Անդրանիկ Քոչարյանի մեսիջները և զգուշացումը Նիկոլ Փաշինյանին

Արցախյան ներքին քաղաքական զարգացումների և, մասնավորապես, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հայտարարության, հայկական պետության նախկին նախագահ Բակո Սահակյանի, իրենց բնորոշմամբ՝ «մարդկանցից» Սամվել Շահրամանյանի՝ երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու հեռանկարը ծանր են տարել իշխանություններն ու իշխանամերձ գործիչները:

Ավելին, Արայիկ Հարությունյանի հրաժարականի որոշման մասին հայտարարությունից հետո այսօր առավոտից Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական կողմը սադրանքի է դիմել, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ «չերևացող պրոցեսներ են եռում, և Ադրբեջանում շատ անհանգիստ են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարող է երերալ, և նա ՀՀ-ում կորցնի իշխանությունը»: Այսինքն, Ադրբեջանի այսօրվա սադրիչ գործողությունները ՀՀ-ում Փաշինյանի իշխանությունը պահելու փորձ էր:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, թե՝ «ամենևին չեմ զարմանա, եթե պարզվի՝ Վարդենիսում թշնամու ագրեսիան իրականացվել է նիկոլի խնդրանքով կամ նիկոլ-ալիև զույգի գծագրած սցենարով»։

Կարդացեք նաև

«Բանն այն է, որ արցախյան զարգացումները հույսի նշույլ են ստեղծել, որ Հայաստանը ծնկած վիճակից ոտքի է կանգնելու։ Իսկ դա հակասում է «ասֆալտ՝ Հայրենիքի դիմաց» ծրագրի կապալառու նիկոլին ու պատվիրատու ալիևին»,- շեշտել է նա:

Թե որքանով են ՔՊ-ականները տեսնում կամ զգում իրենց քաղաքական առաջնորդի իշխանության վախճանի հնարավորությունը և երերուն լինելը, կարող ենք միայն ենթադրել Արայիկ Հարությունյանի հրաժարականի արձագանքներից և շրջանառության մեջ դրված այն վախվորած թեզերից, թե «ղարաբաղյան կլանը» կարող է վերադառնալ:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը գուցե անձնական պատկերացումներից ելնելով՝ կտրականապես դեմ է արտահայտվում Արցախում ղեկավար կազմի փոփոխությանը և տարբեր հարցազրույցներում նշում է, որ չպետք է թույլ տան, որ նույն բանը լինի նաև ՀՀ-ում: Մյուս կողմից, վերջին շրջանում տարբեր հարցազրույցներում Անդրանիկ Քոչարյանն անվտանգային խնդիրների և բանակի մասին խոսելիս կարծես թե մեսիջներ է հղում Նիկոլ Փաշինյանին: Ավելին, Անդրանիկ Քոչարյանն իր խոսքի տողատակերում խոսում է չլուծված խնդիրների մասին, որոնք պետք է լուծված լինեին իրենց իշխանության օրոք:

Եվ այսպես՝

NEWS.am-ի հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերին, նշել է.

«Այո, մենք ներսում ունենք չլուծված խնդիրներ: Եթե մենք այսօր ունենք չլուծված խնդիր, վաղը դա պետք է չլինի: Եթե դեռ կա չլուծված խնդիր, որի լուծումը դեռ իրականությունից հեռու է, ուրեմն մենք մեր աշխատանքի մեջ ինչ-որ տեղ թերացել ենք: Մենք ունենք իրողություն, որը պետք է հաղթահարված լիներ: Դրա համար մեծ ջանքեր են պահանջվում և՛ հրամանատարությունից, և՛ զինվորից, և՛ զինվոր-հրամանատար, բանակ-հասարակություն փոխհարաբերությունից, և՛ նաև լրատվական դաշտի ու զինված ուժերի փոխըմբռնումից: Միայն բանակի ուսերին թողնել այս ծավալուն խնդիրների լուծումը, մեզ ոչ մի տեղ չի հասցնելու»:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Անդրանիկ Քոչարյանն ընդունում է, որ այսօր բանակում կան խնդիրներ, որոնք պիտի վաղուց լուծված լինեին, և դա չի վերաբերում միայն նախկիններին (ինչպես իրենք շարունակ հայտարարում են), և, որ եթե այսօրվա խնդիրների լուծումը հեռու է իրականությունից, ապա դա, բնավ, լավ չէ:

Երկրորդ՝ Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ ծավալուն խնդիրների լուծումը չի կարելի թողնել  միայն բանակի ուսերին: Եվ որքան էլ Անդրանիկ Քոչարյանն այստեղ հրապարակավ նկատի ունենա, որ զինվորը չպետք է և՛ խրամատ փորի, և՛ դիրք պահի, այսինքն՝ հասարակությունը պիտի օգնի, ապա չի բացառվում, որ այստեղ տողատակ և մեսիջ կա նաև Նիկոլ Փաշինյանին՝ անվտանգային խնդիրները չպետք է թողնել միայն բանակի ուսերին, պետությունը և նրա ղեկավարը ևս պիտի զբաղվի նման հարցերով և լուծի դրանք:

«Ֆակտորի» հետ զրույցում էլ խոսելով դիրքերի, բնագծերի կահավորման խնդիրների, նոր զորամասերի հետ կապված հարցերի մասին, Անդրանիկ Քոչարյանը խոստովանել է. «Եթե մենք այդ աշխատանքներում թերանանք, հաջորդ ընտրությունների ժամանակ մեր ժողովուրդն իր քվեի միջոցով իր տեսակետը կհայտնի, և գուցե կհայտնվեն մարդիկ, որոնք ավելի լավ կանեն: Բայց այդ մարդկանց հայտնությունը կախված է նրանից, թե մեր իշխանություններն ինչպիսի կայուն երկիր պիտի պահեն, որպեսզի դրանք չշահարկվեն քաղաքական դաշտում»:

Այսինքն, Անդրանիկ Քոչարյանն անուղղակի ձևով զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին, որ եթե բանակի, դիրքերի, երկրի անվտանգության կայունության հետ կապված խնդիրները չլուծվեն, հաջորդ ընտրություններում Փաշինյանը չի կարող հաղթել, և եթե այսօր ընտրություններ լինեին, դարձյալ չէր կարող: Իսկ ինչպե՞ս է այդ դեպքում 2021-ին՝ պատերազմում պարտությունից հետո, հաղթել, թողնում ենք առանց մեկնաբանության:

Իսկ «Ազատության» հետ հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել էր 44-օրյա պատերազմում պարտության պատճառներին, և որքան էլ սլաքը նախևառաջ ուղղել էր նախկին իշխանություններին, ամեն դեպքում, կամա թե ակամա ընդունել էր՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմից առաջ չի լուծել մի շարք խնդիրներ, այդ թվում՝ զրահաբաճկոնների հետ կապված, մոբ ուժերի տեղանքին ծանոթ չլինելու:

«Կառավարելիության զրոյական մակարդակն ինչի արդյունքում էր՝ չպատրաստված պահեստազորի, ինչի է բացակայել պահեստազորը: Միայն պահեստազորի ընթացքում արագ ընթացակարգով պատրաստել մարդկանց, որոնք ոչ տեղանքը գիտեին, ոչ իրենց հրամանատարներին գիտեին, ոչ սպառազինության կիրառման հետ էին ծանոթ, ոչ ունեին համապատասխան «կահավորանքը»՝ բռոնի ժիլետ, կասկաներ, էլեմենտար բաներ եմ ասում: Բայց նախկին իշխանություններն էդ ժառանգությունը տվել էին նոր իշխանությանը, նոր իշխանություններն էլ իրենց նաև անփորձության միջավայրում էդ խնդիրների արագացման մեջ ունեին չլուծված հարցեր արձանագրած»:

Այսինքն, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահն արձանագրում է՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ ունեցել ենք կառավարելիության զրոյական մակարդակ, պատերազմի դաշտ ուղարկված պահեստազորը տեղանքին և հրամանատարին ծանոթ չի եղել, չի ունեցել համապատասխան հանդերձանք:

Ո՞վ է սրա համար պատասխանատու, եթե ոչ երկրի ղեկավարը և գերագույն հրամանատարը, որն իշխանությունը ստանձնելուց հետո պետք է ծանոթանար պատերազմի մեջ գտնվող երկրի ունեցած-չունեցածին:

Նշենք, որ 2022 թվականի ապրիլի 13-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր», 2022 թվականի ապրիլի 25-ին 168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր.

«Նախ նշեմ, որ ՀՀ կառավարության կողմից վերահաստատված «Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրում» նշվում է ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերումների ընդհանուր պահանջարկն առնվազն 5 տարվա կտրվածքով և բաշխված է՝ ըստ տարիների: Այն իր մեջ ներառում է և՛ այդ իրավիճակում զինված ուժերի կիրառման ապահովումը, և՛ խաղաղ պայմաններում զինված ուժերի ամենօրյա գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքի հաշվարկման քանակական և մոտարկված ֆինանսական միջոցների պահանջարկը:

Քանի որ այդ պահանջարկը գերազանցում է պետական բյուջեի հնարավորությունները, հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից հատկացվող ֆինանսական միջոցները, ՀՀ պաշտպանության նախարարությունը հնարավորինս բաշխում է կատարում տարեկան պաշտպանական ծախսերում՝ ըստ առաջնահերթությունների: Չեմ կարծում, որ հազարավոր անուն նյութական և ֆինանսական միջոցների պահանջարկի դեպքում ես կամ որևէ այլ պաշտոնյա պետք է ՀՀ վարչապետի ուշադրությունը կենտրոնացներ հենց սաղավարտների և զրահաբաճկոնների վրա, մասնավորապես այն պարագայում, երբ յուրաքանչյուր տարի դրանք հնարավորինս ձեռք են բերվել՝ ըստ ՀՀ գլխավոր շտաբի կողմից ներկայացված օպտիմիզացված հայտերի:

44-օրյա պատերազմի ժամանակ զինված ուժերը համալրված են եղել զրահաբաճկոններով և սաղավարտներով, իսկ զորահավաքի պահանջարկը բավարարված է եղել մասամբ»:

Սրանից առաջ՝ 2022 թվականի ապրիլի 18-ին, Տոնոյանը նաև հայտարարություն էր տարածել.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին Ազգային ժողովում ասել է, որ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր»:

Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ»:

Հիշեցնենք, որ 2020թ. հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով դիմել էր վերջին մեկ տարվա ընթացքում ժամկետային զինծառայությունն ավարտած, զորացրված և քաղաքացիական կյանքում գտնվող զինվորներին և, մասնավորապես, նշել. «Տղե՛րք, հայրենիքն այսօր ունի ձեր կարիքը։ Ով ունի պատահաբար սաղավարտ, զրահաբաճկոն, որովհետև ասում եմ` սա մոբ ռեսուրսի մեջ չի մտնում և ընդհանրապես նախատեսված էլ չի, կամ եթե ուրիշ մարդիկ ունեն տաք բուշլատներ, եթե կան սաղավարտներ ու զրահաբաճկոններ, իրենք էլ ուղղակի տանեն, թողնեն դրանք կենտրոնական հավաքակայանում»։

Մեկ այլ լրատվամիջոցին տված հարցազրույցում պատերազմի մասին շատ կոնկրետ տեղեկություններ ունենալու առումով Անդրանիկ Քոչարյանն ընդունել է, որ ունեցել են հետախուզության հետ կապված խնդիրներ, այսինքն, չեն ունեցել այն աղբյուրները, որոնց միջոցով մեր հետախուզական տվյալները պետք է լինեին լիարժեք։ Իհարկե, սա քննարկման այլ թեմա է, որին անդրադարձել ենք։

Տեսանյութեր

Լրահոս