Բաժիններ՝

Աստծուն և մարդուն միավորող նշանը

Խաչելությունը հին աշխարհի հայտնագործած ամենաանմարդկային պատիժներից մեկն էր: Այն համարվում էր անպատվաբեր վախճան: Հռոմեական կայսրության սահմաններում սովորաբար խաչ էին հանում ապստամբ բարբարոսներին, ամենանողկալի ոճիր գործածներին, ստրուկներին: Ալեքսանդր Մենը, իր «Մարդու Որդին» գրքում, նկարագրում է այն անասելի տանջանքները, որ ունենում էր խաչյալը. «Մահապարտին մերկ կապկպում էին, իսկ երբեմն էլ վերադրակով գամում էին կախաղանափայտին և թողնում էին դանդաղ մեռնելու: Շնչահեղձուկը տանջում էր նրան, արևն այրում էր գլուխը, անբնական վիճակից ուռչում էր ողջ մարմինը, վերքերը բորբոքվում էին՝ անտանելի ցավեր պատճառելով: Նա մահ էր կանչում որպես ազատագրում, բայց այն չէր գալիս: Դեպքեր էին լինում, երբ մարդիկ օրերով կախված էին մնում խաչերից, հաճախ թռչունները կտցում էին նրանց աչքերը, երբ նրանք դեռ կենդանի էին…»:

Եվ մահապատժի այս տեսակն իր նմանը չուներ անմարդկային տանջանքների առումով: Պիղատոսի կառավարման չորս տարիների ընթացքում ժողովրդի համար սովորական էր նման մահապատիժը: Նրանք վարժվել էին նման զարհուրելի մահվան և չէին զարմանում խաչափայտեր տեսնելով: Նրանց հետաքրքրասիրությունը սառն էր այդ առումով:

Երբ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, խաչի վրա ասաց. «Հա՛յր, Քո ձեռքն եմ ավանդում Իմ հոգին» (Ղուկաս 23:46), դրանից հետո Նա լռեց… Քրիստոսի հետևորդները վշտի և հուսախաբության մեջ էին: Նրանք կարծում էին, թե խաբվել են: Թվում էր՝ ամեն ինչ վերջացավ և ամեն ինչ զուր էր: Սակայն, ո՛չ: Նրա մահը չէր նշանակում վերջ: Քրիստոս չմնաց խաչի վրա, Նա չմնաց նաև գերեզմանում: Քրիստոս հարություն առավ: Մահն անզոր էր Փրկչի հանդեպ:

Կատարվեց այն, առանց ինչի չէր լինի քրիստոնեությունը: Քրիստոս լիակատար հեղաշրջում առաջ բերեց: Նրա խաչելությունից հետո մահապատժի, տանջանքի և անարգանքի այդ գործիքը դարձավ քավության խորհրդանիշ, աստվածային սիրո խորհրդանիշ: Խաչի խորհուրդը դարձավ տիեզերական՝ շնորհիվ Հիսուս Քրիստոսի: Խաչը Աստծուն և մարդուն միավորեց: Սրա մասին է գրում առաքյալը. «Նա՛ է մեր հաշտարարը, որ միացրեց հրեային ու հեթանոսին՝ Իր մարմնի զոհագործումով քանդելով նրանց բաժանող թշնամության պատը և խափանելով Մովսիսական Օրենքն իր պատվիրաններով ու հրահանգներով, որպեսզի հրեային ու հեթանոսին միավորելով Իր անձի մեջ, ստեղծի նոր և միակ մի ժողովուրդ, այդպիսով հաստատի խաղաղություն» (Եփես․ 2:14-16): Փրկիչը լուսավորեց աշխարհը՝ ազդարարելով երկնային և հավիտենական կյանքի ավետիսը:

Կարդացեք նաև

Համայն հայոց աշխարհը խաչի խորհրդով նվիրականացվեց: Եկեղեցու պսակը և փառքը Տիրոջ սուրբ խաչն է, որը դրված է եկեղեցու գլխին: Հայ եկեղեցին սուրբ խաչին նվիրված չորս տոներ ունի, որոնք մեզ հիշեցնում են խաչով փրկվելու անհրաժեշտությունը: Եկեղեցու բոլոր խորհուրդները խաչով են կատարվում:

Պատերազմների ընթացքում խաչը եղել է որպես առաջնորդ.խաղաղասիրական ժողովուրդների մեջ՝ նշան միության:

Խաչն իր սրբացած խորհրդով ներշնչման աղբյուր հանդիսացավ արվեստի և գրականության բնագավառներում: Խաչին նվիրված ներբողներ են գրել Դավիթ Անհաղթը, սբ. Գրիգոր Նարեկացին, սբ. Ներսես Շնորհալին: Հավատացյալ հայ քանդակագործը, խաչը և քարը միացնելով, կերտեց զմայլելի խաչքարեր, որոնք մեր ժողովրդի հոգևոր հարստությունն են կազմում: Խաչի նշանով քարը ստացավ հոգի: Մեզ են հասել խաչքարի արվեստի հիանալի նմուշներ: Խաչը տեսնելով՝ տեսնում ենք Խաչյալին: Այն մեզ հուշում է Տիրոջ կյանքը: Եվ քանի որ Քրիստոս չմնաց խաչի վրա, այդ իսկ պատճառով խաչքարերի վրա խաչը պատկերված է բողբոջված՝ ի նշան Քրիստոսի հարության:

Այսօր էլ բազմաթիվ քանդակագործներ պահպանում են դարերից եկած ավանդույթը և շարունակում են կերտել խաչքարեր, որոնք իրենց քարե լռությամբ հաստատում են Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղատ․ 6:14):

Գայանե Սուգիկյան

surbzoravor.am 

Տեսանյութեր

Լրահոս