոն ռեսուրսները և իշխանությունից հեռացնելով բոլոր նրանց, ովքեր այն խլել են մեծագույն խաբեությամբ ու շարունակում են խաբել՝ այլոց առջև ստանձնած պարտավորությունները կատարելու համար։

Իրավիճակի ողջ հակասականությունն այն է, որ խոսքն անգամ հարևանի մանր խաբեությունը չհանդուրժող ու դրա համար դատաստանի պատրաստ հասարակության մասին է, որը համակերպվել է երբևէ իր հանդեպ գործվող ամենամեծ խաբեբայության հետ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս