«Գյուղում ամեն ինչ նորմալ է, որևէ խուճապ չկա». Կութի գյուղապետ
Սեպտեմբերի 1-ից սկսած Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ամենօրյա ռեժիմով իրականացնում են սադրանքներ՝ կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Սեպտեմբերի 1-ին թշնամու արձակած կրակի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր։
Այսօր առավոտյան ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել Կութ գյուղին հարակից հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
168.am-ի հետ զրույցում Կութի գյուղապետ Գրիգորի Ավագյանն ասաց, որ գյուղում կրակոցի ձայները չեն լսել։
«Գյուղում ամեն ինչ նորմալ է, որևէ խուճապ չկա։ Ինչպես մյուս օրերին, այսօր ևս նորմալ սկսել ենք մեր առօրյան։
Կրակոցների ձայները գյուղում չենք լսել, ՊՆ-ի հաղորդագրությունը գիշերվա կրակոցներին է վերաբերում, բնակչությունը քնած է եղել, չի լսել։ Միջդիրքային կրակոցների վերաբերյալ էլ նույնը կասեմ, մեզ մոտ չի լսվում»,- նշեց Գրիգորի Ավագյանը։
Ըստ նրա, բնակիչները կարողանում են իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ, ցորեն են հավաքում, մնացել է մի քանի դաշտ։
«Այդ կրակոցները մեր աշխատանքներին չեն խանգարել, փառք Աստծո։ Բնակչության մի մասը կարտոֆիլի դաշտերում են, մյուս մասը՝ ցորենի, նորմալ է այս պահին»,- եզրափակեց Գրիգորի Ավագյանը։