Ինչ հնարավոր էր, Փաշինյանը զիջել է. այլ զիջումները լինելու են Արցախի վերջնական և Հայաստանի տարածքից հերթական կորուստները. Տիգրան Քոչարյան
Մոտ 9 ամիս տպավորություն էր ստեղծվում, թե հայ ժողովուրդը հաշտվել է Արցախի կորստի հետ, սակայն սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության 32-ամյակին նվիրված համաժողովրդական հանրահավաքը հակառակը ցույց տվեց, ուստի սպասելի էր ադրբեջանցիների ռեակցիան այդ ամենին։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ խոսելով սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած հանրահավաքից և ադրբեջանական կողմի արձագանքներից։
«Այս միտքը տարբեր տեղերով ու մակարդակներով անընդհատ սերմանել են, ընդ որում, իմ անձնական շփումներում որոշ քաղաքագետների հետ և՛ Ռուսաստանից, և՛ ԱՄՆ-ից, իրենք էլ մշտապես այդ հարցը բարձրացնում էին, թե ժողովուրդը համաձա՞յն է, երբ պատասխանում էի՝ ոչ, ասում էին՝ բա ո՞ւր են, ինչո՞ւ փողոցներում չեն, և այլն։ Այս հանրահավաքը դրա պատասխանը տվեց, ինչը ձղաձգումներ առաջացրեց և՛ Ադրբեջանում, և՛ իրենց սատարող մարդկանց մոտ՝ ՀՀ իշխանության մեջ, որովհետև գրեթե նույն ռեակցիան էր։ Ընդ որում, հանրահավաքից առաջ բավականին տեղեկատվական գրոհներ էին կազմակերպել հանրահավաքի ժողովրդի վրա, որ այս վիճակում գնում են հանրահավաքի, տաշի-տուշի և այլն, սակայն սա չաշխատեց։ Իրականում հանրահավաքի կազմն էլ բավականին հետաքրքիր էր, մի փոքր փոփոխվել էր, ինչն ինձ մոտ հույսեր արթնացրեց, որ հանրահավաքի այս կազմը շատանալու միտումներ ունի։
Ես հանրահավաքին՝ հրապարակում և հարթակում մարդկանց տեսա, ովքեր չէին միանում այլ պատճառներով, կամ առանձին էին գործում, նույնիսկ ժամանակին առհասարակ չէին գալիս։ Հրապարակում քաղաքապետի առնվազն երկու թեկնածու կար, հետաքրքրասիրությունից էին եկել, թե Արցախի համար իրենց սիրտն էր ցավում՝ չգիտեմ, ամեն դեպքում իրենք ներկա էին։ Հարթակում տեսա մարդկանց, որոնք երբեք այնտեղից ելույթ չէին ունեցել, բայց վերջերս բավականին հետաքրքիր բաներ էին ձեռնարկել, խոսքը վերաբերում է «Հայաքվեի» նախաձեռնողներին, սեպտեմբերի 2-ին Արցախի ներկայացուցչությունում հավաքի կազմակերպողներին։ Այսինքն՝ կազմակերպիչների մոտ այս անգամ մոտեցումը շատ ճիշտ էր, այդ հնարավոր ընդդիմադիր պալիտրան հավաքել, չկուսակցականացնել հանրահավաքը, և այո, երկու նախագահների առաջնորդությամբ կազմակերպել հանրահավաք՝ ի սատարումն Արցախի»,- նշեց Տիգրան Քոչարյանը։
Նրա բնորոշմամբ՝ հանրահավաքի հենց սկզբից կարևոր շեշտադրումներ արեցին, որպեսզի մարդկանց հուսախաբ չլինեն, չասվեց, որ դա այն հանրահավաքն է, որից հետո գնում են տապալելու Նիկոլ Փաշինյանին, ուղղակի բոլորին ասացին, որ այն հանրահավաքն է, որ ամբողջ աշխարհում մարդիկ տեսնեն, որ Փաշինյանը մանդատ չունի Արցախի ուղղությամբ որևէ բան անելու։
«Հանրահավաքը ցույց տվեց, որ այնտեղ հավաքված մարդիկ հետագայում եռապատկվելու ու քառապատկվելու միտում ունեն, եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը փորձի արագացնել Արցախի հանձնման պրոցեսը։ Սա, իհարկե, որոշ ուժերի, որոնք ստիպում էին, որպեսզի այս հարցն արագ լուծվի՝ ի վնաս Արցախի, կստիպի մտորել, որ ՀՀ-ում դիմադրության բավականին մեծ օջախ կա»,- հավելեց մեդիափորձագետը։
Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին և սպասվող գործընթացներին, Տիգրան Քոչարյանն ասաց՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականն ուշացած էր, ավելի շուտ պետք է աներ՝ թույլ չտալով, որ իրավիճակը հասներ այստեղ։
«Նա չպետք է հենց այդպես հրաժարական տա ու վայելի իր հրաժարականը, առնվազն բավականին շատ հարցերի պատասխաններ պետք է տա։
Արցախում այնպիսի բարդ վիճակ է, որ շատ դժվար է որևէ մեկին ստանձնել պատասխանատվությունը, քանի որ վիճակը բերել-հասցրել են այնտեղ, որ լուծումները ու մանևրելու հնարավորությունները շատ քիչ են։ Յուրաքանչյուր մարդ, ով Արայիկ Հարությունյանից հետո գա պաշտոնի, ինքը շատ ավելի վատ վիճակում է գտնվելու, քան նույն Արայիկ Հարությունյանը։ Արայիկ Հարությունյանը, ժողովրդական լեզվով ասած՝ իր սև գործն արեց ու թռավ, իսկ այս նոր մարդը պետք է այդ ամենի տակից դուրս գա ու որոշումներ ընդունի, որը, հնարավոր է, դուրեկան չլինի բոլորին։
Տարբեր թեկնածուների անուններ են շրջանառվում, ես խորհուրդ կտայի ՀՀ քաղաքական ուժերին՝ որոշակի գնահատականներ չտան թեկնածուների մասով, սա կարող է Արցախում որոշակի դիմադրություն առաջացնել որոշ ուժերի մոտ, որը պետք չէ, հազիվ ինչ-որ կոնսենսուսային տարբերակի են եկել։ Արցախում ինչն է լավ, որ Հայաստանում չկա, Արցախում մնացել է խորքային պետության գաղափարը, որը ինչ-որ ճակատագրական պահի սկսում է դիմադրել պոպուլիստներին, մարդկանց, ովքեր փորձում են կործանել պետական համակարգը, այնտեղի խորքային դիմադրությունը կա։ Կարծում եմ՝ իրենք իրենցով պետք է որոշեն, թե ով է լինելու կոմպրոմիսային թեկնածուն»,- շեշտեց Տիգրան Քոչարյանը։
Ըստ մեդիափորձագետի՝ եթե բացառվի, այսպես ասած՝ Արայիկ Հարյությունյանի մերձավոր մարդկանց թեկնածությունը, նաև վերջերս քաղաքական բեմում հայտնված Տիգրան Պետրոսյանին, Արթուր Օսիպյանին, Գուրգեն Ներսիսյանին, որոնք կապ ունեն և՛ Արայիկ Հարությունյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի հետ, նաև Սամվել Բաբայան-Մայիս Մայիլյան թևերին, ապա մյուս թեկնածուները կկարողանան բալանս ապահովել ու Արցախի շահը պաշտպանել։
Մեդիափորձագետն անդրադարձավ նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի վերջին հայտարարությանը, որտեղ նա ասել էր, թե հայկական կողմից ակնկալում է խիզախ լուծումներ. Տիգրան Քոչարյանի մեկնաբանությամբ՝ ԵԽ պաշտոնյայի բնորոշած խիզախ լուծումներն ինչ-որ բաներ նորից զիջելն է։
«Շառլ Միշելի ասածից պարզ դարձավ, որ փաստորեն հուլիսի 15-ից Փաշինյանն ինչ-որ բաներ է քննարկում՝ կապված Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացման հետ, որի մասին հանրությանը տեղյակ չեն պահում։
Երբ ասում են՝ խիզախ լուծումներ, դա նշանակում է ինչ-որ բան հերթական անգամ զիջել, սրա պատասխանը տվեց Իշխան Սաղաթելյանը հարթակից, որ այլևս որևէ զիջելու բան չկա, այլ միայն պետք է ստանան։ Իսկապես, ինչ հնարավոր բան կար, Փաշինյանն արդեն զիջել է, և այլ զիջումները լինելու են Արցախի վերջնական կորուստը կամ Հայաստանի տարածքից հերթական կորուստը։
Ցավալի է, որ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը կրկին մարդկանց ապուշի տեղ դնելով՝ նրանց մեջքի հետևում բանակցում ու որոշումներ էին ընդունում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Նրա դիտարկմամբ՝ սխալ է Արցախում ստեղծված իրավիճակը դիտարկել միայն հումանիտար խնդրի համատեքստում։
«Երբ շեշտը դրվի ազգերի ինքնորոշման իրավունքի և Արցախի բնակչության՝ իրենց տարածքում անկախ ու անվտանգ ապրելու վրա, այն ժամանակ ամեն ինչ կփոխվի։ Ազգերի ինքնորոշման այդ ճանապարհով Հայաստանն ունի դիվանագիտական հաղթանակներ, որը Նիկոլ Փաշինյանը փորձեց աղբարկղ նետել՝ զրոյացնելով պրոցեսը, ամեն դեպքում, այն, ինչ եղել է, կա։ Պայմանավորվածություններ կան այդ ուղղությամբ՝ առնվազն եռանախագահներն իրենք չեն ասել, որ այդ պայմանավորվածությունները գոյություն չունեն»,- եզրափակեց Տիգրան Քոչարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում