Խաղաղության դարաշրջանի բացումը… պատերազմով

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագծի բազմաթիվ հատվածներում և արցախաադրբեջանական սահմանին ադրբեջանական զորքերի կուտակումները կրկին մեծացրել են հնարավոր պատերազմի սպառնալիքը։ Թեև տեղեկատվական այդ հոսքերին առաջին արձագանքը շոկային է ու տագնապային, սակայն պատերազմի վերսկսման ռիսկն ամենևին անկանխատեսելի ու անսպասելի չէր ու չէ բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են՝ ինչ է տեղի ունենում տարածաշրջանում, ինչ իրական նպատակներ են հետապնդում Ադրբեջանը, Թուրքիան և ռեգիոնում շահեր ունեցող աշխարհաքաղաքական կենտրոնները։

Հայաստանի իշխանությունը, սակայն, չի դասվում պատերազմի ռիսկն ու անխուսափելիությունը գիտակցողների շարքին, քանի որ 44-օրյա պատերազմի հարաբերական ավարտից ի վեր, երբ բոլորը պատրաստվում էին/են նոր պատերազմի, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր/է խաղաղության։ Խաղաղության նպատակադրումն ու ձգտումը ոչ միայն բացասական չէ, այլ խիստ դրական ու ցանկալի է ցանկացած բանական արարածի համար։ Բայց միայն ցանկությամբ խաղաղություն կարող է հաստատվել, լավագույն դեպքում, սեփական խղճի հետ։ Պետությունների, աշխարհաքաղաքական հարաբերություններում մինչդեռ պատերազմները բռնկվում կամ դադարում են բազմաթիվ օբյեկտիվ, հաշվելի գործոնների առկայության դեպքում։

Ահա այդ տիրույթում, առավել քան ակնհայտ էր/է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախի ու Հայաստանի դեմ նոր պատերազմի բռնկումը սոսկ ժամանակի հարց է, որովհետև առկա են դրա բոլոր օբյեկտիվ նախադրյալները Ադրբեջանն ու Թուրքիան 44-օրյա պատերազմում չեն հասել իրենց վերջնական նպատակներին (Արցախի ամբողջական հայաթափում, Հայաստանի ինքնիշխան տարածքների զավթում ու ռազմավարական ճանապարհների վերահսկողություն, Ռուսաստանի ամբողջական դուրսբերում Հայաստանից/տարածաշրջանից), միջազգային իրադրությունը նպաստավոր է ամեն օրվա հետ թուլացող ռուսական ազդեցության գոտում ռազմական գործողություններ իրականացնելու համար, և ամենակարևորը՝ անցած շուրջ երեք տարիներին անխուսափելի պատերազմում նրանց հակառակորդը՝ Հայաստանը, պատրաստվել է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության։ Ընդ որում, Հայաստանը հնարավոր պատերազմին չի պատրաստվել ոչ միայն ռազմական, այլ նաև հանրային, սոցիալ-հոգեբանական առումներով։

Անցած երեք տարիներին իշխանությունը մի կողմից՝ շարունակել է հանրային մոբիլիզացիայի դեմ հետևողական պայքարը, հասարակությանը սևերի-սպիտակների, նախկինների-ներկաների ու այլ տարանջատումները, մյուս կողմից՝ նույնպիսի հետևողականությամբ ներարկել է պատերազմից ամեն կերպ, այդ թվում՝ նվաստացմամբ խուսափելու պատրաստակամություն, այլ կերպ ասած՝ հանրությանը պատրաստել է ոչ թե պատերազմում հաղթանակի, այլ առանց պայքարի հանձնվելու։

Կարդացեք նաև

Բոլոր այս գործոններին պետք է գումարել նաև իրողությունը, որ գործող իշխանությունն անցած երեք տարիներին կարողացել է կատարելապես փչացնել հարաբերությունները Հայաստանի, լավ կամ վատ, այդուհանդերձ դաշնակիցների, օբյեկտիվորեն մեր շահերի հետ համընկնող շահեր ունեցող երկրների հետ՝ իրական դաշնակցությունը փոխարինելով միջազգային հանրության հետ հարաբերությունները վիրտուալ մակարդակով խորացնելու մոլորությամբ։

Իշխանությունն արել է ամեն ինչ, որպեսզի հնարավոր պատերազմի դեպքում մենք ամբողջությամբ զրկված լինենք իրական, ռազմաքաղաքական  աջակցությունից, փչացրել է բոլոր հարևան և դաշնակից պետությունների հետ հարաբերությունները, փոխարենը՝ Աստված մի արասցե, պարտությունից հետո ստանալով դատապարտումներ ու խորը մտահոգություններ։

Այս բոլոր գործոնները բազմապատկում են Հայաստանի թշնամիների կողմից պատերազմ սանձազերծելու գայթակղությունը։ Նրանք հասկանում են, որ այդ պատերազմը մղելու են ոչ թե Հայաստան պետության, այլ հայ ժողովրդի դեմ, որովհետև պետությունն իր հետ նույնացրած իշխանությունն իր բոլոր քայլերով մոտեցնելու է պարտությունը։ Եվ եթե պետությունը/իշխանությունը չի պատրաստվում պատերազմի, գոնե բնազդային տագնապից ելնելով՝ դրան պետք է պատրաստվի հասարակությունը՝ մինչև հնարավոր պատերազմը փոխելով այն իշխանությանը, որն իրականություն է դարձրել նման մղձավանջը։

Ժամանակն անպատկերացնելիորեն քիչ է։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս