«Նա ի՞նչ է, արթնացե՞լ է». Կրիվոպուսկովը՝ Փաշինյանին

«Հայ-ռուսական բարեկամության և համագործակցության միավորման ստեղծման նպատակը» տեսակամուրջ-քննարկման ժամանակ Մոսկվայի պետական կառավարման համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Կրիվոպուսկովը նկատեց, որ Հայաստանի հանդեպ ՌԴ քաղաքականությունը փոխվել է և դեռ կփոխվի:

168.am-ը Վիկտոր Կրիվոպուսկովից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ՌԴ-ն Հայաստանի հանդեպ պատշաճ կերպով կատարել է իր պարտականությունները, ապա հիշեցրեց, որ ՌԴ ղեկավարությունը սկզբում ողջունում էր 2018 թվականի, այսպես կոչված, հեղափոխությունը, հետո՝ Փաշինյանի մի շարք քայլերը, և, որ Պուտինը 44-օրյա պատերազմից հետո հայտարարել էր, որ Փաշինյանը դավաճան չէ. իսկ հիմա տպավորություն է ստեղծվում, որ ՌԴ իշխանությունները Փաշինյանին շփոթում են հայ ժողովրդի հետ:

«Չե՞ք կարծում, որ այսպիսի քաղաքականությունը սպառել է իրեն և պետք է փոխել»,- հետաքրքրվեցինք բանախոսից:

Ի պատասխան՝ Վիկտոր Կրիվոպուսկովը համաձայնեց. «Ժամանակն է, և գուցե մենք մի քիչ ուշացել ենք»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով մեր հիշեցումներին՝ նա հավելեց. «ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության քաղաքականությունը, ոչ միայն Հայաստանի, այլև ԱՊՀ մյուս երկրների նկատմամբ և ոչ միայն, չմիջամտելն է ներքին գործերին, և միշտ շեշտվում է՝ ինչ ուզում է պետության ժողովուրդը, մենք աջակցում ենք: Այդպես ստացվեց:

Իհարկե, այսօր մենք արդեն զղջում ենք, որ երբեմն շատ ենք վստահում ոչ միայն եվրոատլանտիստներին, այլև ստացվում է՝ այստեղ կարող ենք սայթաքումներ թույլ տալ»:

44-օրյա պատերազմին անդրադառնալով՝ բանախոսը հիշեցրեց, որ Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ դիմել է Փաշինյանին՝ ճանաչելու Ղարաբաղը, որ հնարավոր լինի ՀԱՊԿ շրջանակներում ցուցաբերել ռազմատեխնիկական աջակցություն, ապա նկատեց՝ դա այդպես էլ տեղի չունեցավ:

Վիկտոր Կրիվոպուսկովն արձանագրեց, որ այսօր Ղարաբաղը ոչ Ադրբեջան է, բայց արդեն՝ նաև ոչ հայկական, որովհետև Հայաստանը՝ ղեկավարի դեմքով, հրաժարվել է Ղարաբաղից:

«Իհարկե, նա ևս այս առումով տատանվում է, և կարծեք հրաժարվել է և ճանաչել է Ղարաբաղը 1991 թվականի սահմաններում, և միևնույն ժամանակ դնում է հարցը, որ պետք է ապահովել անվտանգությունը. նա ի՞նչ է, արթնացե՞լ է, թե՞ ժամանակ առ ժամանակ արթնանում է նման սարսափելի երազներից հետո»,- հավելեց բանախոսը՝ նկատելով, որ Հայաստանի հանդեպ ՌԴ քաղաքականությունը փոխվել է և կփոխվի:

Այս համատեքստում նա ուշադրություն հրավիրեց նաև պատմության մեջ առաջին անգամ կազմակերպված հայ-ամերիկյան զորավարժությունների վրա՝ դիտարկմամբ, որ նման զորավարժությունների մասին չեն հայտարարում մեկ օրում:

Հիշեցնենք՝ Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքն արգելվել է Հայաստան՝ քաղաքական հայացքների պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս