Տիրան Խաչատրյանի ակնարկը՝ Աղդամով Ադրբեջանի հետ առևտուր անելու առաջարկ անող Սամվել Բաբայանին

Այսօր Արցախի անկախության օրվա կապակցությամբ ակցիա է իրականացվում Երևանում՝ հաջակցություն Արցախի, որին մասնակցում է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը:

Պատեհ առիթն օգտագործելով՝ լրագրողները նրանից փորձել են ճշտել՝ երեկվանից Սոթքի ուղղությամբ սադրիչ գործողություններով Ադրբեջանն ի՞նչ խնդիր է փորձում լուծել, ինչին ի պատասխան՝ գեներալը նշել է, որ ինքը դրանք կապում է այսօր Արցախի և ՀՀ քաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումների հետ:

«Ցավոք սրտի, դրանք առանց կորուստների չեն լինում, և պետք է ասեմ, որ մեր զինծառայողներն էլ համապատասխան քայլեր իրականացրել են և ցույց են տվել, որ կարող են խնդիր կատարել: Բայց հիմնականում, իմ պատկերացմամբ, դրանով Ադրբեջանի կողմից փորձ արվեց ցույց տալ, որ մի փորձեք մեր ուզածից շեղվել, ինչ մենք ուզում ենք, այդպես պետք է լինի, և այն, ինչ մենք թելադրում ենք, դուք պարտավոր եք դա կատարել: Դա է ուղղվածությունը, այստեղ այլ հեռահար կամ կոնկրետ մեծ խնդիրներ լուծելու համար հարցեր ես դեռևս չեմ նկատել»,- ասել է Տիրան Խաչատրյանը:

Դիտարկմանը՝ Ադրբեջանի 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչելով, կարող ենք ՀՀ 29.800 քկմ տարածքային ամբողջականությունը երաշխավորել, ԳՇ պետի նախկին տեղակալը բացասական պատասխան է տվել:

Կարդացեք նաև

«Իհարկե՝ ոչ, ինչո՞վ է դա երաշխավորվելու, կամ ո՞վ է դա երաշխավորելու: Չկա էդպիսի բան և չի կարող լինել: Եթե կա մոտեցում, որով պահանջներ է ներկայացվում անընդհատ իրենց ցանկություններն առաջ տանելու՝ առանց հաշվի առնելու դիմացը նստածի կամ բանակցողի կարծիքը, բնականաբար, այդ պահանջները շարունակական են լինելու այնքան ժամանակ մինչև այլևս բան չլինի պահանջելու: Այսինքն, դա նշանակում է՝ քանի դեռ 29.800 քկմ-ից գոնե զրո-զրո ինչ-որ քկմ էլ մնացած լինի, պահանջելու են, ուզելու են»,- շեշտել է Տիրան Խաչատրյանը:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը փուլային լուծում է առաջարկել Լաչինի միջանցքի և Աղդամի ճանապարհի բացման համար: Այսինքն, ըստ նրա, Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի, Աղդամի ճանապարհն էլ կարող է հրատապ լուծում լինել մատակարարումների համար:

Տիրան Խաչատրյանի դիտարկամբ, ի սկզբանե պարզ էր, որ Աղդամի ճանապարհի բացումն առաջին քայլն է Արցախն Ադրբեջանի կազմում ինտեգրելու:

«Եվ այն, որ այսօր Արցախի իշխանությունները և ժողովուրդը միասնական ձևով դրան դեմ են արտահայտվում, ինձ համար շատ ուրախալի է, նրանք պարզ հասկացնել տվեցին, որ դեմ ենք այդ ինտեգրմանը: Եվ երբեք չի լինելու այնպես, որ Ադրբեջանի հետ ձուլման գործընթացը սկսվի»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Աղդամի ճանապարհը Լաչինի միջանցքի հետ կապ չունի, միջանցքը պիտի գործի:

Լրագրողների դիտարկմանը, որ որոշ գործիչներ ասում են, թե՝ «Ասկերանի շրջանում հնարավոր է շուկա բացել և ադրբեջանցիների հետ առևտուր անել», ինչը համերաշխության մթնոլորտ կարող է ձևավորել, Տիրան Խաչատրյանը նախ նշել է, որ նման բան սկզբում ասել է ադրբեջանական քարոզչամեքենան, ընդ որում, ոչ թե Ասկերանի, այլ Ակնայի տարածքում՝ Ասկերանի մերձակայքում, հետո այլ հայտարարություններ են հետևել, թե ինչպես պիտի արցախցիների անձնագրերը, մեքենաների համարները ստուգեն:

«Այն մարդիկ, որոնք այդպիսի արտահայտություններ են անում, ուղղակիորեն կողմնակից են, որ Արցախը, արցախցին ձուլվի Ադրբեջանին: Եվ ովքեր որ այդպիսի մոտեցումներին կողմ են, իրենք դավաճան մոտեցում են ցուցաբերում»,- ընդգծել է Տիրան Խաչատրյանը:

Նշենք, որ Սամվել Բաբայանը մեկ անգամ չէ, որ տարբեր հարցազրույցների ժամանակ հայտարարել է, որ Ասկերանի շրջանի «բերանին» Ադրբեջանի հետ առևտուր անելու պայմաններ ստեղծելու մասին պետք է մտածել:

«Հակարիի կարմրջի փակվելուց հետո իմ առաջարկն այն է եղել, որ փորձենք ստիպված այդ ճանապարհով առևտուր անել, բայց ոչ թե Աղդամի, այլ Ասկերանի և Աղդամի սահմանի վրա, այնտեղ պետք է կենտրոն ստեղծենք, այսպես ասած՝ «Սադախլո», որպեսզի կարողանանք և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից առևտուր անենք, հարթենք, կոնֆլիկտի չգնանք ու վիճակը չլարենք»,- մասնավորապես, «Մեդիահաբի» հետ զրույցում ասել էր Բաբայանը:

Իսկ լրագրողների հետ զրույցում Տիրան Խաչատրյանը պատասխանել է նաև հարցին, թե այսօր առանց ուժի գործադրման իրավիճակի հանգուցալուծում հնարավոր չէ, ՀՀ-ն և Արցախն ունե՞ն այսօր ուժի գործադրման ներուժ, քանի որ մեզ վախեցնում են՝ եթե պարտվենք:

«Իսկ եթե մեռնե՞նք, իսկ եթե ոչնչանա՞նք, դրանով չե՞ն վախեցնում: Եթե-ներն անհիմն արդարացումներ են, որոնք ընդամենը մարդկանց վախի մեջ պահելու տրամադրվածություն են ստեղծում՝ թույլ չտալու պայքարել հանուն ավելի վեհ գաղափարների»,- եզրափակել է ԳՇ պետի նախկին տեղակալը:

Տեսանյութեր

Լրահոս