Դատարկաբանությանը վերջ չկա
Ներդրումների պաշտպանության ու տնտեսության անվտանգային նվազագույն խնդիրները չեն կարողանում լուծել, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համաշխարհային 500 բրենդները Հայաստան բերելուց է խոսում։
Այս խոսակցությունները, իհարկե, նոր չեն և նախկինում էլ եղել են։ Թե մինչև հիմա քանի՞ համաշխարհային բրենդ են բերել Հայաստան և, եթե բերել են, ի՞նչ արդյունք են դրանք տվել, տեսնում ենք։
Դժվար չէ պատկերացնել, թե այս տեմպերով քանի տարի պետք կլինի համաշխարհային 500 բրենդները Հայաստան բերելու համար։ Բայց դա չի խանգարում, որպեսզի պարբերաբար դատարկաբանությամբ լցնեն մարդկանց գլուխը։
«Կառավարությունը մշակում է ներդրումների աջակցման նոր ծրագրեր, օրինակ` համաշխարհային 500 ընկերություններին ՀՀ բերելուն, աշխարհի լավագույն բրենդները ՀՀ բերելուն աջակցելու համար»,- ասում է էկոնոմիկայի նախարարը։
Ի՞նչ ներդրումների աջակցման ծրագրերի կամ համաշխարհային բրենդները Հայաստան բերելու մասին կարող է խոսք լինել, երբ իշխանություններն ի վիճակի չեն տարրական անվտանգային խնդիրներ լուծել բիզնեսի ու ներդրողների համար։
Երկու ամիս առաջ էլ Քերոբյանը հպարտանում էր Երասխում մետալուրգիական խոշոր գործարանի կառուցման ներդրումային ծրագրով։ Ասում էր՝ «Երասխում կառուցվում է 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։ Զրոյից»։ Որ գործարանում տարեկան թողարկվելու է 180 հազար տոննա արտադրանք։
Թե այս հայտարարությունից հետո ինչ եղավ այդ ներդրումային ծրագրի հետ, հայտնի է։ Այն հայտնվեց ադրբեջանցիների թիրախում՝ թեև գործարանը գտնվում է Հայաստանի տարածքում։
Աշխատանքները վաղուց դարարել են, իսկ ներդրողը վնասներ է կրում։ Դրանք շատ ավելին կլինեն, եթե ստիպված լինեն տեղափոխել ծրագիրը։
Համաշխարհային 500 բրենդները Հայաստան բերող կառավարությունը ոչինչ չի կարողանում անել ներդրողի անվտանգությունն ապահովելու ու կատարած ներդրումները պաշտպանելու համար։
Այսքանից հետո ներդրումներին աջակցելու ի՞նչ ծրագրի մասին կարող է խոսք լինել, երբ տարրական անվտանգային համակարգերը Հայաստանում չեն գործում։
Ներդրողը գալիս է Հայաստան, որ ի՞նչ անի, որ ներդրումներ անի ու հետո կանգնի այսպիսի տխուր փաստի առա՞ջ։ Ո՞վ պիտի երաշխավորի ներդրումների հետվերադարձը։
Այսպիսի միջավայրում անիմաստ է խոսել ներդրումների աջակցման ծրագրերի մասին։ Դրանք շոշափելի արդյունք չեն տա այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջ աշխարհում տեսնում են, թե Հայաստանի կառավարությունն ու իշխանություններն որքանով են կարողանում երաշխավորել ներդրողի ու ներդրումների անվտանգությունը։
Աբսուրդ է այս պայմաններում խոսել համաշխարհային, այն էլ՝ 500 բրենդները Հայաստան բերելու մասին։
Հերիք է դատարկաբանությամբ կերակրեք մարդկանց։ Էկոնոմիկայի նախարարի աշխատանքի արդյունքը զրոյին ձգտող արդյունաբերության աճն է ու գյուղատնտեսության տարիներ շարունակ արձանագրվող անկումը։
Իբր զարգացման այնպիսի մի մակարդակի են հասցրել երկիրն ու հասարակությանը, որ այլևս կարող են իրենց թույլ տալ փոխել լեքսիկոնը, խոսել համաշխարհային բրենդները Հայաստան բերելու մասին։
«Մեր լեքսիկոնը փոխվել է, քանի որ ՀՀ-ն այսօր զարգացվածության այլ մակարդակի վրա գտնվող երկիր է։ Այս տարի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կանցնի 8 հազար դոլարը, որը կրկնակի ավելի է, քան 2020 թ.։
Այսինքն, մենք կտրուկ աճ ենք արձանագրում՝ որպես երկիր, որպես հասարակություն»,- հպարտանում է էկոնոմիկայի նախարարը։
Ոչինչ, որ տարվա ավարտին դեռ բավական ժամանակ կա, և դժվար է ասել, թե մինչև տարեվերջ ի՞նչ կմնա ՀՆԱ աճից։ Հատկապես որ, վերջին շրջանում ՀՆԱ աճի տեմպը մեծ արագությամբ ընկնում է։
Այս պայմաններում տարօրինակ է այսօր հայտարարել, որ այս տարի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կանցնի 8 հազար դոլարը։ Բայց եթե նույնիսկ այդպես լինի, դա բոլորովին չի նշանակում, թե Հայաստանն այսօր գտնվում է զարգացման այլ մակարդակի վրա։
Չգիտես՝ սրանով Քերոբյանն իրե՞ն է խաբում, թե՞ հասարակությանը։ Գոնե նա պետք է իմանար, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ աճը, որը վերջին շրջանում արձանագրվում է, հիմնականում արհեստական աճ է։
Ինչպես հայտնի է, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հաշվարկում են դոլարով։ Իսկ քանի որ անցած տարվանից սկսած Հայաստանում դոլարը կտրուկ արժեզրկվել է, դա դարձել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ աճի հիմնական գործոնը։
Բայց դա բնական աճ չէ, և դրանով չէ, որ որոշվում է մարդկանց կենսամակարդակը։
Պատահական չէ, որ անգամ մեկ շնչին ընկնող ՀՆԱ այսպիսի աճի պայմաններում բնակչության մեծ մասի գնողունակությունն ընկել է կամ, լավագույն դեպքում, չի բարձրացել։
Սրանում է առաջին հերթին երևում մեկ շնչին ընկնող ՀՆԱ աճի որակը։
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ աճի վրա ազդող մյուս կարևոր գործոնն էլ բնակչության թվաքանակն է։
Երբ բնակչության թվաքանակը նվազում է, դա հանգեցնում է նաև մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ավելացման։
Ու քանի որ, ինչպես անցած, այնպես էլ այս տարի Հայաստանում դրամը գտնվում է արժևորման չափազանց բարձր դիրքում, իսկ բնակչության թիվը նվազում է, անկախ նրանից՝ կլինի՞ տնտեսական աճ, թե՞ ոչ, այդ գործոնները հանգեցնելու են մեկ շնչին ընկնող ՀՆԱ ավելացման։
Բայց դա ընդամենը հաշվարկային աճ է, որով հպարտանալու կամ ուրախանալու որևէ առիթ չկա։
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կարող էր և շատ ավելի բարձր լինել, եթե դոլարն արժեզրկվեր, ասենք՝ ոչ թե 20, այլ 40 տոկոսով, իսկ բնակչության թվի կրճատումն ավելի մեծ լիներ, քան կա։
Այդպիսի աճերը հասարակությանը ոչինչ չեն տալիս և չեն վկայում «զարգացման այլ մակարդակի» մասին։ Երբ վաղը դոլարը կրկին արժևորվի, իսկ դրամն արժեզրկվի, նույնքան կտրուկ կնվազի նաև մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ