Ձեր կարծիքով` ի՞նչ էին անում Ավինյանը, Աննա Հակոբյանն Արցախում. նրանք կոնկրետ կոորդինացնում էին՝ ինչ հրաման հասնի զորքին, ինչը՝ չհասնի. Գրիգոր Գրիգորյան

Ինչո՞ւ 44-օրյա պատերազմում պարտվեցինք, արդյոք Ադրբեջանը, ունենալով, Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի աջակցությունը զուտ ռազմական տեսանկյունից, այսպես ասած, հասել՞ է համարժեք հաջողության և տարածքային լրջագույն ձեռքբերումներ ապահովել մարտական գործողությունների արդյունքում, և այսօր ինչ վտանգներ է պարունակում Աղդամի ճանապարհի բացումն Արցախի համար:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանի հետ:

Նշենք, որ, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը փուլային լուծում է առաջարկել Լաչինի միջանցքի և Աղդամի ճանապարհի բացման համար: Այսինքն, ըստ նրա, Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի, Աղդամի ճանապարհն էլ կարող է հրատապ լուծում լինել մատակարարումների համար: Իհարկե, այս պահի դրությամբ Արցախի իշխանությունն ունի հստակ որոշում՝ փակ պահել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, որի հետ, օրինակ, ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը համաձայն չէ:

– Աղդամի ճանապարհը բացելը տանելու է ամբողջական կապիտուլյացիայի, այլ բան չի կարող լինել: Այդ ճանապարհը բացեցիր, նշանակում է՝ ենթակա ես Ադրբեջանի կազմի մեջ լինելուն: Այսօր Ադրբեջանն արհամարհում է Ֆրանսիայի, միջազգային կառույցների կոչերը, ստացվում է՝ ուժն այլընտրանք չունի:

Կարդացեք նաև

Մենք ունե՞նք նման ներուժ, ռեսուրս, հնարավորություն, կարո՞ղ ենք դա մեզ թույլ տալ:

– Այո: Ի դեպ, մեզ ոչ միայն պետք է Լաչինի ճանապարհը, այլ ավելի շատ՝ նույնիսկ Քարվաճառինը: Երկու ճանապարհն էլ մեզ պետք է: Մեզ պետք է, որ այդ երկու ճանապարհն էլ ամեն առումով լինեն ապահով և անվտանգ:

– Շատերը պնդում են, որ մեր բանակը պատերազմից հետո չի վերականգնել իր մարտունակությունը, զինանոցը, ինչպե՞ս ենք նոր պատերազմի դիմակայելու, Ձեր ասածը կարծես դա է հուշում:

Եթե այսօր մենք կարողանանք ձևավորել 5000-անոց լուրջ ստորաբաժանում՝ նախկին զինվորականներից, պատերազմի մասնակիցներից, կամավորներից…

– Բայց սա արդյո՞ք այլ խնդիրների չի հանգեցնի: Խոսքս կանոնավոր բանակի մասին էր:

– Իհարկե, ի վիճակի է, եթե նման ցանկություն լինի, ունենանք նորմալ ղեկավարություն, այդ հարցը լուծվող է:

Հաշվի առե՞լ ենք Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին, ինչը տեսանք 44-օրյա պատերազմի ժամանակ: Իհարկե, հնարավոր էր 2020 թվականի պատերազմի այլ ելք ունենալ, առնվազն չպարտվել այն արդյունքով, ինչպես եղավ: Այսինքն, կազմակերպված քաոսը չի կարելի միշտ արդարացնել նրանով, որ մեր դեմ միայն Ադրբեջանը չէր կռվում: Բայց չպետք է նաև անտեսենք փաստը, որ այսօր մենք 90-ականներում չենք, Ադրբեջանը թուրքական մոդելի բանակ է ստեղծում, զինվում ժամանակակից սպառազինությամբ:

– Պատերազմում հիմնական որոշողը մարդն է, մարտավարությունը: Մարդու գործոնն ամենակարևորն է: Այսինքն, արագ, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հասնել խնդրի կատարմանը: Իսկ ռազմական տեխնիկայի առումով, ինչ պետք է՝ ունենք, կոնկրետ խնդիր լուծելու համար: Խնդիրն այսօր սա է՝ չկա մեկը, որ հրաման տա: Մեզ հրաման տվող է պետք այսօր: Ինչ վերաբերում է նրան, որ այսօր 90-ականներում չենք, Ադրբեջանի բանակն ինքն իրենով նույնն է, ավելին, 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ Թուրքիայի աջակցությամբ էլ Ադրբեջանի բանակը ոչ մի բան է: Այն աջակցությունը, որ Թուրքիան 44-օրյա պատերազմի ժամանակ ցույց է տվել Ադրբեջանին, նրանք պետք է պատերազմի օրերին բուն ռազմական գործողությունների ժամանակ ավելի լուրջ հաջողություններ գրանցեին:

Այսինքն, իրենց կիրառած կամ ծախսած ներուժից մի քանի անգամ քիչ արդյունք են ապահովել: Ռազմական տեսանկյունից, որ նայում ես, իրենց կատարած խնդիրները լրջագույն չեն եղել: Ինչ են արել, կարողացել են գրավել Թալիշն ու Մատաղի՞սը, ամեն գնդի տարածքից մի քանի դիրք են կարողացել գրավե՞լ, մեկ էլ առաջին 10 օրվա ընթացքում կարողացել են Ջաբրայիլից ընդամենը 10 դիրք գրավել, Ջաբրայիլը դրանից հետո բավականին երկար պահվել է: Իսկ Հադրութի և Շուշիի կորուստը դավաճանության արդյունք էր, դա ռազմական բուն գործողությունների հետ որևէ կապ չունի: Դրանք հանձնվել են այնպես, ինչպես Քարվաճառը, Լաչինը, ինչպես Խաչենի ամբողջ դաշտավայրը: Այսինքն, այն, ինչ իրենք ծախսել էին, իրենք պիտի 5 անգամ Ղարաբաղը գրավեին: Բայց Ադրբեջանը, ունենալով Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի, վարձկանների օժանդակությունը, չի կարողացել զուտ ռազմական գործողությունների արդյունքում մեծ և ամբողջական լուծել իր առջև դրված խնդիրը: Բայց մարդիկ չեն փորձում սա հասկանալ, խոսում են միայն՝ պարտվեցինք, փախանք…

– Այո, դասալքության, փախնելու մասին իշխանությունները շատ են սիրում խոսել, խուճապ տարածելու…

Պարտվելը, փախնելը մեզ մոտ կազմակերպվեց: Ներսից կազմակերպվեց, այնտեղ էլ օժանդակվեց: Ձեր կարծիքով՝ ի՞նչ էր անում Ավինյանն էնտեղ, ի՞նչ էր անում Աննա Հակոբյանը: Նրանք կոնկրետ կոորդինացնում էին այն, թե ինչ հրաման հասնի զորքին, ինչը՝ չհասնի, որն է պետք, որ հասնի, որը պետք չի, որ հասնի: Նիկոլ Փաշինյանն անընդհատ ասում է, որ մի բարձրաստիճան սպա խուճապ է տարածել և հետ քաշվելու հանձնարարական տվել, ո՞վ է այդ սպան, ինչի՞ անունը չի տալիս: Ի դեպ, Սամվել Բաբայանը հակահարվածի օպերացիա էր մշակել, ինչի՞ չեղավ:

– Ասում է՝ խմբերը չեկան, վերջին պահին հրաժարվեցին:

– Ինչի՞ չեկան, ո՞վ խոչընդոտեց դրան: Ո՛չ, դա ցուցադրական բան էր, որ՝ տեսեք, մենք ուզում էինք մի բան անել, խմբերը չեկան՝ իրանց վրայից «ցրելու» համար: Հնարավոր է՝ Սամվել Բաբայանը հենց այդպես էլ պլանավորած է եղել, որ պիտի իբր անի, բայց արդյունքում չէին անելու: Ինքը Նիկոլի հերթական խաղն է խաղացել: Այսօր էլ ասում է՝ 100 օր ժամանակ տվեք ինձ, ես Ղարաբաղը փրկեմ: Փրկող տղա էիր, պատերազմի ժամանակ փրկեիր, Ջալալը վիրավորվել էր, դու վերցնեիր բանակի ղեկավարությունը ձեռքդ, գեներալ էիր, հերոս տղա էիր: Ինքը էն մարդն էր, որ կարող էր Արայիկ Հարությունյանին մեկուսացներ, ու ամբողջն իր ձեռքը վերցներ: Ինքը դա չի արել:

– Նիկոլ Փաշինյանը պարտության ամբողջ մեղքը դնում է բանակի և գեներալների վրա: Բայց հատկապես պատերազմից հետո հասարակությունն էլ է մեղադրում գեներալներին, որ պատերազմից հետո շարունակել ենք տարածքային կորուստներ տալ, Նիկոլ Փաշինյանն էլ շարունակում է մնալ իշխանության ղեկին: Հասարակությունը հատկապես մեղադրում է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, որ «ձեռքը սեղանին չի խփել», Նիկոլ Փաշինյանի հրամաններն է կատարել կամ չի ընդդիմացել:

– Գերագույն գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն էր, ըստ օրենքի, ԳՇ պետը պիտի ենթարկվի նրան: Սա՝ մեկ: Երկրորդ՝ պատերազմի ժամանակ պառակտո՞ւմ մտցներ, դա կարող էր ավելի վատ իրավիճակի բերել: Մյուս կողմից, այստեղ կա մի նրբություն. որքան էլ ներքին կարգով ՊԲ-ն ենթարկվեր ԳՇ-ին, բայց ՊԲ հրամանատարն ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ուներ:

– Օնիկ Գասպարյանը որքանո՞վ է պատասխանատու կամ մեղավոր պատերազմում պարտության համար՝ լինելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ: Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ օպերացիաները հաստատել է Օնիկ Գասպարյանը: Այսինքն, եթե անգամ ՊԲ-ում որևէ պլան է մշակվել, դրա մասին, ըստ Փաշինյանի, վերջին խոսքը Օնիկ Գասպարյանն է ասել։ Այլ հարց է, թե իրականում ինչպես է եղել:

– Օնիկ Գասպարյանը չի հրաժարվում իր տված կարգադրություններից: Ենթադրենք՝ դրանք հասնում են ՊԲ հրամանատարին, բայց նա չի իջեցնում իր ենթականերին, գնդերի հրամանատարներին, որ՝ ղեկավարվեք այս կարգադրությունով, դա արդեն Օնիկ Գասպարյանի մեղավորությունը չի:

– Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում հայտարարել էր, որ նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իրեն զեկուցել է Շուշիի անկման մասին, որից հետո նա պահանջել է ետ վերցնել քաղաքը, իրականացվել են հակագործողություններ: Մենք դրա համար ռեսո՞ւրս ունեինք: Հունիսի 27-ին Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ Շուշիում զինվոր չենք ունեցել, իրեն այդպես են զեկուցել:

– Եռակողմ հայտարարությունը ստորագրվել է նոյեմբերի 9-ին, տարբեր տեղեկություններով, դրանից հետո մի քանի օրվա մեջ Շուշիից վերջին կռվողները նոր դուրս են եկել:

– Ձեզ համար պա՞րզ է՝ Միքայել Արզումանյանի մեղքը ո՞րն է: Ասում են՝ պատշաճ կերպով չի կազմակերպել Շուշիի պաշտպանությունը:

– Այն, ինչին Ջալալ Հարությունյանի մեղավորությամբ ենք ունեցել, ուզում են գցել Միքայել Արզումանյանի վրա, ես համոզված եմ դրանում:

– Այսօրվա իրողությունները հաշվի առնելով, Ադրբեջանը կգնա՞ լայնածավալ գործողությունների, շահագրգի՞ռ է այդ առումով:

– Ադրբեջանը ցանկություն ունի նոր տարածքներ վերցնել, բայց այսօր ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Արցախին և այն հարցին, որ գործ ունենք ցեղասպանական ծրագրի հետ, երկրորդ՝ այսօր մի տեսակ թմբիրից կարծես թե արթնանում է ժողովուրդը, նիկոլականներն են նույնիսկ դարձի գալիս, դրա համար Ադրբեջանը վախենում է նման քայլի գնալ, քանի որ հնարավոր է հակառակ էֆեկտն ունենա այդ քայլը: Այսինքն, Ադրբեջանը հաշվարկներ է անում՝ խնդիրներ լուծել փոքր օջախային լարվածություն ստեղծելո՞վ, թե՞ մեծածավալ գործողությունների գնալ: Ադրբեջանն էլ ՀՀ այսօրվա իշխանության վրա հույս չի դնում, նրանք էլ են հասկանում, որ այս իշխանությունն իրեն կամաց-կամաց սպառում է:

– Այսօր մեզ ի՞նչ տեսակի բանակ է պետք:

– Մարտունակ, մոբիլ, ասենք՝ գումարտակի մի վաշտը պիտի լինի նաև պիկապների վրա, որ արագ խնդիր լուծենք: Ամեն գումարտակը կամ վաշտը, օրինակ, պիտի ունենա նաև իր հետախուզական թռչող սարքերը, որ կարողանա իրավիճակը հսկել: Իշխանության փոփոխության դեպքում կարելի է շատ արագ բանակը վերակազմավորել: Չեմ ասում, որ մեկ ամսում կստեղծենք իդեալական բանակ, բայց անիվը կարելի է արագ շրջել, կորպուսի հրամանատարներ նշանակել այն մարդկանց, որոնք կարող են ղեկավարել, նույնը գնդերի դեպքում, ԳՇ-ի: Այսօր, իհարկե, ԳՇ-ում կա մնացած լավ կորիզ, կադրեր, ընդամենը պետք է մի քանիսին փոխել և բերել նորմալ մարդկանց: Ամեն ինչ հնարավոր է, եթե ունենանք այլ իշխանություն:

Տեսանյութեր

Լրահոս