«Փաշինյանը շարունակում է կրակի հետ խաղալ. քանիցս տեսել ենք՝ ինչերի է դա հանգեցնում». Մենուա Սողոմոնյան
«La Repubblica»-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելությունը, ինչը լուրջ մտահոգության առիթ է: Ըստ Փաշինյանի՝ Ռուսաստանն ինքն է հեռանում մեր տարածաշրջանից. «Մի օր կարող ենք արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ: Լաչինի միջանցքը, որ պետք է լիներ ռուս խաղաղապահների հսկողության տակ, նրանց հսկողության տակ չէ. երկու պատճառ կարող է լինել՝ կա՛մ ՌԴ-ն չի կարողանում պահել հսկողություն Լաչինի միջանցքի նկատմամբ, կա՛մ չի ուզում, երկուսն էլ մեր տեսակետից խնդրահարույց է»:
5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանն այն կարծիքին է, որ ցանկացած պետություն, որը միջազգային քաղաքականության մեջ մտնում և պայքար է մղում ազդեցության համար, չի կարող հենց այնպես հանձնել տարածաշրջաններ, որոնք ձևակերպել է՝ որպես իր կենսական շահերի գոտի:
«Այդպիսի տարածաշրջաններից մեկն էլ Հարավային Կովկասն է Ռուսաստանի համար: ՌԴ-ն բոլոր հետխորհրդային տարածքները կոչում է «մերձավոր արտասահման», հետևաբար՝ ուղղակի ուզենալ հեռանալը, մեղմ ասած, հնարավոր չէ: ՌԴ պատմության ուսումնասիրությունը, իհարկե, ցույց է տալիս, որ եղել են այնպիսի շրջաններ, երբ Ռուսաստանն ինչ-որ նահանջներ է իրականացնում, բայց վերջին 300 տարվա պատմությունը համենայնդեպս ցույց է տալիս, որ այս տարածաշրջանը համարում է կենսական շահերի գոտի և հենց այնպես չի կարող հեռանալ: Այլ բան է, որ որոշ ուժեր են ցանկանում, որ ՌԴ-ն այստեղից հեռանա:
Փաշինյանը խոսում էր նաև ՌԴ-ից անվտանգային առումով կախվածության մասին. ցանկացած պետությունից կախվածությունը, իհարկե, վատ բան է, բայց երբ դու քո անվտանգային ճարտարապետության մեջ ինքնաբավ չես, օրինակ՝ միջուկային զենք չունես, հետևաբար, պետք է ինչ-որ անվտանգային համակարգերից օգտվես: Ինքը հիմա այս խոսույթը տանում է առաջ՝ իր գավառական մտածողությամբ Արևմուտքին ցույց տալու համար, որ իր հանձնարարությունը կատարում է՝ ՌԴ-ին տարածաշրջանից դուրս բերելուն ուղղված ներհայաստանյան հասարակական կարծիքն է պատրաստում: Այս պրոցեսն արդեն մի քանի տարի տեղի է ունենում և ունենում է իր դրսևորումները: Փաշինյանը շարունակում է կրակի հետ խաղալ: Իր այս արկածախնդիր քաղաքականությունը քանիցս ենք տեսել՝ ինչերի է հանգեցնում, և այժմ էլ շատ վտանգավոր խաղ է շարունակում իրականացնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Մենուա Սողոմոնյանը հիշեցրեց Փաշինյանի հայտնի հայտարարությունը, որ՝ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է. «Եթե Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, իսկ Տեղ գյուղից այն կողմ Լաչինի միջանցքն է սկսվում, եթե ՀՀ անունից նման հայտարարություն է արվում, դա Ադրբեջանին հնարավորություն է տալիս այդտեղ տեղակայել իր անցակետը: Ադրբեջանն այդպես էլ ներկայացնում է: Ոչ միայն հայտարարությունն է այդպիսին, այլ նաև՝ գործողությունները: ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավոր չլինելը իրականացրել է ոչ միայն հայտարարությամբ, ասելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, այլ նաև շատ կոնկրետ գործողություններով՝ զորքերը հետ քաշել, ՀՀ գրանցում ունեցող քաղաքացիներին Արցախի ՊԲ չզորակոչելը: Մեծ քանակությամբ զիջումներ է արել, իսկ ի՞նչ է ստացել դրանց դիմաց. Ոչի՛նչ: Մեր անվտանգային խնդիրներն ավելի շատացել են, և Արցախը հենց այդ քաղաքականության արդյունքում հայտնվել է այս դժոխային իրադրության մեջ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում