«Ամեն վայրկյան վտանգը կա՝ թշնամու դիտակետը հենց մեր դպրոցի դիմացն է, բայց ինչ էլ լինի՝ պիտի այստեղ ապրենք». Թաղավարդի դպրոցի տնօրեն

Մարտի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին արձակել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ, որ Թաղավարդի դաշտում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։

Ադրբեջանի այս սադրիչ գործողությունները նորություն չեն, բազմաթիվ դեպքեր կարելի է թվարկել, երբ նրանք թիրախավորել են հենց դաշտում աշխատող խաղաղ բնակիչներին, մի դեպքում՝ մարդկանց են վիրավորել, մեկ այլ դեպքում՝ գյուղատնտեսական տեխնիկան վնասել։

168.am-ի հետ զրույցում Թաղավարդի դպրոցի տնօրեն Մարգարիտա Սահակյանն ասաց, որ այս պահին գյուղում իրավիճակը նորմալ է, մարդիկ էլ շարունակում են գյուղատնտեսական աշխատանքները։

«Այս պահին թեպետ անձրև է գալիս, բայց ես իմ հողն եմ մշակում, բա ի՞նչ անենք, թշնամու սադրանքների պատճառով անմշակ թողնե՞նք, նման բան չի կարող լինել։ Այս շրջափակման պայմաններում ինքս կարիքներ չեմ ունեցել՝ բանջարաբոստանային կուլտուրաներ մշակելու շնորհիվ։ Ամեն ինչ ունեմ, ամեն ինչ մշակում եմ։

Կարդացեք նաև

Ոչ բոլորն են հնարավորություն ունեցել մշակել, բերք ստանալ, մարդիկ մտածել են, որ խանութից կգտնեն, ոչ մեկի մտքով էլ չի անցել, որ կհայտնվենք շրջափակման մեջ։ Բայց հիմա այս տարի բոլորը մշակում են»,- նշեց Մարգարիտա Սահակյանը։

Ըստ նրա, բերքը շատ ստանալու դեպքում, բարեկամներին էլ են օգնում, այս տարի այդպես է եղել։ Արդեն կարտոֆիլ են ցանել, սերմն էլ եթե ավելացել է՝ տվել են այն մարդկանց, որոնք այդ պահին սերմի կարիք են ունեցել։

«Դպրոցում պարապմունքները նորմալ ընթանում են, որևէ խուճապ չկա, ամենօրյա դասերը մենք բաց չենք թողնում։ Իհարկե, այս իրավիճակը կարող է ամեն օր էլ լինել, բայց մենք դասերը չպետք է բաց թողնենք։

Մեզ համար միևնույն է, որովհետև ամեն օր, ամեն վայրկյան վտանգը կա, կարող է կրակոցները լինեն հենց դպրոցի վրա, երբ աշակերտներն էլ բակում լինեն։ Թշնամու դիտակետը հենց մեր դպրոցի դիմացն է։ Ինչ ասեմ, արդեն սովորել ենք, գնալու այլ տեղ չունենք, ինչ էլ լինի՝ պիտի այստեղ ապրենք»,- եզրափակեց Մարգարիտա Սահակյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են այս ընթացքում հիվանդների տեղափոխել Երևան՝ բուժման համար, ցավոք, եղել են նաև մահացության դեպքեր։

Տեսանյութեր

Լրահոս